Բաժիններ՝

Թուրքական Altay տանկի զանգվածային արտադրությունը կմեկնարկի 2016 թվականի վերջին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել թուրքական արտադրության առաջին տանկի՝ Altay-ի զանգվածային արտադրություն սկսելու ժամկետը: Թերթի պնդմամբ՝ դա տեղի կունենա 2016 թվականի վերջին, երբ տանկն արդեն իսկ պատրաստ կլինի շահագործման համար:

Տանկի զանգվածային արտադրությունն իրականացվելու է երկրի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում: Altay տանկի առաջին նախատիպը ստեղծվել է 2012 թվականին, իսկ 2013 թվականի հուլիսին տանկը հաջողությամբ փորձարկվել է:

2007 թվականի մարտին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) Altay տանկի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրել թուրքական Otokar ընկերության հետ: Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը կազմված կլինի 250 տանկից, իսկ մեկ տանկի արժեքը կկազմի 5.5 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորում է գնել 1000 տանկ: Դրանց արտադրությունն իրականացվելու է 4 փուլով. յուրաքանչյուր փուլում արտադրվելու է 250 մեքենա: Ենթադրվում է, որ տանկի քաշը կազմելու է 60 տոննա, այն ունենալու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ և 120 միլիմետր տրամաչափի հրանոթ:

Հիշեցնենք, որ Altay տանկն իր անվանումը ստացել է բանակի գեներալ Ֆահրեթթին Ալթայի պատվին, որ 1919-1923 թվականներին քեմալական շարժման ժամանակ գլխավորել է 5-րդ հեծյալ կորպուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս