
Ծառուկյանը կորցրեց նաև ԲՀԿ-ն

Այսօր կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, որին սպասում են քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր: Բացի իշխանություններից, իհարկե, քանի որ իշխանությունը գիտի՝ ինչ է լինելու ԲՀԿ-ում: Գիտի, որովհետև ընդամենը երկու շաբաթների ընթացքում կարողացավ «չարիքի դեմ» պայքարող ու խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը համարվող կուսակցությունը դարձնել «կառուցողական ուժ»:
Թե, ի վերջո, քանի՞ հոգի կմնա ԲՀԿ-ում՝ պարզ կդառնա այսօրվա համագումարից հետո: Հայտնի է արդեն, սակայն, որ ԲՀԿ-ում գործնականում չի մնա Գագիկ Ծառուկյանը, ում անվան շուրջ կառուցված էր «երկրորդ քաղաքական ուժը»: Ծառուկյանը վերջին տարիներին միշտ հայտարարում էր, թե վստահությունից բացի՝ կորցնելու ոչինչ չունի: Պարզվեց՝ ունի: Բացի վստահությունից, նա կորցրեց նաև սեփական կուսակցությունը: ԲՀԿ-ականները երեկ արդեն հայտարարում էին, որ ԱԺ առաջիկա քառօրյայում ԲՀԿ-ն հանդես կգա ընդդիմադիր ուժ դառնալու մասին հայտարարությամբ:
Ստացվում է, որ ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դառնալուն խանգարում էր Գագիկ Ծառուկյանը, ով անցած տարի ուղիղ հայտարարել էր՝ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Ծառուկյանն ապացուցեց, որ գոնե այդ իմաստով՝ իր խոսքը գործ է: Հիմա ԲՀԿ-ն կդառնա իշխանության ընդդիմությունը՝ ոչ թե իշխանության դեմ պայքարելու, այլ իշխանությանը «պատկանելու» իմաստով:
Սրանով վերջ կդրվի այն արհեստականությանը, որով Հայաստանի քաղաքական դաշտն ապրում էր առնվազն վերջին մի քանի տարիներին: ԲՀԿ-ի ամենազորության փուչիկը պայթեց՝ իր հետ պայթեցնելով նաև բոլոր այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր Հայաստանի փրկությունը կապում էին ԲՀԿ-ի հետ: