Վիճակագիրներն անսասան են՝ մեր լեռների պես
Բոլորովին վերջերս անդրադարձել էինք անշարժ գույքի գների «հանելուկին»՝ ըստ պաշտոնական վիճակագրության։
Հանելուկն այն էր, որ ըստ այդ տվյալների՝ Երևան քաղաքում անշարժ գույքի գները մեկ տարվա կտրվածքով գրեթե չեն փոխվել կամ չնչին փոփոխություն են կրել։ Ասենք, Կենտրոնում 2013 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքում բնակարանի 1 քառակուսի մետրն արժեցել է 428 հազար դրամ, մեկ տարի անց` 2014 թվականի դեկտեմբերին, նույն 428 հազար դրամն է։ Արաբկիրում 356 600 դրամ գինը նույնպես մեկ տարվա ընթացքում մնացել է անփոփոխ։ Ընդհանուր առմամբ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի գինը տարվա կտրվածքով թանկացել է 482 դրամով կամ 0.18%-ով։ Այսինքն` գները չեն փոխվել։
Նշել էինք, որ սա երկու բան է նշանակում։ Կամ իրականում դոլարային արտահայտությամբ գները նվազել են՝ դրամով մնալով նույնը (քանի որ նախորդ տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14-15%-ով)։ Կա՛մ էլ վիճակագիրները պարզապես ալարել են գները ճշգրտել՝ ըստ փոխարժեքի։
Մեր այս ձևակերպումը բավականին ցավոտ էր ընդունվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (նրանք են վիճակագրական ծառայությանը տվյալներ տրամադրում)։ Ի՞նչ ալարել, ի՞նչ անփութություն՝ թվերը հիմնավորված են…
Գների տարօրինակ անշարժության ոչ պաշտոնական հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ փոխարժեքի կտրուկ տատանումը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին, և զեկույցը կազմողները չեն հասցրել ճշգրտել տվյալները (երբեմն այդպես պատահում է, ասենք՝ ամսական գնաճի ցուցանիշը հաշվարկվում է մինչև տվյալ ամսի ավարտը, հետո կարող է ճշգրտվել)։
Որոշեցինք սպասել, մինչև հրապարակվեն նաև 2015 թվականի հունվարի ցուցանիշները։ Անկեղծ ասած, սպասում էինք, որ գները փոխված կլինեն՝ դրամի արժեզրկմանը համապատասխան։ Որովհետև թե՛ առողջ տրամաբանությունը, թե՛ անշարժ գույքի շուկայի մասնակիցների հետ զրույցները վկայում են այն մասին, որ անշարժ գույքի դեպքում գնորդներն ու վաճառողները հիմք են ընդունում դոլարը և դոլարի թանկացման հետևանքով՝ անշարժ գույքի գները դրամային արտահայտությամբ պետք է բարձրանային։
Իսկ հիմա տեսեք այս աղյուսակը, որը վերցրել ենք հունվարյան զեկույցից։
Ինչպես տեսնում եք՝ գները չեն փոխվել անգամ հունվարին։ Ոչ մի ճշգրտում չկա։ Ու քանի որ մեր վիճակագիրների պատասխանատվության վրա չենք կասկածում, մնում է միայն մեկ բացատրություն՝ անշարժ գույքի իրական գները (դոլարային արտահայտությամբ) տարվա կտրվածքով նվազել են 14-15%-ով։ Իսկ նման նվազումը խոսում է փոսի մեջ հայտնված տնտեսության մասին։ Սա ոչ թե մենք ենք փորձում ապացուցել, այլ ապացուցում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով Կադաստրի տվյալների վրա։