Վրաստանը փորձում է կանխել ռուսական ներխուժումը՝ ջավախահայերին զրկելով երկքաղաքացիությունից. ինչո՞ւ նրանք չեն հրաժարվում ՌԴ անձնագրերից

Թեև փետրվարի սկզբին Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին հանդիպեց Սամցխե-Ջավախքը ներկայացնող պատգամավորներ հետ՝ շրջանի բնակիչների երկքաղաքացիության հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ջավախահայերի բողոքները շարունակվում են. Նրանք զրկված լինելով երկքաղաքացիության իրավունքից՝ շարունակում են ժամանակավոր կացության իրավունք ստանալ անձնագրային բաժանմունքներից, քանի որ Վրաստանն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին Վրաստանում լինել 90 օրից ավելի: Իսկ ջավախահայերը մեծամասնությամբ նախընտրում են ռուսական և հայկական քաղաքացիությունից չհրաժարվել՝ արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված դժվարություններից խուսափելու համար:

Arnold Stepanyan168.am-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ նախարարն իրեն վստահություն չի ներշնչում, քանի որ նա հաճախ զգացմունքային է և ոչ կառուցողական: Թեև Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նախարարն իր՝ Ախալքալաք կատարած այցի ժամանակ մի քանի ջավախահայերի Վրաստանի անձնագիր է հանձնել և հայտարարել, որ օրենքի վերանայման գործընթացը սկսվել է, հայերը կարող են անձնագրեր ստանալու համար դիմել: «Սա նշանակում է հետևյալը՝ եթե մարդը ծնվել է Վրաստանում և այլ երկրի քաղաքացիություն ունի, այդ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում սեղմ ժամկետներում Վրաստանի քաղաքացիություն կստանա: Նախագահին դիմելու դեպքում նույնիսկ բացառություններ կլինեն, բայց դա կլուծի փոքրաթիվ անձանց խնդիրը, ինչը նշանակում է, որ խնդիրը պահպանվում է»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ իր շփումների արդյունքում նկատել է, որ Վրաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են` ինչպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, սակայն նրանց անհանգստացնողը Վրաստանի անվտանգության գործոնն է: «Գիտեք, որ ՌԴ-ն օկուպացրել է Վրաստանի երկու խոշոր տարածքները` Հարավային Օսեթիան և Աբխազիան՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետևանքով: Ռուսական ռազմական ներկայիս դոկտրինում երկու կետ է գործում` 22-րդ, 27-րդ, որը ենթադրում է` եթե Ռուսաստանի քաղաքացիները դիսկրիմինացիայի են ենթարկվում մեկ այլ երկրում, ապա ՌԴ-ն կարող է կիրառել իր զինված ուժերը, այլ զորքերը և այլ կառույցները՝ նրանց պաշտպանելու նպատակով:

Այսինքն` այս օրենքով նրանց անհանգստությունն է արտահայտվում, և դրա հետևանքով նրանք խնդիրներ են առաջացնում վրաստանաբնակների համար: Թեև այս հարցում ես այնքան էլ համաձայն չեմ ՌԴ իշխանությունների հետ: Կարծում եմ, որ ստորադասելով այն մարդկանց շահերը, ովքեր ապրում են Վրաստանում, բումերանգի էֆեկտով անվտանգության խնդիրներ են առաջացնելու նույն այդ անվտանգության խնդիրներից վախեցող իշխանությունների համար: Ուստի ես չեմ կարծում, թե այս օրենքն իրավիճակի ճիշտ ելքն է: Այս քայլն այլ խնդիրներ է ծնելու»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը` հստակեցնելով, որ այս օրենքը կապ չունի Ասոցացման համաձայնագրով նախատեսվող միգրացիոն խստացումների հետ, քանի որ Արդարադատության նախարարն ուղիղ պատասխաններ չի տալիս այդ մասին հարցերին:

Կարդացեք նաև

Հարցին, թե ջավախահայերը պատրա՞ստ են հրաժարվել ռուսական անձնագրերից, պատասխանեց, որ այս հարցում էական գործոնը տնտեսական տրամադրություններն են, քանի որ ջավախահայերն աշխատելու նպատակով հաճախ են մեկնում Ռուսաստան և վերադառնում են տարին մեկ անգամ: «Այսինքն` այդ դեպքում կարող են ընտրել ռուսական քաղաքացիությունը կամ Վրաստանում 90-օրյա կացության իրավունքը, քանի որ Վրաստանի քաղաքացիությունն իրենց համար հավելյալ խնդիրներ կստեղծի Վրաստանից ՌԴ աշխատանքի մեկնելիս»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

168.am-ի հետ զրույցում Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ասաց, որ Վրաստանի իշխանությունները կարծես սկսել են խնդրի դիտարկման գործընթացը, խոստումներ տրվել են: Բայց, ըստ նրա, այդ խնդիրների շուտափույթ կարգավորում դժվար է ակնկալելը, որովհետև օրենսդրական նորմերով նախատեսված են այն բոլոր հանգամանքները, որոնց դեպքում տրվում է քաղաքացիություն կամ կացության իրավունք: «Պարզապես կացության խնդիրը պետք է լուծվի, որովհետև հիմնականում այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացիություն, հանդիսանալով Վրաստանի քաղաքացիներ, ստիպված են հրաժարվել մեկ քաղաքացիությունից: «Պահել Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի քաղաքացիությունը» հարցը համլետյան հարց է դարձել»,- նման կարծիք հայտնեց Ֆյոդոր Թորոսյանը:

Ըստ ջավախահայ Թորոսյանի՝ այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները ևս արդյունքների հանգեցնող քայլեր չեն իրականացնում, չեն աջակցում ջավախահայերին, ինչի կարիքը, նրա հավաստիացմամբ, կա: «Այսինքն` նրանք չեն ձգտում Վրաստանի հետ կնքել երկքաղաքացիության իրավունքը ճանաչելու պայմանագրեր, և այլն, եթե այդ խնդիրը Հայաստանը պետական մակարդակով դներ, որոշակի դյուրացումներ կիրականացվեին: Բացարձակապես խնդիր չէր առաջանա ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ ազգությամբ հայերի համար»,- ասաց Ֆյոդոր Թորոսյանը՝ ամփոփելով, որ ջավախահայերը ոչ մի կերպ չեն զգում ՀՀ իշխանությունների աջակցությունը:
 

Տեսանյութեր

Լրահոս