Հայաստանը դասեր պետք է քաղի. Անդրեյ Պիոնտկովսկի
168.am-ի զրուցակիցն է ռուս հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին:
– Պարոն Պիոնտկովսկի, ուրբաթ ուշ երեկոյան Մոսկվայի կենտրոնում դաժանորեն սպանվեց ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Ռուսաստանցի որոշ գործիչներ, վերլուծելով այն փաստերը, որոնք արդեն իսկ հայտնի են, պնդում են, թե սպանությունը մանրակրկտորեն մշակված օպերացիա էր և կատարման վարպետությամբ տարբերվում էր ՌԴ-ում հայտնի քաղաքական սպանություններից, նոր մակարդակ էր, եթե, իհարկե, հաստատվի, որ սա ևս քաղաքական սպանություն էր: Ի՞նչ էր տեղի ունեցածը՝ ըստ Ձեզ:
– Ինչպես ճիշտ նշեցիք, սպանությունը տեղի ունեցավ Կրեմլի հարևանությամբ, մի տարածքում, որը հսկվում է բազում տեսանկարահանող սարքերի կողմից, որտեղ անվտանգության պատասխանատուները ՌԴ նախագահի վերահսկողական ծառայության, թիկնազորի ներկայացուցիչներն են, դա մի տարածք է, որտեղ մշտական ներկա են լինում Ոստիկանության պարեկային ծառայությունները: Այս ամենով հանդերձ՝ սպանությունը այդ տարածքում հնարավոր դարձավ, և սրա առնչությամբ հարցերը շատ-շատ են, իսկ սլաքները տանում են իշխանության մոտ: Ենթադրում եմ, որ այս սպանությանը կգնային մարդիկ, որոնք ամբողջությամբ վստահ էին իրենց անպատժելիության վրա, այսինքն` մարդիկ, ովքեր վերահսկում են հատուկ ծառայություններին: Այսինքն` ՌԴ իշխանությունների ամենաբարձր պաշտոնյաները: Ինձ այս պահին հետաքրքրում է միայն մեկ հարց` սա Պուտի՞նն է կարգադրել, թե՞ նրա նեղ շրջապատի ներկայացուցիչները` Իվանովը, Պատրուշևը, Պորտնիկովը: Եթե Պուտինն է, ապա մոտիվն անձնական ատելությունն է, քանի որ Նեմցովը ոչ միայն Պուտինի քաղաքական ընդդիմախոսն ու հակառակորդն էր, այլև անձնական թշնամին, քանի որ անձնապես Պուտինին Նեմցովը չափազանց կտրուկ քննադատության էր ենթարկում: Իսկ եթե մերձավորները, ապա դա, ըստ էության, նույն բանն է և առնչվում է Նեմցովի հատկապես քաղաքական գործունեությանը:
15 տարի է՝ սպանվում են Պուտինի հակառակորդները, և մշտապես ասում են մեկ բան, թե Պուտինի հակառակորդներն են կանգնած այդ սպանությունների ետևում, իբրև թե մատուցում են «ծիսական զոհեր»՝ Պուտինին վնասելու համար: Սա նույնիսկ այսօր քննարկելն անլուրջ է:
– Քաղաքական իմաստով սա ի՞նչ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար:
– Սա նշանակում է, որ Ռուսաստանն ավտորիտար ռեժիմից թևակոխում է ֆաշիստական ռեժիմի, բայց դա ինձ համար ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ ՌԴ արտաքին քաղաքականությունը «Ռուսական աշխարհի» կոնցեպցիայի շրջանակում արդեն ֆաշիստական քաղաքականության արտացոլումն է` 30-ական թվականների գերմանական քաղաքականությունը: Իսկ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, կամ՝ հակառակը: Այսինքն` արտաքին քաղաքական ֆաշիզմը տեղափոխվեց նաև ներքին կյանք: Չէ՞ որ նախորդ տարվա մարտ ամսին իր հայտնի ելույթում Պուտինը խոսեց «ազգային դավաճանների» մասին: Անտիմայդան ակցիաների ժամանակ պատերազմի ընդդիմախոսներին անվանում էին դավաճաններ և սպառնում էին մահվամբ: Սա նախապես հայտարարված սպանություն էր, նման սպանությունների մասին խոսում էին, սա ՌԴ քաղաքական կյանքի զարգացման նոր փուլն է:
– Այս նոր փուլից ի՞նչ հետևություններ պետք է անեն ՌԴ լիբերալ ուժերը, այդ թվում՝ և Դուք, ով մշտապես հանդես է գալիս՝ ընդդեմ Պուտինի գործողություններին Ուկրաինայում:
– Օրինակ` երեկ Մոսկվայում բազմամարդ երթ անցկացվեց Պուտինի հակառակորդների կողմից: Իմ մոտավոր հաշվարկներով՝ այդ երթին մասնակցեց մոտավորապես 70 հազար մարդ: Շատերը հեշտությամբ պնդում են, որ եթե Պուտինը ցանկանա՝ կարող է ավելի շատ մարդ դուրս բերել փողոց: Անկեղծ ասած, ես խիստ կասկածում եմ: Կարող են վճարել մասնակցության համար, ավտոբուսներով մարդ բերել, ինչպես Անտիմայդան ակցիաների ժամանակ, սակայն 70 հազար անկեղծ մարդ Պուտինի կողքին չի կանգնի երբեք: Մեր դիրքորոշումը հստակ է և, բարեբախտաբար, այդ դիրքորոշումը չի կոտրվել: Միակ բանը, որ մեզ մնում է անել՝ մասսայական ակցիաների ուղղությամբ աշխատանքներն են և այդ մասին հոդվածների հրապարակումը, այսինքն` լուսավորչական գործունեությունը:
– Պարոն Պիոնտկովսկի, տեղի ունեցածը մարտահրավեր է նաև հետսովետական երկրների համար, մտածելու կարիք ունեն նաև հետսովետական երկրները՝ գոնե այն պատճառով, որ Նեմցովը մշտապես գոնե հռետորաբանության մակարդակում կանգնած է եղել հետսովետական երկրների լիբերալ ուժերի կողքին` կոչ անելով համախմբվել և ձերբազատվել հետսովետական Ռուսաստանի պարտադրած քաղաքականությունից: Այս իրավիճակից ինչպիսի՞ դասեր պետք է քաղեն հայաստանյան լիբերալ ուժերը:
– Պետք է դիտարկել Ռուսաստանի հետ իրենց ապագան կապող երկրների հասարակություններին, քաղաքացիական հասարակություններին, լիբերալ ուժերին, իշխանություններին: Այդ երկրների իշխանությունները, այդ թվում՝ դիկտատորական ռեժիմները, զգում են Ռուսաստանի, ՌԴ ներկայիս նախագահ Պուտինի նոր գաղափարների, ընդլայնման սպառնալիքը: Լուկաշենկոն այդ մասին բացարձակապես բաց տեքստով է խոսում, որ Ռուսաստանը փորձում է «կուլ տալ» Բելառուսին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով՝ ՀՀ իշխանությունները որոշեցին 100%-ով ենթարկվել Ռուսաստանին` հույս ունենալով, որ Մոսկվան կաջակցի Երևանին որոշ խնդիրներում, հատկապես ԼՂ հակամարտությունում: Բայց Մոսկվան այս հարցում չի նախընտրում որևէ կողմին և օգտագործում է ԼՂ հակամարտությունը, որպեսզի մանիպուլյացնի Բաքվին և Երևանին միաժամանակ: Այս ամենի վտանգավորության աստիճանը Հայաստանում գիտակցված է, լիբերալ գործիչները հասկանում են, որ Մոսկվան կվարվի այնպես, ինչպես հարմար կգտնի իր ազդեցությունը Կովկասում մեծացնելու նպատակով: Այս ամենը հասկանալով` ՀՀ իշխանությունները պետք է քաղաքականություն փոխեն, քանի որ ՌԴ ներկայիս իշխանությունները ժամանակի ընթացքում ավելի ու վտանգավոր են դառնում հատկապես իրենց գործընկեր երկրների համար: