Բաժիններ՝

Միջերկրական ծովը միակ լուսավոր հիշողությունն է Ֆրանսիայից

2012թ., հոկտեմբեր: Հորաքույրս ամուսնու և երկու երեխաների հետ մեկնում էր Ֆրանսիա: Ուրախ էինք. վերջապես մի ընտանիք էլ կհաստատվի Եվրոպայում, կունենա լավ աշխատանք, մեքենա, երեխաների համար էլ փայլուն ապագա կստեղծի: Մի խոսքով, երջանիկ ապագա կերտելու երազանքով` մեկնեցին Ֆրանսիա:
2013թ., հոկտեմբեր: Այս անգամ դիմավորում էինք հորաքրոջս: Ու չնայած կարոտին ու միմյանց տեսնելու ուրախությանը` մի տեսակ տխրության ու ափսոսանքի զգացում կար, մեկ էլ` բազում պարտքեր: Տունը նույնն էր, բայց չկար կահույքը, տեխնիկան: Գնալուց առաջ վաճառել էին գրեթե բոլոր իրերը, իսկ տունը չէին վաճառել, որովհետև մի ներքին զգացում խանգարել էր: Ավելին, Ֆրանսիա հասնելուն պես այդ զգացումն ուժեղացել ու վերածվել էր տագնապի:

Առաջին օրից զգացին, որ դա այն կյանքը չէ, որի մասին երազել էին ու հանուն դրա այդքան ճանապարհ անցել` հեռվում թողնելով հարազատ տունը, միջին աշխատավարձով աշխատանքը: Անսովոր ու ուրիշ էր մարդկանց ապրելակերպը, արտաքինը: Իրենք իրենց օտար ու անպետք էին զգում: Բախտ ունեցան տարբեր ազգային պատկանելություն ու հավատք ունեցող մարդկանց հետ ապրել նույն տանիքի տակ, քնել մեքենայի ու գնացքի մեջ: Մի անգամ «տանն» էին թողել իրերն ու դուրս եկել:

Երբ վերադարձել էին, դրանք արդեն չկային: Այդ օրվանից ուր գնում էին` ունեցած-չունեցածը միշտ իրենց հետ էին տանում: Ամեն օր սնունդ էին ստանում: Բայց ամբողջ կյանքում սեփական քրտինքով հաց վաստակած մարդու համար, մեղմ ասած, անսովոր ու տհաճ էր ուրիշից սնունդ ստանալը: Հորաքույրս անտարբեր չէր անցնում ոչ մի խանութի կողքով, բայց այդ խանութներից գնումներ կատարելը երազանք մնաց: Ոչ գումար կար, ոչ էլ այն վաստակելու հնարավորություն:

– Մի օր գնալու եմ Ֆրանսիա` գնումներ կատարելու,- հիմա կատակում է հորաքույրս:
Հիմա, երբ վերադարձել են ու անցել կյանքի բնականոն հունին, ցավով ու ափսոսանքով են հիշում այդ մեկ տարին:

– Միջերկրական ծովը տեսանք: Ու դա միակ լուսավոր հիշողությունն է Ֆրանսիայից,- ասում է հորաքույրս:

ՄԱՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս