«Վրիժառության դեպքում՝ եթե թշնամուն չկարողանանք հանդիպել, կարող ենք վրեժը պարպել մեր ներսում. Դա վտանգավոր է». Խաչատուր Գասպարյան
Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)՝ գիտության կոմիտեի հետ համատեղ, դեռևս անցյալ տարի նախաձեռնել է Ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտություն, որը կամփոփվի հունիս ամսին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատրուր Գասպարյանը՝ հավելելով, թե այս խնդիրը բավականաչափ ուսումնասիրված է, և դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:
Նրա խոսքով՝Ցեղասպանության փաստի հերքումն ավելի շարունակական է դարձնում մեր ցեղասպանության վշտի զգացումը. «Առաջին հանգամանքներից մեկն այն է, որ երբ գործ ունենք առաջին սերնդի հետ, ովքեր ցեղասպանություն վերապրողներն են, նրանց զգալի մասը, փոխարեն հակազդելու՝ լռության է մատնում ցեղասպանության խնդիրը: Շատ դեպքերում վերապրողների առաջին սերունդն այդ մասին նույնիսկ խոսելու հնարավորություն կամ առիթ չի ստանում: Դա չի նշանակում, որ խնդիրը չի փոխանցվում հաջորդ սերնդին:
Եթե պատկերացնենք, որ ընտանիքում, տունն անավարտ թողած հայրն այդ պատգամը տալիս է իր հաջորդ սերնդին, չի նշանակում, որ անպայման պետք է հաջորդ սերունդն այդ հարցը լուծի, և մեր ժողովրդի պարագայում այդպես է եղել: Մեր անավարտ խնդիրը Ցեղասպանության վերաբերյալ՝ միջազգային հանրության կողմից մասամբ ընդունվել է, մասամբ՝ ոչ, այդ խնդիրը, փաստորեն, շարունակում է մնալ մեզանից յուրաքանչյուրի, մեր սերնդի ուսերին՝ որպես չլուծված խնդիր»:
Խ. Գասպարյանի կարծիքով՝ մի կարևոր հանգամանք մեզանում բաց է թողնված՝ ինչպես ենք մենք ցեղասպանության տրավման փոխանցում նոր սերնդին. «Ես սկսեցի հետազոտել և ուսումնասիրել այդ խնդիրը՝ պարզեցի, որ Հոլոքոստի թեման փոխանցելու համար կան մի շարք կենտրոններ, որտեղ հավաքվում են բոլոր հրեական համայնքների ներկայացուցիչները և այնտեղ սովորում են՝ ինչպես պետք է նոր սերնդին մատուցեն այն, և այդ մատուցման մեջ մի շատ կարևոր հանգամանք է հաշվի առնվում, որպեսզի երկրորդային տրավմա չառաջացնեն այդ սերնդի մարդկանց մոտ»:
Բանախոսի խոսքով՝ գուցե Հայոց ցեղասպանության տրավմայի դրական կողմն այն է, որ մենք գոնե այդ օրը համախմբված ենք՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ մեր՝ հասարակության մեջ ունեցած ստատուսից, և միակ օրն է, որ մենք միահամուռ և ամբողջական ենք:
«Ստացվում է՝ մի կողմից՝ մենք հավաքվում ենք տրավմայի շուրջը, մյուս կողմից՝ մենք այդ տրավմայի լուծման ճանապարհներ ենք փնտրում նոր սերնդի համար: Եթե մենք չկանոնակարգենք, չմտահոգվենք, թե ինչպիսի հոգեբանական հետևանք է նոր սերնդին տալիս Հայոց ցեղասպանութան թեման, մենք կարող ենք վերջիվերջո ունենալ սերունդներ, որոնք, օրինակ, զոհի հոգեբանությամբ են մեծանում, վրեժխնդիր են ուզում լինել: Դուք գիտեք, որ վրիժառության դեպքում՝ եթե թշնամուն չկարողանանք հանդիպել, կարող ենք վրեժը պարպել մեր ներսում, և դա վտանգավոր է տվյալ հասարակության համար: Կարող ենք ունենալ մի հասարակություն, որտեղ անտարբեր են, որովհետև հայ լինել՝ նշանակում է, որ նախնիներին սպանել են, ուրեմն՝ ապագայում էլ կարող են մեզ սպանել: Սրանք բոլորը խնդիրներ են, որոնց համար մենք պետք է հոգեբանորեն վերաիմաստավորենք Ցեղասպանության և՛ պատմական գնահատականը, և՛ Ցեղասպանության մեր դիրքորոշումները»:
Հոգեբանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է թերապևտիկ էֆեկտ ունենալ թե՛ հայերի համար, թե՛ թուրք ժողովրդի համար. «Լինում է, չէ՞, որ դուք ունենաք խնդիր, որը հերքեք, անընդհատ արհամարհեք, անտեսեք, շրջանցեք, պաշտպանական մեխանիզմ ուզենաք՝ դրա մասին չմտածելու, այդ դեպքում՝ խնդիրը մեծանում, մեծանում և մի տեսակ հասնում է մի տեղ, որտեղ այդ պաշտպանական մեխանիզմի հերքումը ոչ թե օգնում է մեզ, այլ խանգարում է: Այդ իմաստով՝ թուրք ժողովրդի համար էլ շատ կարևոր է, որ նրանք, ի վերջո, ընդունեն այդ իրողությունը: Իսկ մեզ համար ամենակարևոր անհրաժեշտությունն այն է, որ դրանով կավարտվի մեր չավարտվող սուգը, մենք չենք կարողացել դուրս գալ սգի հոգեբանական փուլերից: Հայկական իրականության մեջ ցեղասպանության հերքման պատճառով՝ մեր սուգը շարունակում է մնալ չավարտված, դա հոգեբանության մեջ ասում են՝ չապրված սուգ»:
Խ. Գասպարյանը կարծում է՝ լուծումներ կան՝ և՛ իրավաբանական, և՛ հոգեբանական հարթության մեջ. «Բայց մենք, մնալով զոհի հիվանդագին ստատուսի մեջ, կարծես մի տեսակ երկարաձգում ենք այդ սգի հանգամանքը: Վշտի մեջ եղած մարդը երբեք ռացիոնալ որոշումներ չի կայացնում, վշտի մեջ եղած ժամանակ երբեք մենք չենք կարողանում իրատեսական գնահատել իրականությունը և մենք կարող ենք շատ ավելի դեպրեսիվ, հուզական տեսանկյունից նայել խնդիրներին»:
Ըստ հոգեբանի՝ մենք պետք դուրս գանք ցեղասպանության ճանաչման հիվանդագին սպասումի այդ ստատուսից. «Մենք, մի տեսակ, կարծես, սպասման հիվանդներ ենք: Մեր հաջորդ քայլն այն է, որ մենք նայենք առաջ և մտածենք՝ ինչպես այս թեման փոխանցենք նոր սերունդին»:
Հոգեբանը նշեց նաև, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ «թշնամի» բառն արտասանելիս ասոցիացվում է հետազոտության մասնակիցների մոտավորապես 62%-ի մոտ առաջինը՝ թուրքի, երբեմն՝ նաև ադրբեջանցու հետ. «Շատ հետաքրքիր է, որ մի քանի տոկոս կա՝ 10%-ից քիչ, որ մենք՝ ինքներս մեզ ենք համարում թշնամի»:
Մանրամասները՝ տեսանյութում: