Աղասի Այվազյանի թողած ժառանգության ապագան անորոշ է
Երբ Աղասի Այվազյանին հարցնում էին՝ Դուք Ձեզ նկարի՞չ, գրո՞ղ, թե՞ կինոռեժիսոր եք ավելի շատ համարում, նա միշտ պատասխանում էր. «Ես ես եմ, իմ մեջ կա և՛ դա, և՛ դա. ես շատ կինո եմ սիրում, եթե կինոյի մասին խոսենք, անվերջ կխոսեմ, թատրոն եմ սիրում շատ, թատրոնն իմ կյանքն է, թատրոնի մեջ կգնամ ու կմեռնեմ, նկարը, որ սկսում եմ՝ վերջացնել չկա, ամեն ինչ էլ սիրում եմ, բայց խոսքը` այն ամփոփում է իր մեջ այս ամենը»:
Աղասի Այվազյանը տարիներ առաջ հեռացավ կյանքից, իրենից հետո կտակեց մի մեծ ժառանգություն` անսահման գրքերի ու նկարների թագավորություն: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանն իրենից հետո թողեց իր բոլոր աշխատանքները, որոնք, ցավոք, մինչ օրս դեռ իրենց տեղը չեն գտել: Նրա նկարներն ու հսկայական գրադարանն այսօր մեծ ու հարմարավետ տարածքի կարիք ունեն: Դրանք այսօր նրա տանն են՝ իրար վրա բարձած ու ճամպրուկներում պահված, խեղդվում են տան պատերի ներսում:
Աղասի Այվազյանի կինը` Գրետա Վերդյանը, այս հարցով շատերին է դիմել ու հիմա մեծ հույսեր ունի, որ կօգնեն և իր ամուսնու աշխատանքները կապրեն թանգարանում: Դիմել է նաև ՀՀ Նախագահին, բայց դեռ թանգարանի համար հստակ պատասխան չի ստացել: ՀՀ Մշակույթի նախարարությունն առհասարակ շատ է օգնել տիկին Գրետային՝ ընթերցումներ ու ցուցահանդեսներ կազմակերպելու համար, տարբեր նախարարներ օգնել են Աղասի Այվազյանի անվամբ հիմնադրամ բացելու հարցով: Օժանդակություն եղել է միանշանակ, տիկին Գրետան դժգոհություն կամ բողոք չի հայտնում, բայց այսօր երազում է Փարաջանովի թանգարանի պես մի թանգարան իր ամուսնու համար, քանի որ վստահ է` Աղասին մեր հայ ժողովրդի արժանի զավակներից է:
«Աղասի Այվազյանն ինձ չի պատկանում արդեն, ես ուղղակի որպես քամի փչում եմ նավի առագաստը, որ առաջ գնա: Ես դեռ որքան կարողանում՝ անում եմ իմ 77 տարեկան հասակում, կհասցնե՞մ՝ կանենք, չե՞մ հասցնի՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ կլինի: Ինչ էլ որ լինի, Աղասի Այվազյանի անունը պատկանում է ժողովրդին, հիմա չեն կարդա, որոշ ժամանակ հետո կկարդան: Մենք ինչպես ենք կարդում Հոմերոս: Ուսանողական տարիներիս, երբ Մայակովսկի էի կարդում, հիշում եմ, գրում էր, որ ժամանակ կգա՝ մի ուսանողուհի կվերցնի ինձ ու կկարդա… այ այսպիսի երևույթներ կան աշխարհում, արվեստի գործերի կյանքն այդպիսին է լինում»,- ասում է տիկին Գրետան:
Ա. Այվազյանի նկարները երկար չեն կարող դիմանալ տան պայմաններում, արդեն սկսում են հանձնվել ու որոշ նկաներ փչանում են, յուրահատուկ իրերն ու հուշանվերները վաղուց իրենց տեսքը կորցրել են: Տան գրադարաններում նրա անսահման գրքերն էլ չեն տեղավորվում, շատերը նույնիսկ առաջարկում են ծախել գրադարանը, բայց տիկին Գրետան երբեք այդպիսի բան չի անի. «Մեծ գրադարան ունի Աղասին, շատերն ասում են՝ ծախիր, բայց ինչպե՞ս ծախեմ, ամոթ էլ է. ինչո՞ւ ծախեմ, փոխարենը` կուղարկեմ Ղարաբաղի գրադարանները, բայց չեմ վաճառի»:
Աղասի Այվազյանի այրին այսօր նաև շատ մեծ ցավ է ապրում, որ քչերն են Աղասուն ճանաչում, քչերն են կարդում նրա գործերը, դիտում ֆիմերը: Տիկին Գրետան սա նաև պետության սխալն է համարում, երբ դպրոցներում չեն անցնում Աղասի Այվազյան, երբ փոքրիկների դասագրքում տեղ չեն գտնում Աղասու պատմվածքները` գրված նուրբ հումորով ու մեծ ուսուցողական խրատներով: Տիկին Գրետան նույնիսկ հիշում է՝ մի անգամ նրան ասել են, որ ամուսնու պատմվածքերից մեկը` «Չիխլին», տպագրվել էր 6-րդ դասարանի դասագրքում, բայց կրճատել էին, ավարտը հանել: Այնինչ պատմվածքի հիմնական փիլիսոփայությունն ամփոփվում է հենց վերջին հատվածում, և չի կարելի միջամտել ու փոխել պատմվածքի կառուցվածքը:
«Ի՜նչ գրող ունենք ու չգիտեն, դպրոցներում, չեն անցնում, ես ոչ թե ասում եմ` Աղասի, Աղասի, ես ուզում եմ՝ երիտասարդներին տան, կարդան, սովորեն: Մեզ ոչ թե Աղասի Այվազյան անունն է հիմա պետք, այլ պետք է, որ կարդան նրան: Չէ՞ որ ընթերցանությունը քեզ ոչ միայն ծանոթացնում է հեղինակի հետ, այլև հենց քեզ է բացահայտում, դու ինքդ քեզ ես լավ ճանաչում, երբ համամիտ ես լինում հեղինակի հետ»,- ասում է տիկին Գրետան:
2007թ. էր` երբ մահացավ Աղասի Այվազյանը, ու մահվանից հետո տիկին Գրետան զգաց, որ տանն անհնար է պահել ամուսնու բոլոր գործերը. երեխաներ, թոռնիկներ, ծոռներ են ապրում տանը` տիկին Գրետայի հետ միասին, իսկ տունն էլ այդքան մեծ չէ աշխատանքները ցուցադրելու համար: Առաջարկել են նույնիսկ բնակարանը տուն-թանգարանի վերածել, բայց անհնար է, տանը շարունակում են սերունդներ ապրել: «Ինձ ասում են՝ բա ո՞նց է՝ Սիլվա Կապուտիկյանի թանգարանը 7-րդ հարկում են ստեղծել, չգիտեմ, երևի այնտեղ ծոռ չկա, թոռ չկա: Ասում են՝ 5-րդ հարկում արեք, բայց այստեղ մենք բնակվում ենք, չենք կարող այդպիսի բան սարքել»,- ասում է նա:
Ա. Այվազյանի գրած գրքերն էլ քիչ չեն, գրական մեծ ժառանգություն է թողել: Նրա ոճն էլ է թումանյանական. գործեր ունի բոլոր տարիքի մարդկանց համար, և գրեթե բոլոր գործերն այսօր տպագրված են ու հասանելի են ընթերցողին: Հիմա էլ տիկին Գրետան մեծ ցանկություն ունի իր ամուսնու աշխատանքների թարգմանությամբ զբաղվել, բայց չի խոստանում, կարծում է՝ ժամանակը կանցնի, իսկ իր գիրքը կմնա, հիմա նա ուզում է նաև իր հեղինակային գիրքը վերջացնել: Գրետա Վերդյանը ռուսաց լեզվի մասնագետ է, սիրում է նաև գրել, ամուսնու մի քանի ստեղծագործություններ արդեն թարգմանել է: Լավ հիշում է՝ իր առաջին թարգմանություններից մեկը` ամուսնու հետ միասին էին թարգմանում` մի փոքրիկ պատմվածք: Հեշտ գործ չէր՝ հեղինակի ներկայությամբ թարգմանել.
«Աճառյանի բառարանը որ տեսնեք, հում-հում կերել է, գրող է, շատ բաներ գիտի, բայց ամեն մի խոսքի համար այդ հոմանիշները մինչև չգտներ՝ չէր հանգստանա: Մենք երևի մի ամբողջ օր ծախսեցինք մի փոքրիկ պատմվածքի վրա, ես ռուսերեն էի թարգմանում, ասում էի՝ այսպես է, բայց մինչև նա ինքն ամեն բառը չէր թարգմանում՝ չէր անցնում առաջ: Ես էլ ասում էի՝ Աղասի, դե, գրի, որ սա հենց հեղինակային թարգմանություն է, դու ինքդ ես ամբողջը թարգմանում: Ծիծաղում էր, իսկ ես հետո հասկացա, որ նա ուզում էր սովորեցնել՝ ինչպես են անում իսկական թարգմանություն»:
Ըստ տիկին Գրետայի՝ Աղասին իր կենդանության օրոք էլ է շատ համեստ կյանքով ապրել, չի ձգտել փառքի, ճանաչման, արել է իր գործը՝ առանց հատուկ ակնկալիքների, նվիրել է իրեն արվեստին ու իր աշխարհն արտահայտել իր ստեղծագործություններում: Հիմա էլ է Աղասին համեստ կյանքով «ապրում», քչերն են հիշում նրան, թողած ժառանգությունն իր տեղը չի գտնում, նոր սերունդները չեն ճանաչում իրեն, ու անգամ այս դեպքում հայկական ազգային սովորությունը` «գնա մեռի, արի սիրեմը», չի գործում, նույնիսկ իր մահվանից հետո հայազգի արժանի զավակին մյուս արժանիների կողքին չեն դասում: Աղասու այրին այսօր մեծ ցավ է ապրում, որ արվեստասերների համար չկա հատուկ Աղասի Այվազյանի թանգարան, որտեղ նրանք կգային ու կճաշակեին «այվազյանական արվեստը»: Տիկին Գրետան երբեք չի մոռանա, երբ մահանալիս Աղասին ասաց նրան. «Գրետա. նույնիսկ քեզ թվում է, որ դու ինձ լավ ճանաչում ես, բայց դու ինձ հետո կճանաչես»:
Հ.Գ. Մարտի 23-ին լրանում է Աղասի Այվազյանի 90-ամյակը. տիկին Գրետան մեծ հույս ունի` միգուցե այդ կապակցությա՞մբ ինչ-որ բան փոխվի:
Լուսանկարները՝ հեղինակի