Բաժիններ՝

Իջևանի խորհրդանիշ հյուրանոցը ավերվել է

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող ինն հարկանի հյուրանոցը խորհրդային ժամանակ համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Այդ տարիներին Խորհրդային Միության տարբեր ծայրերից Իջեւան քաղաք եկած զբոսաշրջիկներին, մարզիկներին այդ հյուրանոցում էին տեղավորում:

Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի անվան տառերի մեծ մասն ընկել է: Վերջին 3 տարում հյուրանոցից հանվել, տարվել են ալյումինե պատուհանները, պատերի մարմարե սալիկները, աստիճանների մշակված քարերը եւ այլն: Իջեւանի կենտրոնում, քաղաքապետարանի շենքի հարեւանութամբ գտնվող հյուրանոցը թալանված է, այդտեղից հանել է ամենայն արժեքավորը, ինչ հնարավոր է վաճառել:

Այդ կառույցը կարծես քաղաքապետարանի շենքի կախված, ամեն պահ ընկնելու պատրաստ ռումբ լինի: Իջեւան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանում տնազուրկ հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց համար հյուրանոցը կարող էր ընտանեկան ծածկ դառնալ, որպես բնակարան ծառայել: Հյուրանոցում նախկինում բնակվում էին Ադրբեջանից փախստականների ընտանիքներ, սահմանամերձ Բերքաբեր գյուղից սերված, ադրբեջանական ոտնձգություների հետեւանքով տնազուրկ դարձած մի ընտանիք եւ այլոք:

Մի քանի տարի առաջ այդ ընտանիքները տարհանվեցին սեփականաշնորհված հյուրանոցից: Կայքի  տեղեկություններով` Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2000թ. օգոստոսի 29-ին թիվ 52 որոշում է ընդունել հյուրանոցը սեփականաշնորհելու մասին, ՀՀ կառավարությունը 2000թ. նոյեմբերի 11-ին կայացրել է հյուրանոցի սեփականաշնորհման վերաբերյալ թիվ 914 որոշումը:

Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով՝ շենքը սեփականաշնորհվել է 2006թ, այդ հսկա շենքի կադաստրային արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, շենքը սեփականաշնորհվել է 7 միլիոն դրամով:

Ո՞վ պետք է ստուգի «Իջեւանատուն» փակ բաժնետիրական ընկերության կողմից հյուրանոցի սեփականաշնորհման պայմանագիրը, թե կառավարությունը հյուրանոցի վաճառքը թույլատրելով` չի՞ սահմանել այնտեղ ներդրումների կատարման, օբյեկտի նպատակային նշանակությունը պահպանելու պարտավորություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս