Եթե Ադրբեջանը ճանաչի Արցախը, կձերբազատվի լուրջ խնդրից. Դավիթ Բաբայան. tert.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, որ իրենք լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի Նախագահի և մյուսների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, նշեց, թե իր կարծիքով համանախագահներն այս անգամ լուրջ պետք է խոսեն Ադրբեջանի հետ:
Դիտարկմանը, թե մինչ այս լո՞ւրջ չէին բանակցությունները, Դավիթ Բաբայանն արձագանքեց.
«Միշտ էլ բանակցությունները լուրջ էին, պարզապես բնական է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա, իսկ Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այլ նաև խախտում էր հրադադարի ռեժիմը, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ դա արդեն անհանդուրժելի էր, դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ վերջերս իրենց միասնական հայտարարության մեջ ուղղակիորեն մեղադրել են Ադրբեջանին՝ խաղաղության և կայունության պարբերաբար խախտումների համար:
Հետևաբար, նրա գնահատականով, եթե լուրջ անակնկալ կա, ապա առաջին հերթին բոլորի համար պարզ է, որ դա Ադրբեջանի քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունն է, և հենց այդ ուղղությամբ պետք է տարվեն լուրջ աշխատանքներ:
«Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ադրբեջանում, թեև մեզ համար տարօրինակ է, որ նման պետությունում պետք է այսպիսի խաղեր իրականացվեն, բայց, այնուամենայնիվ, սա էլ է լրացուցիչ պատասխանատվություն պահանջում, որպեսզի կայունությունը պահպանվի տարածաշրջանում»,-նկատեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ուորլիքի այն մտքին, թե բոլորը կարող են շահել, ապա սրա վերաբերյալ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը հետևյալն է.
«Եթե նույն Ադրբեջանը վերանայում է իր մոտեցումները, ֆաշիզմից և աննորմալ քայլերից հեռու է կանգնում, ապա բնական է, որ բոլորն էլ շահելու են, այդ թվում և Ադրբեջանը, որովհետև եթե նա իր մեջ ուժ գտնի, նորմալ քայլեր կատարի, ճանաչի Արցախյան պետությունը, բնական է, որ այդ լուրջ խնդրից կձերբազատվի»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: