Բաժիններ՝

Պատմական ուժերը մեկ դար առաջ Մերձավոր Արևելքում գործել են ազգային պետություն համակարգի ավելի ճկուն այլընտրանքների դեմ. Business Insider

Business Insider լրատվական պորտալը ներկայացրել է Նիկ Դենֆորթի «Մանրակրկիտ հայացք Մերձավոր Արևելքին, որը կարող էր լինել» խորագրով հոդվածը, ինչը զգալի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«1919 թվականին նախագահ Վուդրո Վիլսոնը աստվածաբան Հենրի Քինգին ու գործարար Չառլզ Կրեյնին ուղարկում է Մերձավոր Արևելք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության կործանման ֆոնին տարածաշրջանի քաղաքական ապագան անորոշ էր, և թվում էր, թե այս երկու տղամարդիկ պետք է ապահովեին գործարար խորաթափանցության ու աստվածաբանական գիտելիքների համադրման անհրաժեշտությունը:

Քինգն ու Կրեյնը պետք է պարզեին, թե տարածաշրջանի բնակիչներն ինչպես են ցանկանում ղեկավարվել: Դա կլիներ ազգային ինքնորոշման հանդեպ Վիլսոնի տածած հավատի լուրջ փորձություն: Խոսքն այն գաղափարի մասին է, որ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ստանա իր իսկ պետությունը՝ հստակ որոշված սահմաններում:

Երեք շաբաթ Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում ու Թուրքիայի հարավում կրոնական ու համայնքային առաջնորդների շրջանում հարցումներ անցկացնելուց հետո երկու տղամարդիկ ու նրանց խումբն առաջարկեց, որ օսմանյան հողերը կարելի է մասնատել, ինչպես որ դա ցուցադրված է վերոնշյալ քարտեզում:

Ավելորդ է ասել, որ այդ առաջարկներն անտեսվեցին: 1916 թվականին Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև գաղտնի ստորագրված Սայքս-Պիկոյի համաձայնագրի համաձայն՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան վերջին հաշվով տարածաշրջանում ստանձնեցին այսպես կոչված մանդատների կամ խնամակալների լիազորություններ: Ավելի ուշ Ֆրանսիայի վարչական գոտում ընդգրկվեցին Լիբանանն ու Սիրիան, իսկ բրիտանական գոտում՝ Իսրայելը, Հորդանանն ու Իրաքը:

Այսօր շատերը պնդում են, որ եթե Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանի ժողովուրդներից յուրաքանչյուրը հասած լիներ անկախության, ապա կարելի կլիներ խուսափել մեկ դարյա անասելի բռնություններից ու անկայունությունից, որի գագաթնակետը դարձավ «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արևելքի սահմանները բռնի փոխելու փորձը:

Սակայն ինչպես 1919 թվականին պարզեց Քինգ-Քրեյն հանձնաժողովը, էթնիկ ու կրոնական խմբերը գրեթե երբևէ չեն բաժանվում դիսկրետ միավորների: Բացի այդ, յուրաքանչյուր խմբի անդամներն անպայմանորեն չեն կիսում նրա տեսլականը, թե ինչպես են ցանկանում կառավարվել: Քինգ-Քրեյնի հաշվետվությունը նախկինի նման վառ փաստաթուղթ է Մերձավոր Արևելքի մասին:

Իրականում այն պնդում է մարդկանց չհարկադրել ապրել իրավական բարդ կարգուկանոնով: Հեղինակները եկել են այն եզրակացության, որ Իրաքի մասնատումն էթնիկ անկլավների կլինի չափազանց անհեթեթություն: Հույներն ու թուրքերը կարիք ունեն միայն մեկ երկրի, քանի որ «երկու ռասաները փոխլրացնում են իրար»: Սիրիայի մուսուլմաններն ու քրիստոնյաները պետք է սովորեն «որոշակիորեն ապրել համատեղ»:

Նրանք առաջարկեցին, որ Կոնստանդնուպոլիսը (ներկայիս Ստամբուլ) դառնա միջազգային տարածք և գտնվի Ազգերի լիգայի կառավարման ներքո, քանի որ որևէ երկիր ունակ չէ հավասարաչափ լուծել ողջ քաղաքի ու նրա շրջակա նեղուցների վերահսկման խնդիրը:

Թեև հեղինակներին հանձնարարվել էր զբաղվել սահմանների գծմամբ՝ թվում է, թե երբ նրանք բախվեցին ինքնորոշման իրականացմանն առնչվող բազում երկընտրանքների, նրանք մշակեցին պետականության ու ինքնության հանդեպ առավել ճկուն մոտեցում:

Հանձնաժողովին այդ եզրահանգման գալու հարցում օգնեցին իրենց ապագայի վերաբերյալ տարածաշրջանի բնակիչների տարաձայնությունները: Հանձնաժողովի անդամները շրջել են քաղաքից քաղաք՝ լսելով հասարակական կարծիքը: Հարցվածների 80 տոկոսը կողմ է արտահայտվել «Միասնական Սիրիայի» ստեղծմանը: Սակայն դա հեռու էր հարցի լուծումից:

Այդ հիփոթետիկ ապագա պետության շատ քրիստոնյաներ, որոնք հատկապես բնակվում էին Լիբանանի լեռներում, վճռականորեն դեմ էին գերազանցապես մուսուլմաններով բնակեցված խոշոր երկրի մասնիկը լինելուն: Շատերը հնչեցրին «Անկախ Մեծ Լիբանանի» կոչեր, և խոսքն այնպիսի տարածքի մասին էր, ինչպիսին որ ունի ժամանակակից Լիբանան պետությունը:

Հանձնակատարները որպես հարցի լուծում առաջարկեցին Լիբանանին հատկացնել բավականաչափ ինքնավարություն՝ չխաթարելու համար նրա բնակիչների անվտանգությունը: Սակայն նրանց այն բացատրությունը, թե ինչու դա պետք է լինի ինքնավարություն և ոչ թե լիակատար անկախություն, մարտահրավեր է նետում ինքնորոշման տրամաբանությանը:

Նրանք հայտարարեցին, որ Լիբանանը կլինի ավելի ուժեղ և կունենա ավելի օգտակար ազդեցություն, եթե գտնվի սիրիական պետության կազմում, քան՝ հայտնվելով դրա սահմաններից դուրս: Նրանք անխուսափելի ու հրամայական են համարել հայերին ու թուրքերին բաժանելը՝ հենվելով թուրքերի իրականացրած սարսափելի կոտորածների վրա:

Վերջին հաշվով Քինգն ու Քրեյնն առաջարկեցին մանդատային համակարգի միջոցով եվրոպական կամ ամերիկյան վերահսկողության տակ վերցնել բազմազգ երկրների ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու ինքնիշխանության տարբեր աստիճանների ապահովումը:

Տարբեր մանդատների ստեղծումը՝ նույն մանդատային ուժի ներքո, դարձավ ժողովուրդների բաժանման պարզ եղանակ՝ պահպանելով նրանց միջև վարչական կապը: Օրինակ, Սիրիան ու Միջագետքը կարող են գտնվել բրիտանական վերահսկողության ներքո, իսկ Հայաստանն ու Թուրքիան՝ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո:

Անգլիացիներն ու ֆրանսիացիները այնքան հարմարավետ էին զգում իրենց արած կամայական «սահմանագծումների» հարցում, որ կարծում էին, թե ի վիճակի կլինեն հարաբերությունները ղեկավարել դրանց միջոցով: Այդ պլանում անգլո-ֆրանսիական իմպերիալիզմը հենվում էր սահմանների վերահսկողության ու տարածաշրջանի շրջանակներում ինքնորոշման ճնշման վրա:

Մինչդեռ Քինգ-Քրեյնի հանձնաժողովը շահագրգռված էր դրանց միջև հավասարակշռություն գտնելում: Այդ հավասարակշռությունը ձեռք բերված չէ ցայսօր: Այսօր ոմանք պնդում են, որ ավելի լավ կլինի Իրաքը մասնատել փոքր պետությունների, և որ Սիրիան էլ կարող է մասնատվել ինքնին, մինչդեռ մյուսները, այդ թվում նաև «Իսլամական պետությունը» պնդում են, որ պետք է ամբողջովին վերացվեն Իրաքի ու Սիրիայի միջև սահմանները և փոխարենը ստեղծվի ավելի մեծ միավոր:

Այս ամենը վկայում է, որ անհրաժեշտ է դուրս գալ սահմանների ընթացիկ պարադիգմից: Օրինակ, ոչ վաղ անցյալում Շոտլանդիայի բանկիչները հանրաքվեի միջոցով որոշեցին դուրս չգալ Մեծ Բրիտանիայի կազմից: Սիրիայում նույնպես դաշնային համաձայնությունը, որը չի խախտի երկրի տարածքային ամբողջականությունը, կարող էր ավելի արագ հանգեցնել խաղաղության, քան հակամարտող կողմերից յուրաքանչյուրի հաղթանակը:

Պատմական ուժերն այն ժամանակ գործել են ազգ-պետություն համակարգի ավելի ճկուն այլընտրանքների գործարկման դեմ, և այսօր էլ շարունակում են անել այդպես: 100 տարի անց հստակ է, որ հարցը, թե «որոշակի հաջողության հասնելու» համար քաղաքական ինչպիսի միջոցներ կարող են օգնել ժողովուրդներին, շարունակում է մնալ այնքան բարդ, ինչպես երբեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս