Խախտվել են Ս. Սարգսյանի նախանշած «չափի» սահմանները… ԳԱԼԱ

Ի՞նչ պատահեց, որից հետո Ս. Սարգսյանը հասկացավ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները: Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց նախահարձակ լինել՝ սուր եզրույթներ օգտագործելով եւ ԲՀԿ-ին վերջապես ընդդիմադիր ճամբար ուղարկելով: Եվ ինչո՞ւ հենց հիմա գլխի ընկան, որ նախկին կոալիցիոն կուսակցության լիդերը, որի հետ բավականին երկար ճանապարհ են անցել, չունի քաղաքական գործչին հարիր կեցվածք:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարոն Շարմազանով, Ս. Սարգսյանի ելույթից կարելի էր տպավորություն ստանալ, որ իրեն անձնական վիրավորանք են հասցրել, դրա համար ինքն անձնական վիրավորանքներով համեմված պատասխան հնչեցրեց: Անակնկալ էր բոլորի համար նման ոճը, ինչո՞վ է բացատրվում ՀՀԿ առաջնորդի ընտրած ելույթի այդ լեզուն:

-Ամեն ինչ պարզ, հանրամատչելի շարադրված էր: Խնդիրը գնացել է այն ուղղությամբ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, եւ անթույլատրելի է ոչ քաղաքական էլեմենտների գործունեությունը եւ բարձր ամբիցիաները:

-Պարոն Շարմազանով, ԲՀԿ-ի կողմից տարածված պատասխան հայտարարությունում ասվում էր, որ իրեն՝ Գ. Ծառուկյանին, առաջարկվել են համագործակցության տարբերակներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ապահովվի իշխանության վերարտադրությունը։ Գ.Ծառուկյանը մերժել է, եւ ահա սրանով էր բացատրվում նաեւ Ս. Սարգսյանի կողմից ընտրված նման ոճն ու վիրավորական շեշտադրումները:

-Այդ մարդու ասածը փաստում է մեր պնդումները: Այն, որ մենք ասում էինք ինքը գնահատականները, կարծիքները, առաջարկները սխալ է ընկալում կամ չի ընկալում, կամ սխալ տեղ է տանում, դա փաստ է: Այս հայտարարությամբ էլ նույնը ցույց տվեց: Իրան մի բան են առաջարկում, նա լրիվ մի այլ բան ընկալում է: Եվ այդ իմաստով երբ որ ես կարդացի ձեր ասած մարդու հայտարարության այն մասը եւ ոչ միայն ես, այլ շրջապատում, որտեղ որ կարդացի, մի բոլ ծիծաղեցինք:

-Ի՞նչ առաջարկ է արվել:

-Իրան ուրիշ բանի նախագահ են առաջարկել ու ամոթ էլ ա ասել՝ ինչի, բայց հաստատ ոչ երկրի նախագահի: Բայց ուրիշ բան եմ ուզում ասել՝ ինձ համար արդեն ոչ թե ծիծաղելի, այլ ցավալի է, որ նույն այդ կարծիքին են ՀԱԿ-ի մեր գործընկերները, որ ինքը կարող է նախագահ լինել, կամ իրեն առաջարկվել է նախագահ լինել:

Ի տարբերություն իրեն, ՀԱԿ-ում գիտեմ, որ գրագետ նորմալ եւ ճանապարհ անցած մարդիկ են եւ ընկալումների հետ կապված խնդիրներ չունեն: Եվ այդ իմաստով ՀԱԿ-ի մասով ոչ թե ծիծաղս է գալիս, այլ լացս, չգիտեմ՝ ծիծաղեմ, թե լաց լինեմ:

Ինքն էլ ստորագրեց մեր կուսակցության կարծիքը, որը հետեւյալն էր, որ քաղաքականության մեջ իրավունք չունեն վճռորոշ դեր ունենալ այն մարդիկ, ովքեր քաղաքական գործիչներ չեն եւ նորմալ գրագիտություն չունեն: Մարդը բառացի ասաց, որ ինքը դասական առումով քաղաքական գործիչ չէ, այսինքն Ծառուկյան Գագիկը ընդունում է հիմնական այն գնահատականը, ինչ հնչեցվեց խորհրդի նիտում:

-Պարոն Շարմազանով, Դուք հիմա խոսում եք մի մարդու մասին, եւ Ս. Սարգսյանն էլ կոպիտ շեշտադրումներով խոսեց մի մարդու մասին, որը ձեր երբեմնի կոալիցիոն գործընկեր կուսակցության առաջնորդն է եւ որի հետ Դուք բավականին երկար ճանապարհ եք անցել, մինչեւ որ ԲՀԿ-ն այլընտրանք դարձավ: Այն ժամանակ բավարարու՞մ էր Ծառուկյան քաղաքական գործչի քաղաքական հմտությունները:

-Նորից պիտի Սոկրատեսին մեջբերեմ: Ասել է՝ մարդկային առաքինությունների թագն ու պսակը չափի զգացողությունն է, եւ երբ որ մարդ կորցնում է չափի զգացողությունը, երբ մարդ կորցնում է իրականության զգացումը եւ հայտնվում է տվայտանքների մեջ, այդ մարդը դառնում է ոչ ադեկվատ: Եվ այդ իմաստով մենք էլ մեր խոսքում ասում ենք, որ այո, այստեղ կա նաեւ մեր մեղավորությունը, մեր սխալը: Բայղ սխալն ունի երկու ճանապարհ. կամ պետք է սխալը կրկնես, կամ ուղղես: Մենք գտնում ենք, որ ճիշտ ճանապարհը սխալն ուղղելն է, այդ իմաստով գնում ենք սխալներն ուղղելու ճանապարհով:

Եվ հետո թող քար նետի մեր վրա նա, ով որ չի սխալվել:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր նաև Գագիկ Ծառուկյանի միլիարդներին՝ կասկածի տակ դնելով նրա կողմից բարեխիղճ հարկ վճարելու պարտականությունների կատարումը։ Նշանակում է նման կասկածներ ունեիք, բայց ձեռնամուխ չէիք լինում դրանք բացահայտելու գործին, քանի դեռ, ձեր խոսքերով ասած, Գագիկ Ծառուկյանը իր չափերի մեջ էր, իսկ երբ դուրս եկավ իր չափերից, սկսեց հետաքրքրել այդ լուրերի իսկությունը: Չե՞ք կարծում, որ սրանով նախ վիրավորում եք ՀՀ քաղաքացուն, քանի որ …

-Նախ՝ սա իմ ասած «սխալները պիտի ոչ թե կրկնել, այլ ուղղել» կոնտեքստում է, երկրորդը՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ քաղաքացի վիրավորվելու խնդիր չունի, եթե քաղաքական գործիչն անօրինական բան չի արել, որեւէ պրոբլեմ չկա: Ես, որպես իշխանության խոսնակ, պաշտոնապես ասում եմ՝ բոլոր այն քաղաքացիները, այն քաղաքական գործիչները, բիզնեսմենները, մանր ու միջին բիզնեսմենները, ովքեր օրենքի հետ կապված խնդիրներ չունեն, որոնց խիղճը եւ իրականացրած աշխատանքը մաքուր է, անհանգստանալու որեւէ բան չունեն: Հայաստանում պետք է շարունակվի քաղաքական նորմալ քաղաքակիրթ պայքարը, ժողովրդավարության զարգացումը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս