«Հայաստանում տղամարդկանց մոտ շատացել՝ են թոքի, կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղի տեսակները». Հայկուհի Գյոկչյան
Հայաստանում քաղցկեղով հիվանդները բժիշկներին առհասարակ ավելի շատ դիմում են քաղցկեղի 3-րդ, 4-րդ փուլերում: ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը հավատացնում է` եթե շատերը դիմեն 1-ին և 2-րդ փուլերում, բուժվելու հավանականությունը շատ ավելի կմեծանա: Այսօր ամբողջ աշխարհում վերջին 30 տարվա ընթացքում քաղցկեղի դեպքերը կրկնապատկվել են, և բացառություն չէ նաև Հայաստանը:
Քիմիաթերապևտի խոսքով՝ եթե մինչև 2000-ական թվականները տարեկան գնահատում էին առաջնակի մանկական քաղցկեղի 100 դեպք, ապա վերջին 2013-2014 թթ. այդ դեպքերի քանակը նվազել է՝ 70-80 դեպք: Համաշխարահային տվյալներով՝ յուրաքանչյուր 10 հազար մանկական բնակչությանն ընկնում է քաղցկեղի 2 դեպք: Իսկ մեծահասակների մոտ ՀՀ-ում տարեկան գրանցվում է առաջնակի 8-9 հազար դեպք:
«Եթե համեմատենք համաշխարհային տվյալների հետ՝ Հայաստանը քաղցկեղի շատացման փուլում առանձնապես շատ չի տարբերվում համաշխարհային տվյալներից, և չենք կարող ասել՝ Հայաստանում շատացել է քաղցկեղը, իսկ ամբողջ աշխարհում՝ ոչ. ամբողջ աշխարհում կրկնապատկվել է քաղցկեղը: Կարող ենք նշել, որ ՀՀ-ում ավելի շատ շատացել են թոքի քաղցկեղը՝ տղամարդկանց մոտ, և կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղը»,- ասում է Հայկուհի Գյոկչյանը:
Ըստ Հայկուհի Գյոկչյանի՝ կրծքագեղձի քաղցկեղի շատացման պատճառները մի քանիսն են՝ ծխելը, սթրեսները, վատ էկոլոգիական միջավայրը, ինչպես նաև՝ հորմոնալ խանգարումները: Նրա խոսքով՝ սա ավելի շատ հանդիպում է զարգացած երկրներում, քանի որ այդ երկրներում (օրինակ` Բելգիա, Շվեդիա, Դանիա) կանանց մոտ առաջին ծննդաբերությունը գրանցվում է ուշ տարիքում՝ 35-40 տարեկանից հետո, որն էլ կրծքագեղձի քաղցկեղի նպաստող գործոն է հանդիսանում: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես շատացել է տղամարդկանց մոտ, որը նույնպես հորմոնալ խանգարումների հետևանք է.
«Առհասարակ աշխարհում գոյություն ունի «քաղցկեղի աշխարհագրություն». օրինակ, եթե Ճապոնիայում, Ռուսաստանում ավելի շատ գերիշխում է ստամոքսի քաղցկեղը, ապա Բելգիայում կրծքագեղձի քաղցկեղն է գերիշխում: Մեզ մոտ՝ թոքի և կրծքագեղձի քաղցկեղը»:
ՀՀ գլխավոր քիմիաթերապևտի խոսքով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժվում է 70-80 հիվանդ երեխա: Եթե բուժման տոկոսային հարաբերությամբ ներկայացնենք, ապա համաշխարհային տվյալներով՝ մանկական քաղցկեղը բուժվում է 80-85 %-ով, իսկ ՀՀ-ում 60-65 % է:
ՀՀ գլխավոր քիմիաթերապևտը նշեց նաև, որ միգուցե բժիշկների մեղավորությունն է, որ քիչ են խոսում քաղցկեղի մասին, և մարդիկ այսօր շատ չեն դիմում բժիշկներին: Հաճախ սա կապում են մարդու սոցիալական վիճակի հետ, բայց Հայկուհի Գյոկչյանը դրա հետ համամիտ չէ, քանի որ լավ պայմաններում ապրողներն էլ են հաճախ բժիշկներին դիմում այն ժամանակ, երբ նրանց մոտ քաղցկեղը գտնվում է արդեն 4-րդ փուլում, որի բուժման հավանականությունն արդեն չնչին է լինում:
Լուսանկարը՝ հեղինակի