Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը
Հայ Առաքելական Եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14–ին, Քրիստոսի ծննդից` հունվարի 6-ից քառասուն օր հետո: Այն անշարժ տոն է:
Երբ Մարիամն ու Հովսեփը քառասնօրյա Հիսուսին բերում են տաճար, ընդառաջ է գալիս Տիրոջ գալստյանն սպասող Սիմեոն ծերունին, գրկում մանկանը և գոհություն ու փառք տալիս Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Փրկչին տեսնելու: Այստեղից էլ տոնի անունը «Տեառնընդառաջ»` Տիրոջն ընդառաջ: Ավանդական կենցաղում առավել տարածված է Տրընդեզ անվանաձևը:
Տրնդեզը բնության զարթոնքի տոն է: Կրակը Արևի և Լույսի խորհրդանիշն էր: Տոնի գլխավոր նպատակն էր` կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը:
Արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան` եկեղեցու ժամերգությամբ, որից հետո բաժանում են մոմեր, և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն, վառում նախօրոք պատրաստված փոքրիկ դեզերը, պտտվում նրա շուրջը և թռնում վրայով:
Հնում նորահարսերը ճյուղերի վրա տարբեր գույների կտորներ էին կապում, որևէ իղձ պահում մտքում և այդ ճյուղը գցում եկեղեցու բակում վառվող խարույկը:
Քանի դեռ կրակը վառվում էր, կանայք մի սկուտեղի վրա լցրած փոխինդը, աղանձը, չամիչը, ընկույզը, կարմրացրած եգիպտացորենը, բոված սիսեռը, դդմի կորիզը և այլն բերում էին, պտտվում կրակի շուրջը, մի մասը բաժանում երեխաներին, մյուս մասը` ներս տանում: Կրակի մոտ շատերը փոխինդ էին շաղախում մեղրով կամ դոշաբով:
Մեծ կարևորություն ուներ նաև Տյառնընդառաջի խարույկի մոխիրը: Այն, ըստ պատկերացումների, օժտված էր բուժող ու առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում հիվանդներին, ծննդկանին` որ հեշտ ազատվի, քսում էին երեխաների վզին ու դեմքին, որ չհիվանդանան:
Ձյունը թաթախում էին մոխրի մեջ և ուտում, որ ամռանը դողերոցքով չհիվանդանան, մոխիրը աղի հետ խառնելով կերցնում էին անասուններին: Գարնանը մոխրից շաղ էին տալիս արտերում, որ մուկը ցանքսը չկտրի: Շատերն այդ մոխիրը պահում էին և ամեն անգամ հաց թխելիս մի պտղունց գցում թոնրի կրակի մեջ:
Աղբյուրը՝ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան