Արծվիկ Մինասյան. «Կարող ենք մեր տնտեսությունը վերջնական կաթվածահար վիճակի բերել»
Հայաստանը 2 տարի առաջ եվրոպարտատոմսերի թողարկման արդյունքում միջազգային ֆինանսական շուկաներից 7 տարի ժամկետով ներգրավեց 700 միլիոն դոլար` 6.25 % տարեկան տոկոսադրույքով: Արդյունքում` 2020-ին ՀՀ-ն պետք է վերադարձնի մոտ 1 մլրդ դոլար: ՀՀ կառավարությունը կրկին քայլեր է ձեռնարկում եվրոպարտատոմսեր տեղաբաշխելու, հետևաբար՝ ՀՀ պարտքն ավելի մեծացնելու ուղղությամբ: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի հետ:
– Պարոն Մինասյան, ՀՀ կառավարությունը մտադիր է նորից եվրոպարտատոմսեր թողարկել: Ինչպե՞ս եք գնահատում դա:
– Ընդհանրապես եվրոպական շուկայից միջոցների ներգրավումը համարվում է ժամանակակից տնտեսությունների կարևորագույն գործառույթներից մեկը, հատկապես` պետական մակարդակով: ՀՀ-ի կողմից սուվերեն պարտատոմսերի առաջին թողարկումը թեև ուղեկցվեց մի շարք խնդիրներով, բայց միջազգային շուկայում դրանք համարվում են լավագույն տոկոսադրույքներին և պայմաններին համապատասխանող տեղաբաշխում: Սակայն հարցն այն է, որ դրա առավելություններից մենք այդպես էլ չկարողացանք օգտվել:
Մասնավորապես, ՀՀ տնտեսության վարկանիշը և առանձին սուբյեկտների վարկանիշը դրա արդյունքում չշահեց, հակառակը` հետագայում արձանագրեցինք, որ անկում է տեղի ունեցել: Սա նշանակում է, որ այսպիսի պայմաններում այդպիսի գործողություն ձեռնարկելը կարող է վատագույն պայմաններ առաջադրել մեր տնտեսության համար: Այլ կերպ ասած` մի կողմից` բարձրացել է Հայաստանի տնտեսության ռիսկը, մյուս կողմից` տեղաբաշխումը կարող է ուղեկցվել մի շարք այլ ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերով, որոնք էականորեն կարող են վատացնել միջազգային շուկայից միջոցների ներգրավման այն գործիքի օգտագործման արդունավետությունը, որ կոչվում է եվրոպարտատոմս: Այդ տեսակետից, կարծում եմ` պետք է նախ` լավագույնս ուսումնասիրել միջազգային ֆինանսական շուկան, որից հետո նոր` հանդես գալ նման առաջարկով:
Մյուս կողմից` շատ ավելի կարևոր է, որպեսզի կառավարությունը մտածի օժանդակելու՝ Հայաստանի տնտեսության սուբյեկտների` միջազգային շուկայից միջոցներ ներգրավելու մեխանիզմների զարգացմանը, այլ ոչ թե ինքը հանդես գա միջոցների ներգրավմամբ: Առավել ևս, երբ մենք տեսանք, որ այդ միջոցների ներգրավման արդյունքից գոյացած հասույթը չծախսվեց Հայաստանի տնտեսության ներսում, այլ ընդամենը մարվեց ռուսական պարտքը, որը, ի դեպ, համարում եմ չափազանց վատ գործարք, որովհետև ոչ միայն մենք կտրեցինք կապը ռուսական վարկի ներդրման ուղղությունների մասով գնահատական տալու, այլ նաև, ըստ էության, ստանձնեցինք մի պարտավորություն, որ ի սկզբանե հիմնված չէր տնտեսական լուրջ նախաձեռնությունների վրա: Հիմա, փաստորեն, մենք եվրոպարտատոմսերի տեսքով արտահայտվող 700 մլն դոլարի վարկային պարտավորությունը փորձում ենք ավելացնել, բայց քանի որ ՀՀ-ում, որպես կանոն, խնդրահարույց է մնում միջոցների արդյունավետ տեղաբաշխումը, կարծում եմ, որ այս պահին այս ձևը կիրառելը ճիշտ չէ:
– Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը, արտաքին շուկաներում առկա իրադրությունը, կարծում եք` ընդհանրապես կկարողանա՞ն տեղաբաշխել պարտատոմս, պահանջարկ կլինի՞:
– Ընդհանրապես, արժեթղթերի տեղաբաշխման արդյունավետությունը կախված է եկամտաբերությունից և ժամկետայնությունից: Այդ տեսակետից եկամտաբերության վրա ուղղակի ազդեցություն ունի ռիսկի գնահատումը և վճարունակության աստիճանը: Ցավալիորեն, նախընթաց ժամանակահատվածի համար դրական զարգացումներ մենք չունենք մեր տնտեսությունում: Դա նշանակում է, որ բարձր ռիսկի պայմաններում դա կարող է փոխհատուցվել եկամտաբերության բարձր աստիճան պահանջելու դեպքում:
Այսինքն` օտարերկրյա ներդրողները պետք է ուզենան, որպեսզի ավելի շատ եկամուտ ստանան, նոր այդ դեպքում պատրաստ կլինեն ձեռք բերելու ՀՀ պարտատոմսերը: Սա կարող է բերել ՀՀ ներսում տոկոսադրույքների զգալի աճին, որովհետև, եթե թանկ փող ներգրավվեց, թանկ էլ պետք է փորձեն տեղաբաշխել ՀՀ տնտեսության մեջ: Արդյունքում` մենք կարող ենք պարզապես մեր տնտեսությունը վերջնական կաթվածահար վիճակի բերել: Դրա համար, կարծում եմ, այս պահն ամենաաննպատակահարմար պահերից մեկն է միջոցներ ներգրավելու առումով: Երկրորդը` ժամկետայնության հարցն է:
ՀՀ-ն` չունենալով երկարաժամկետ տնտեսական զարգացման մոդել, որոշակի դժվարությունների առաջ է կանգնեցնում այս պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակ անհրաժեշտ որոշումը կայացնողներին, որովհետև նրանք պետք է գնահատեն` ինչ ժամկետում, ինչ տնտեսական կառուցվածք և ինչ վերադարձելիություն կարող է ապահովել ՀՀ տնտեսությունը: Սակայն ՀՀ-ն նման երկարաժամկետ մոդել չունի, և դա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողները նորից խնդիր կդնեն դա փոխհատուցել կա՛մ կարճ ժամկետի շրջանակում, կա՛մ շատ ավելի բարձր տոկոսադրույքի պայմաններում: Այսինքն` նորից ճնշում կլինի տոկսադրույքի վրա:
– ԵՏՄ-ն ի՞նչ ազդեցություն կունենա այս գործընթացում: Տեսակետ կա, որ եվրոպարտատոմսերի նախորդ գնորդներն այժմ շահագրգիռ են լինելու վաճառել դրանք:
– Չեմ կարծում, որ շահագրգիռ են լինելու վաճառել, որովհետև նախ` իրենք ձեռք են բերել ԵՏՄ անդամ պետության պարտատոմսեր, այլ կերպ ասած` վարկավորել են այդ երկրներին, նշանակում է` իրենք որոշակի առումով ներկայացված են ԵՏՄ տնտեսության մեջ: Եթե չլինի պատժամիջոցների կիրառման պահանջը, նրանք չեն վաճառի, հակառակը` այս պահին նրանց ֆինանսապես ձեռք է տալիս, որ նման տոկոսադրույքներով իրենք եկամուտներ են ստանում: Ի վերջո, պետք է գիտակցել, որ այս պահին միջազգային շուկայում դեռևս պահպանվում են ցածր վարկային տեղաբաշխումները:
Այլ կերպ ասած` ՀՀ-ին տրված վարկային պորտֆելը և ՀՀ-ից ստացվող եկամուտները դեռևս համարվում են միջինից բարձր եկամուտ ապահովող: Այդ տեսակետից ֆինանսապես ինձ չի թվում, որ իրենց շահավետ կլինի այսօր ազատվել դրանցից: Այլ բան, որ դրանք կարող են օգտագործել ՀՀ կողմից երկրորդ տեղաբաշխումը կատարելու դեպքում, դրա եկամտաբերությունը փորձեն բարձրացնել, որպեսզի իրենք կարողանան ավելի շատ գումար վաստակել: Այդ տեսակետից կարող է նաև սպեկուլյատիվ որոշակի գործարքների ականատես լինենք:
Մասնավորապես` մինչև երկրորդ տեղաբաշխման մասին որոշում կայացնեն, շուկայում ազդելու տեսակետից նախորդ տեղաբաշխումից շատ պարտատոմսեր լցնեն վաճառքի, որի արդյունքում պարտատոմսերի արժեքը կսկսի անկում ապրել, եկամտաբերությունը կբարձրանա, որպեսզի ճնշում գործադրեն ՀՀ-ի կառավարության վրա, որ ավելի բարձր եկամտաբերությամբ փորձեն ձեռք բերել այդ պարտատոմսերը: Սրանք շուկայական տարրական սպեկուլյատիվ գործարքներ են, և առաջին գործարքից հետո անպայման նմանատիպ դրսևորումներ կարող են լինել: Իսկ զուտ քաղաքական բաղադրիչով պայմանավորված, դա բոլոր դեպքերում արտացոլվում է ռիսկի մեջ, իսկ ռիսկն ի վերջո բերում է տոկոսադրույքի բարձրացման:
– Չե՞ք կարծում, որ ՀՀ կառավարությունը կարծես ցայտնոտի մեջ է` գումար է պետք: Կենսաթոշակային հիմնադրամների միջոցով նախատեսված ծավալը չապահովվեց, նախորդ տարի ներդրումները գրեթե զրոյական են եղել, հիմա այս քայլին են ուզում դիմել, որ գումար ներգրավեն: Ի՞նչ է կատարվում:
– Եթե կառավարությունն ուզում էր կենսաթոշակայինով փող հավաքել, դրա սխեման կա: Բայց դա նշանակում է` պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգը պետք է աշխատացնել, ոչ թե պարտադիր կուտակային համակարգը` անկախ, թե անունն ինչ են դնում: Բայց իմ խորին համոզմամբ` իրենք կուտակայինով այդ խնդիրը չէին դրել ու չէին լուծում, և կյանքն էլ ցույց տվեց, որ այդ խնդիրը չի իրենց առջև դրված: Առավել ևս, երբ անգամ հավաքագրված միջոցների ծախսման ուղղությունները, եկամտաբերությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվությունը ոչինչ չի տալիս:
Շատ հաճախ մենք հանդիպում ենք տեղեկատվության փակ վիճակի, որի հետևանքով չենք էլ կարողանում գնահատել` որքան միջոց կուտակվեց և որտեղ ներդրվեց ՀՀ տնտեսության մեջ: Ի դեպ, սա կարևոր հարցերից մեկն է, որ այս տարի մարտի 31-ին Սահմանադրական դատարանում գործի քննությանն էական կարևոր նշանակություն պետք է հաղորդի:
Երկրորդ` ներքին խնայողությունների հավաքագրման տեսակետից` տեսնում ենք, որ չկա ոչ միայն մեխանիզմը, այլև վստահությունը: Արտաքին ներդրումների ապահովման տեսակետից` մենք 2 խնդիր ունենք: Առաջինը` իսկապես միջազգային անբարենպաստ վիճակը և տարածաշրջանում լարվածությունը, այսինքն` այստեղ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկը չափազանց բարձր է, և ներդրողները հաճախ խուսափում են: Երկրորդ` երկրի ներսում տեղի ունեցող զարգացումները` թե՛ ներքաղաքական, թե՛ բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունները: Ներքաղաքականի առումով, բնականաբար, չափազանց բացասական են անդրադառնում անընդհատ լարվածությունն ու անընդհատ անհամաձայնեցված գործողությունները, որոնց արդյունքում որևէ ներդրող, բնականաբար, շատ բարձր կգնահատի այն ռիսկը, որ պետք է Հայաստանում ներդրում կատարի:
Բարեփոխումների տեսակետից` խոսքը գնում է հատկապես ներդրումների պաշտպանության համակարգի մասին. սկսած արդարադատությունից` ավարտած պարզագույն կատարված ներդրման պաշտպանության համակարգերով: Այս բոլորի բացակայությունն արդեն ցույց է տալիս, որ ՀՀ ներդրումային միջավայրը չափազանց վատ է ու վատ է անդրադառնում տնտեսության բոլոր ճյուղերի և ուղղությունների վրա: Եթե գումարենք նաև ներքին մի շարք խնդիրներ, ինչպիսին մենաշնորհն է, ինչպիսին քաղաքացիների վճարունակության անկումն է, այս ամենը բերում են վատատեսական սցենարի ձևավորմանը: