Բաժիններ՝

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի իշխանություններն արգասաբեր և արդյունավետ երկխոսություն ունենան քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի մարմինների հետ». Աննա Ինոչենտի

«Մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում Հայաստանը բազմաթիվ այլ պարտավորություններ էլ է ստանձնել, որոնց հետ կապված՝ նույնպես պետք է բովանդակային պատասխաններ ներկայացնի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց «Human Rights House» հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների իրավիճակը 4.5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Պետությունները ներկայացնում են իրենց զեկույցները՝ նշելով, թե ինչ աշխատանքներ են տարել Մարդու իրավունքների ոլորտում բարելավումներ կատարելու ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ յուրաքանչյուր պետությունում գործող հասարակական կազմակերպությունները ներկայացնում են իրենց այլընտրանքային զեկույցները մարդու իրավունքների խախտումների և բարեփոխումների վերաբերյալ: Այս տարի հունվարի 22-ին՝ հերթական զեկույցի ներկայացման ժամանակ, ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց գնահատականն էին տվել. ամփոփելով և հաշվի առնելով Հայաստանի ներկայացրած զեկույցները՝ իրենց հանձնարարականներն էին ուղղել Հայաստանին:

2012 թվականի օգոստոսին Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրեց և քննարկեց Հայաստանի կողմից քաղաքացիական, քաղաքական իրավունքների կողմից միջազգային պաշտոնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը: Կոմիտեն Հայաստանին ուղղեց մոտ 25 հանձնարարական, և կառավարությանը 4 տարի ժամանակ տրվեց այդ 25 հանձնարարականների իրագործման ուղղությամբ աշխատելու համար: Այդ 25 հանձնարարականներից 3-ը կոմիտեն ճանաչեց առաջնահերթ, և դրանց իրագործման ուղղությամբ աշխատելու համար պետությանը տրվեց 12 ամիս՝ 1 տարի: Սակայն 2014 թվականի մարտին հանձնաժողովը եզրակացրեց, որ այդ 3 հանձնարարականները չեն կատարվել:

Ա. Ինոչենտիի խոսքով՝ հանձնարարականները վերաբերում են ոչ միայն քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային պաշտոնագրերին, այլ ուրիշ միջազգային պայմանագրերին ևս:

Նա ընթերցեց այն, ինչ փաստացի ներկայացվել է միջազգային մարմինների հանձնաժողովներից՝ հանձնարարականների տեսքով.

«Հայաստանը պետք է ապահովի, որպեսզի խտրականության հայաստանյան սահմանման մեջ ներառվեն պաշտոնագրով նախատեսված բոլոր խտրականության ձևերը՝ դա ներառում է ռասա, մաշկի գույն, կրոն, սեռ, սեռական կողմնորոշում և այլն: Երկրորդ կետն այն է, որ մասնակից պետությունը պետք է հատուկ օրենք ընդունի՝ գենդերային հավասարության մասին, ինչպես նաև՝ պետք է պաշտոնապես ճանաչի, որ կանանց նկատմամբ խտրականությունն առանձնահատուկ բնույթ ունի»:

Ա. Ինոչենտին նշեց, որ մարդու իրավունքների հանձնարարականներից է նաև այն, որ պետությունը պետք է օրենք ընդունի, որը կքրեականացնի ընտանեկան բռնության բոլոր ձևերը և ընտանեկան բռնությունը կներառի հատկապես հատուկ դրույթով քրեական օրենսգրքում.

«Պետությունը պետք է նաև պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն:

Պետությունը պետք է զինված ուժերում բացառի արտականոնադրական կամ ոչ կանոնադրական հարաբերությունները, ճնշումները, ոտնձգությունները»:

Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների խախտումների դիտարկման, ինչպես նաև՝ դեպքերի մասին հատուկ ընթացակարգերին հաղորդումներ և զեկույցներ ներկայացնելու առումով:

Ա. Ինոչենտիի խոսքով՝ Հայաստանն այն պետություններից է, որը Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ բանաձևը վավերացրել է: Այդ բանաձևը վավերացվել է 2013 թվականի մարտին.

«Բոլոր պետությունները պարտավորվում են ամենաբարձր մակարդակով ճանաչել քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարումը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման գործում:

Քաղաքացիական հասարակության հիմնական և առաջնային դերակատարումն է՝ մշտադիտարկել Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման ընթացքը, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի իշխանություններն արգասաբեր և արդյունավետ երկխոսություն ունենան քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի մարմինների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս