Բորիս Նավասարդյան. «ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հայաստանը պատանդ է դարձել, որի հետևանքով չի բանակցում ԵՄ-ի հետ»
Եվրոպական միության պաշտոնյաները շարունակում են հայաստանյան իշխանություններին ուղերձներ հղել: Ինչպես նախորդ ամիս 168.am-ի հետ զրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, այնպես էլ երեկ «Ազատության» հետ զրույցում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը պնդել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը նույնիսկ չեն հստակեցրել ապագա համագործակցության ոլորտներն ու հարաբերությունների ձևաչափը:
Ավելին, ԵՄ պաշտոնյաների կարծիքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան մշուշոտ է, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է, թեև ԵՄ առաջարկները և խորհուրդները շատ են: Սակայն հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունից շուրջ մեկ տարի անց տեղեկություններ տարածվեցին, թե Հայաստանն ու Եվրոպական միությունը վերսկսել են հարաբերությունների ապագան հստակեցնելու շուրջ աշխատանքները. դրանց առաջին փուլը կայացել էր 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ երկրորդ փուլը` հունվարին՝ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստի շրջանակում, որին ՀՀ-ն ու ԵՄ-ն ներկայացված էին բավականին ներկայացուցչական կազմով:
168.am-ի հետ զրույցում Եվրոպական միության Արևելյան գործընկերության հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը փորձեց պարզաբանել, թե ինչո՞վ են զբաղված եղել Հայաստանն ու Եվրոպական միությունն այս ընթացքում, կողմերն իրականում բանակցե՞լ են, թե՞ շփվել: Բորիս Նավասարդյանն ասաց, որ այն շփումները, հանդիպումները, որոնք տեղի են ունենում 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ի և ՀՀ-ի պաշտոնյաների միջև, շատ դժվար է կոչել բանակցություններ: Ըստ նրա` բանակցություններ սովորաբար կոնկրետ առարկայի շուրջ են կայանում, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կոնկրետ քննարկման առարկա գոյություն չունի, քանի որ, ինչպես նշում են ԵՄ պաշտոնյաները, Հայաստանը պետք է կողմնորոշվի` ինչ չափով, ինչ խորությամբ և ինչ ոլորտներում է պատրաստ համագործակցել ԵՄ-ի հետ, ինչ կարգավիճակի, իրավաբանորեն որքան կաշկանդված փաստաթղթի ստորագրման է պատրաստ Հայաստանը: «Փաստորեն, մինչ այսօր դրա վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չի ներկայացրել Հայաստանը: Այնպես որ, մինչև դա չլինի՝ խոսել բանակցությունների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակության և ձևաչափի մասին՝ շատ դժվար է»,- ասաց Նավասարդյանը:
Հարցին, թե շփումների պայմաններում ի՞նչ կարելի է ակնկալել մայիսին նախատեսվող ԱլԳ Ռիգայի գագաթաժողովից ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, պատասխանեց, որ հռչակագիր միշտ էլ կարելի է սպասել, բայց այն գործնականում ոչինչ չի նշանակելու ու, լավագույն դեպքում, կարող է արձանագրել երկկողմանի ցանկությունը և հետաքրքրվածությունը՝ հարաբերությունների կոնկրետացման և հստակեցման տեսանկյունից: «Այլ կոնկրետացում ես չեմ սպասում Ռիգայի գագաթաժողովից՝ շատ պարզ պատճառով` հարաբերությունները Ռուսաստանի և ԵՄ-ի միջև շարունակում են սրվել, և Հայաստանը՝ հաշվի առնելով իր կախվածությունը Ռուսաստանից, պատանդ է մնացել այս հարցում: Նույնիսկ, եթե մինչև Ռիգայի գագաթաժողովն ինչ-ինչ լուծումներ կգտնվեն ուկրաինական ճգնաժամի ուղղությամբ, քիչ ժամանակ է մնացել, իսկ Հայաստանի հետ ավելի խորը և ավելի հստակ փաստաթուղթ ձևավորելու համար եվրոպական բյուրոկրատիան պատրաստ չէ արագ աշխատել»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նաև նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի առջև կոնկրետ սահմանափակումներ չի դրել, բայց կա չձևակերպված խորհուրդ. Ռուսաստանը հետաքրրքված չէ, որ Հայաստանը գնա ինչ-որ գործնական հետևանքներ խոստացող բանակցությունների ճանապարհով: «ՀՀ իշխանությունները, բնականաբար, մնում են կաշկանդված՝ այդպիսի ոչ ֆորմալ խորհուրդ ունենալով Մոսկվայի կողմից»,- նկատեց նա:
Դիտարկմանը` միգուցե Ռուսաստան-Արևմուտք չհստակեցված հարաբերությունների պայմաններում ճի՞շտ է ՀՀ իշխանությունների կողմից հարաբերությունների վերաբերյալ տեսլական չհայտնելու մոտեցումը, Բ. Նավասարդյանն արձագանքեց՝ ասելով, որ եթե լիներ տեսլական և շոշափելի, իրատեսական հեռանկարներ, միգուցե որոշակի խորհրդապահությունը, հաշվի առնելով սրված միջազգային հարաբերությունները, իմաստ կունենար: «Բայց ես կարծում եմ, որ հստակ հեռանկարներ չկան, դրանց մասին կոնկրետ խոսակցություններ` ևս: Որպես տարբերակներ՝ միգուցե դրանք այդ հանդիպումների ընթացքում շոշափվում են, բայց որևէ պատասխանատվություն Հայաստանը, բնականաբար, չի վերցնում: Իսկ դա նշանակում է, որ կարող է լինել, կարող է և չլինել: Իսկ այդպիսի ոչ հստակ դիրքորոշման ու պահվածքի դեպքում, բնականաբար, նաև լուրջ փաստաթղթեր չեն ձևավորվում»,- նման կարծիք հայտնեց Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ավելի վաղ ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նշել էր, որ ՀՀ-ԵՄ պաշտոնական բանակցությունների մեկնարկը կարող է հայտարարվել Ռիգայում: Թեև դա, նրա գնահատմամբ, մնում է հավակնոտ թիրախ: «Ռիգայում այլ հնարավոր թիրախներ կարող են լինել որոշակի ոլորտների հետ կապված, ինչպիսին տեխնոլոգիան է, ավիացիան ու հետազոտությունը, համագործակցությանը վերաբերող համաձայնագրեր»,- մանրամասնել էր նա` ակնարկելով, որ կոնկրետ համաձայնագրի շուրջ աշխատանքների մեկնարկից առաջ պետք է տարվեն այլ աշխատանքներ` շփումներ, հանդիպումներ, շրջանակավորման գործընթացներ ևս: