Հայաստանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի 3 առաջնահերթ հանձնարարականները չեն կատարվել
Մարդու իրավունքների իրավիճակը 4.5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Պետությունները ներկայացնում են իրենց զեկույցները՝ նշելով, թե ինչ աշխատանքներ են տարել Մարդու իրավունքների ոլորտում բարելավումներ կատարելու ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ յուրաքանչյուր պետությունում գործող հասարակական կազմակերպությունները ներկայացնում են իրենց այլընտրանքային զեկույցները մարդու իրավունքների խախտումների և բարեփոխումների վերաբերյալ: Այս տարի հունվարի 22-ին՝ հերթական զեկույցի ներկայացման ժամանակ, ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց գնահատականն էին տվել. ամփոփելով և հաշվի առնելով Հայաստանի ներկայացրած զեկույցները՝ իրենց հանձնարարականներն էին ուղղել Հայաստանին:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2014 թվականի մարտին հանձնաժողովն ուսումնասիրել է կառավարությունից և հասարակական կազմակերպություններից ստացված տեղեկությունները Հայաստանում 3 առաջնահերթ հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և եզրակացրել է, որ այդ 3 առաջնահերթ հանձնարարականները չեն կատարվել, և այդ իմաստով նշանակել է C գնահատականը, որը հավասարազոր է այդ հանձնարարականները չիրագործելուն:
Նշենք, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնը գտնվում է Ժնևում, որը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հետ:
Հայաստանն աշխարհի այն 168 պետություններից է, որոնք վավերացրել են քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Վավերացնելով համաձայնագիրը՝ Հայաստանը պարտավորվել է կատարել այդ դաշնագրով նախատեսված պարտավորությունները և դրանց իրագործման ուղղությամբ աշխատել Ժնևում գտնվող Մարդու իրավունքների կոմիտեի հետ:
Վ. Պլոտոն հիշատակեց, որ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքներին առնչվող միջազգային հիմնական համաձայնագրերի մեծ մասը.
«Մենք կարծում ենք, որ հասարակության բոլոր հատվածներում, այդ թվում՝ կառավարության կողմից, դեռևս ավելին պետք է արվի, որպեսզի բարելավվեն միջազգային այս պայմանագրերի, մասնավորապես՝ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների իրագործման ցուցանիշները»:
Նրա խոսքով՝ 2012 թվականի օգոստոսին Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրեց և քննարկեց Հայաստանի կողմից քաղաքացիական, քաղաքական իրավունքների կողմից միջազգային պաշտոնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը: Կոմիտեն Հայաստանին ուղղեց մոտ 25 հանձնարարական, և կառավարությանը 4 տարի ժամանակ տրվեց այդ 25 հանձնարարականների իրագործման ուղղությամբ աշխատելու համար:
Այդ 25 հանձնարարականներից 3-ը կոմիտեն ճանաչեց առաջնահերթ, և դրանց իրագործման ուղղությամբ աշխատելու համար պետությանը տրվեց 12 ամիս՝ 1 տարի: Սակայն 2014 թվականի մարտին հանձնաժողովը եզրակացրեց, որ այդ 3 հանձնարարականները չեն կատարվել:
«Այդ հանձնարարաաանները վերաբերվում են սռաջին՝ 2008 թվականի մարտի իրադարձություններին, դրանց հետ կապված անպատժելիությանը և Ոստիկանության և իրավապահ մարմիննների կողմից չափազանց մեծ ուժի գործադրմանը, երկրորդ՝ Հայաստանին անհրաժեշտ է խոշտանգումների մասին բողոքները քննող և մեղավորներին պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմ ստեղծել, իսկ երրորդը վերաբերում է դատական համակարգի անկախությանը»,- նշեց Վ. Պլոտոն:
Ըստ նրա՝ դրական հանգամանք է, որ Հայաստանի համար բոլոր այս հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքները շարունակելու հնարավորություն դեռևս կա. «Կոչ ենք անում կառավարությանը և հասարակության մեջ գործող բոլոր անձանց, որպեսզի լրացուցիչ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ և առաջընթաց ապահովեն՝ նախքան հաջորդ զեկույցի համար սահմանված ժամկետը՝ 2016 թվականի հուլիսը»: