Բաժիններ՝

Դերասանն ինքնաթիռի տոմս չէ, որ «լիմիթը» վերջանա. Արթուր Հակոբյան

Life.panorama.am-ի այսօրվա հյուրը դերասան Արթուր Հակոբյանն է, ում հետ զրուցեցինք ներկայիս զբաղվածության, ժամանակակից եթերային հումորի, նաև ընտանիքի ու իր կյանքում տեղ գտած հետաքրքիր միջադեպերի շուրջ:

-Պարոն Հակոբյան, դերասաններն էկրանային «լիմի՞թ» ունեն, որոշ ժամանակ երևալուց հետո միանգամից բացակայում են:

-Դերասանն ինքնաթիռի տոմս չէ, որ «լիմիթը» վերջանա: Աստծո պարգևը վերջանում է Աստծո մոտ: Իսկ այն, որ մեր գործը միմիայն Տիրոջ պարգևն է, անհերքելի փաստ է: Այնպես որ, միանշանակ կդժվարանամ նշել այն պատճառները, թե ինչու են դերասանների մի մասը էկրաններին որոշ շրջան շատ ակտիվ, որոշ շրջան էլ՝ շատ պասիվ լինում:

t1(4)

-Քանի որ էկրանային «պարապուրդի» մեջ եք, ինչո՞վ եք հիմա զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Այնքան էլ «պարապ» չեմ եղել, այս ընթացքում նկարահանվել եմ երկու գեղարվեստական ֆիլմերում՝ «Նախաճաշ երկուսի համար» և «Ճամբարում»: Նաև, զբաղված եմ ներկայացումներով, ավելի ճիշտ՝ հումորային համերգային ծրագրերով:

-Այսօր եթերը ողողված է հումորային հաղորդաշարերով: Դուք այդ «դպրոցում» լուրջ ճանապարհ եք անցել: Որակ կա՞ նախագծերում, նկատո՞ւմ եք:

-Գիտեք, բոլոր ժամանակներում էլ եղել են և որակյալ, և անորակ, լուրջ և անլուրջ մոտեցումներ: Որ այսօր կան շատ շնորհալի երիտասարդներ միանշանակ է: Այլ բան է, որ կան նաև «այդ գործն» անող մարդիկ, որոնց, եթե անգամ տոմս առնեն, թատրոնի դահլիճ պետք է չթողնեն, էլ ուր մնաց բեմ:

-Իսկ ի՞նչն է պակասում ժամանակակից երգիծանքին ու երգիծաբաններին:

-Թատերագետները կիմանան: Ես չգիտեմ:

-Դուք ժամանակին հումորային սկետչներով, նախագծերով էիք ներկայանում: Չե՞ք մտածում նման բան ստեղծելու մասին:

-Ոչ:

-Ինչո՞ւ այդքան կտրուկ:

-Թող դա լինի իմ գաղտնիքը: Ես սկետչներ հիմա էլ գրում եմ, բեմադրում ու խաղում: Լավն է, թե վատը՝ դա իմն է, հանդիսատեսն էլ որոշում է՝ գա՞լ, թե ոչ: Այնպես որ, ուրիշի «վզին» չեմ փաթաթում:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց կոմեդիայի ժանրը:

-Կարծում եմ, կոմեդիան թատերական ժանրի ամենադժվար ճյուղն է: Բայց ասեմ, որ ես տրագիկոմեդիայի նվիրյալն եմ: Ցավոք, նմանատիպ դերերով հանդես գալու առիթները հազվադեպ էին, շատ հազվադեպ. թատրոնում ընդամենը երկու-երեք դեր, կինոյում՝ ոչ մի: Ափսոս…

-Կա՞ն դերասաններ, ովքեր Ձեզ համար օրինակելի են եղել, որոնցից կարելի էր սովորել:

-Իհարկե շատ կցանկանայի, գոնե կես անգամ Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի խաղընկերը եղած լինեի:

-Գաղտնիք չէ, որ ծնունդով գյումրեցի եք: Արդեն որքա՞ն ժամանակ է, որ Երևանում եք ապրում: Չե՞ք կարոտում Գյումրին:

– Գյումրին իմ շնչառությունն է: Երևանում եմ շատ վաղուց, ուսանողական տարիներից:

-Էկրաններին կենսախինդ եք, հումորով: Կյանքում կարծեք թե շա՜տ լուրջ եք:

-(Ծիծաղում է) Եթե դերասանը և՛ կյանքում, և՛ իր դերերում նույնն է, նշանակում է՝ հիվանդ է: Ես հիվանդ չեմ:

– Հումորը օգնո՞ւմ է կյանքում:

– Անշուշտ, միանշանակ, հաստատ: Իհարկե, խոսքն առողջ հումորի մասին է:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրով. ունեմ մեկ կին, մեկ տղա և մեկ աղջիկ: Երեխաներս ուսանողներ են: Որդիս Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող է, չգիտեմ ինչու (ծիծաղում է): Դստրիկս Պետական համալսարանի հոգեբանության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում է սովորում: Կինս երաժիշտ է, ավարտել է Կոնսերվատորիան՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանը: Ես երջանիկ եմ, նրանք իմ կյանքի իմաստն են, սրտիս աշխատանքը: Ցավոք, վերջին երկու տարվա ընթացքում կորցրեցի և՛ մայրիկիս, և՛ հայրիկիս:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս