Բաժիններ՝

Ինչի հաշվին է ՀԷՑ-ը 8.4 միլիարդ դրամի ներդրում կատարելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2015թ. ներդրումային ծրագիրը: Ըստ այդմ՝ ՀԷՑ-ը ծրագրում է այս տարի ներդնել 8 մլրդ 392 մլն դրամ՝ էլեկտրատեխնիկականկառուցվածքի պահպանության, մատակարարվող էլեկտրաէներգիայի որակիբարձրացման, ինչպես նաև նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին տեխնոլոգիական միացումների կատարման համար:

168.am-ի հետ զրույցում ՀԾԿՀ Զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը այս պահի գործոններով իրատեսական է: Ըստ նրա՝ ներկայացված ծրագիրը դեռ ենթակա է փոփոխությունների, այժմ այն քննարկվելու է հասարակական կազմակերպությունների հետ:

Խոսելով այն մասին,  թե մինչ այս ՀԷՑ-ի ներդրումային պարտավորությունները որքանո՞վ են իրականացվել, Ա.Բուդաղյանը նաև նշեց, որ այժմ ՀԾԿՀ-ում քննարկման փուլում է ՀԷՑ-ի 2013 թ. ներդրումների գնահատականը, որն ամփոփելուց հետո կհրապարակվի:

Ըստ ՀԷՑ-ի ծրագրի՝ ընկերությունն իր ներդրումային ծրագրերի իրականացման հիմնական ֆինանսավորման աղբյուր է համարում սակագնային մարժայի հաշվարկում ներառված մաշվածությունը, շահույթը, ինչպես նաև փոխառու դրամական միջոցները: Հաշվի առնելով նաև, որ սակագնի մեծության մեջ որոշիչ դեր ունի տարադրամի փոխարժեքը, որը զգալի մեծացել է նախորդ տարվա համեմատ, չի բացառվում, որ ՀԷՑ-ը կդիմի ՀԾԿՀ-ին՝ սակագնի վերանայման համար: Առայժմ ՀԾԿՀ-ում նման դիմում չկա:

 

Հիշեցնենք, որ անցած տարի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի 3.85 դրամով թանկացման համար որպես հիմնական «մեղավոր» նշվում էր «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքը: Ընդ որում՝ ՀԾԿՀ-ն ինքն էր նախաձեռնել սակագնի վերանայումը: Մինչդեռ, ընդդիմադիր գործիչները պնդում էին, որ ՀԷՑ-ը գերշահույթ է ստանում՝ 16 դրամով ձեռք բերած էլեկտրաէներգիայի վրա 13 դրամ  ավելացնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս