Բաժիններ՝

Հայաստանցի գիտնականն ընտրվել է Միլանի Ամբրոզիան Ակադեմիայի անդամ

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվեց, որ Միլանի Ամբրոզիան Ակադեմիայի Գիտական խորհուրդն ընտրել է իրեն Մերձավոր Արևելքի Հայկական բաժնի ակադեմիկոս:

Անվանակարգի հանձնման արարողությունը տեղի է ունենալու 2015 թվականի նոյեմբերի 9-ին, ամենամյա Ակադեմիական օրերի ընթացքում:

Անցյալ տարի այդ տիտղոսի շնորհման արարողությունը տեղի է ունեցել նույնպես նոյեմբերյան այդ օրերին Ամբրոզիան Ակադեմիայի նախագահ, արքեպիսկոպոս Ֆրանկո Բուցցիի կողմից: Արարողությանը մասնակցել է նաև Ամբրոզիան Ակադեմիայի Գլխավոր նախագահ՝ Միլանի արքեպիսկոպոս Կարդինալ Անգելո Սկոլան:

Ամբրոզիան Գրադարանն աշխարհի հնագույն գիտական ինստիտուտներից մեկն է: Այն հիմնադրվել է 1600-ականներին Միլանի Արքեպիսկոպոս կարդինալ Ֆեդերիկո Բորոմեոյի (1564-1631) կողմից՝ որպես հանրային գրադարան (այն երկրորդ գրադարանն է Եվրոպայում՝ Օքսֆորդի Բոդլերյան գրադարանից հետո) և գիտահետազոտական կենտրոն է:

Կարդինալ Բորոմեոյի մահից հետո, նրա եվրոպական և արևելյան ձեռագրերի մեծ հավաքածուն, ինչպես նաև՝ ավելի քան 30,000 գրքերից բաղկացած գրադարանը և արվեստի գործերի հավաքածուն ժառանգվեցին ինստիտուտին, որն անվանվեց Միլան քաղաքի հովանավոր սրբի՝ Ամբրոզիոսի անունով:

Դարերի ընթացքում գրադարանն ու թանգարանն աճեցին, և ստեղծվեց արվեստի և հումանիտար գիտությունների Իտալիայի և ամբողջ Եվրոպայի ամենահեղինակավոր գիտահետազոտական և ուսումնական կենտրոններից մեկը:

Ակադեմիան բաղկացած է յոթ՝ Բորոմյան (կարդինալ Ֆեդերիկո Բորոմեոյի անունով), Ամբրոսյան, հունական և լատինագիտական, սլավոնագիտական, Մերձավոր Արևելյան, Հեռավոր Արևելքի և աֆրիկյան հետազոտությունների բաժիններից:

Բորոմյան բաժինը վերաբերում է աշխարհիկ և եկեղեցական պատմության, արվեստագիտության, գրականագիտության ասպարեզի ուսումնասիրություններին: Ամբրոզիան ակադեմիան այսօր ունի մոտ 250 անդամ, որոնք ընտրվում են գիտնականների խորհրդի կազմից և նշանակվում Ակադեմիայի նախագահի՝ արքեպիսկոպոս Ֆրանկո Բուցցիի կողմից: Ակադեմիայի անդամներն ընտրվում են ցմահ, տվյալ բաժնի ուսումնասիրությունների ոլորտում իրենց մշակութային և գիտական ճանաչման և ներդրման համար:

Ամբրոզիան Ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ, արարողակարգի համաձայն՝ նորընծա ակադեմիկոսները կարդում են իրենց ուսումնասիրություններին համապատասխանող դասախոսություն, որը հետագայում տպագրվում է Ամբրոզիան գրադարանի հանդեսում:

Մերձավոր Արևելքի Հայկական բաժնի ակադեմիկոսներ են այնպիսի ճանաչված հայագետներ, ինչպիսիք են Տիգրան Կույումջյանը, Պիտեր Քաուն,Վալենտինա Կալցոլարին,Աննա Շիրինյանը,Ալդո Ֆերրարին և ուրիշներ:

Լ.Չուգասզյանը բազմաթիվ ուսումնասիրությունների և հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Իտալիայում: Ունի ուսումնասիրություններ հայ մանրանկարչության և իտալական միջնադարյան արվեստի միջև եղած ընդհանրությունների վերաբերյալ:

Նա հեղինակ է երկու մենագրության՝ «Գրիգոր Ծաղկող» և «Արշակ Ֆեթվաճյան»: Լ.Չուգասզյանը դասախոսությունների շարքով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների համալսարաններում` Բոլոնիայի (1991թ.), Մասաչուսեթսի Բրադֆորդ քոլեջ (1997թ.), Արևելյան Անգլիայի համալսարան (2000թ.), Լոս Անջելեսի համալսարան (2005թ.), Ֆրեզնոյի համալսարան (2006թ.), Բուդապեշտի կենտրոնական եվրոպական համալսարան (2011թ.), մեկական դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարաններում և թանգարաններում, Կանադայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիբանանի, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Նորվեգիայի և մանավանդ Իտալիայի համալսարաններում (Բոլոնիայի, Վենետիկի, Պիզայի, Սիենայի) և նաև Ֆլորենցիայի արվեստի պատմության գերմանական ինստիտուտում, և այլն: 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի և Կալիֆոռնիայի Սենատի պատվոգրերի: 2012թ. նրան շնորհվել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս