Բաժիններ՝

Էրդողանի ու Դավութօղլուի միջև «սառը քամիներ» են անցել. թուրքական մամուլ

Թուրքական Gerçek Gündem‎ կայքի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Դրա հետ կապված՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրացուցակը պատրաստելու հարցը ճգնաժամ է առաջացրել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի փոխհարաբերություններում:

Էրդողանը չի թույլատրել, որ ԱԶԿ-ի ընտրացուցակի պատրաստմամբ զբաղվի ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Էրդողանը Դավութօղլուին հանձնել է միայն նրա հայրենի Քոնիայի տարածաշրջանը: Դավութօղլուի առարկությունից հետո որոշվել է Թուրքիայի նահանգները բաժանել երկու մասի:

Սակայն Ահմեթ Դավութօղլուին բաժին են ընկել այն նահանգները, որոնց հատկացված են պատգամավորական քիչ մանդատներ՝ կապված դրանց բնակչության թվաքանակի հեը: Իսկ ահա մեծ նահանգների թեկնածուների ցուցակը պատրաստելու է Էրդողանը: Էրդողանի ու Դավութօղլուի միջև «սառը քամիների» անցնելը տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ ԱԶԿ-ի ավելի քան 70 կարկառուն ներկայացուցիչ (Ռեջեփ Էրդողան, Բյուլենթ Արընչ, Բեշիր Աթալայ, Ալի Բաբաջան, Ջեմիլ Չիչեք, Նիհաթ Էրգյուն, Բինալի Յըլդըրըմ, Թաներ Յըլդըզ, Հուսեին Չելիք, Բեքիր Բոզդաղ, Սադուլլահ Էրգին, Մևլյութ Չավուշօղլու, Էգեմեն Բաղըշ և այլք), այս անգամ չի կարող իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Դա կապված է ԱԶԿ-ի ներքին կանոնակարգի հետ, ըստ որի՝ կուսակցության անդամը չի կարող երեք անգամից ավելի ընտրվել պատգամավոր: Իսկ վերոնշյալ անձինք արդեն իսկ պատգամավորներ են դարձել 2002, 2007 և 2011 թվականների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ դրանով իսկ ընկնելով «3 ժամկետի» արգելքի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս