Իլհամ Ալիևը շտապում է TANAP գազատարի կառուցման հարցում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում մասնակցել է «Դիվերսիֆիկացման ռազմավարություն» թեմայի քննարկմանը:

Իր ելույթում Ալիևը հիշեցրել է վերջին երկու տասնամյակում Ադրբեջանի կառուցած նավթամուղերի ու գազամուղերի մասին, որոնք իրենց ներդրումն են ունենում Եվրոպայի էներգոանվտանգության հարցում. «Այսօր Ադրբեջանից ստացվող նավթը եվրոպական մի շարք երկրների էներգետիկ հաշվեկշռում կազմում է 30-40 տոկոս: Այժմ եկել է բնական գազի հերթը:

Ադրբեջանական գազն արդեն իսկ հասել է տարածաշրջանային շուկա` Վրաստան, Թուրքիա, Իրան ու Ռուսաստան: 2012 թվականին Թուրքիայի հետ ստորագրեցինք «Անդրանատոլիական» (TANAP)  գազատարի մասին համաձայնագիրը: Առանց այդ համաձայնագրի` «Հարավային գազային միջանցքի» նախագիծը կմնար միայն որպես լավ գաղափար:

2013 թվականին «Անդրադրիատիկ» (ТАР) գազատարն ընտրվեց որպես Եվրոպա գազի մատակարարման հիմնական երթուղի: 2014 թվականի սեպտեմբերի 20-ին Բավքում տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը, և մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել հիմնական ենթակառուցվածքների իրագործմանը:

«Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման հետ միասին այդ նախագծերի ներդրումային արժեքը կազմելու է 45 միլիարդ դոլար: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է համակարգել շահագրգիռ պետությունների միջև աշխատանքները:

Մեզ անհրաժեշտ է համակարգում ու օպերատիվություն: Եվրոպական կազմակերպությունների կանոնները խլում են շատ ժամանակ: Մենք բախվում ենք բյուրոկրատիայի հետ, սակայն մենք չեն կարող ժամանակ կորցնել:

Ադրբեջանական գազը կդառնա գազի միակ նոր աղբյուրը, որը եվրոպացի սպառողները կստանան մոտ ապագայում: Մյուս բոլոր նախագծերը նախատեսում են ոչ թե աղբյուրների, այլ` երթուղիների դիվերսիֆիկացում:

Գազի մեր ապացուցված պաշարները կազմում են նվազագույնը 2.5 տրիլիոն խորանարդ մետր: Դա գազային նախագիծ է, որը կշարունակվի տասնամյակներ, հարյուրամյակներ ու զգալիորեն կփոխի Եվրոպայի էներգետիկ քարտեզը:

Աշխատանքներն ընթանում են գրաֆիկին համապատասխան: Կառուցումն արդեն իսկ մեկնարկել է, խողովակները պատվիրվել են, կապալառուներն ընտրվել են: Մենք պարտավորվել ենք TANAP նախագիծն իրագործել մինչև 2018 թվականը, իսկ ТАР նախագիծը` մինչև 2020 թվականը»:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ առողջ մրցակցություն է սկսվել «Թուրքական հոսք» և TANAP գազատարների միջև: Իսկ սրանից երկու օր առաջ էլ հաղորդվել էր, թե Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են լինում «Թուրքական հոսք» գազատարի տեխնիկական իրագործմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս