
Առողջ մրցակցություն է սկսվել «Թուրքական հոսք» և TANAP գազատարների միջև. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի երթուղու հստակեցումից հետո առողջ մրցակցություն է սկսվել նրա և «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի միջև:
Ավելի վաղ Յըլդըզը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքը» չի դառնա TANAP-ի մրցակիցը: Յըլդըզն ընդգծել է, որ «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղը, որի հզորությունը կազմելու է տարեկան 15.75 միլիարդ խորանարդ մետր, Թուրքիայի տարածք կհասնի 2016 թվականի դեկտեմբերին:
Նախօրեին «Գազպրոմը» որոշել է, որ «Թուրքական հոսքի» երթուղին պետք է անցնի Սև ծովի հատակով: «Թուրքական հոսքի» տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր: Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայում գազի տարեկան սպառումը կազմում է 48-50 միլիարդ խորանարդ մետր: