Անի Երանյան. «Ինձ սովորեցրել են գնահատել այն, ինչ ունեմ» (լուսանկարներ)
Հարցազրույց դերասանուհի Անի Երանյանի հետ
– Գիտեմ, որ շատ եք սիրում մայրիկին, Ձեր կյանքում տեղի ունեցող կարևորագույն նորություններն ու իրադարձություններն առաջինը մայրիկին եք հայտնում: Դուք «մամայի աղջի՞կ» եք:
– Ես ինձ «մամայի աղջիկ» չեմ համարում: Մամային շատ սիրելով հանդերձ՝ երբեք «մամայի աղջիկ» չեմ եղել: Առհասարակ ծնողներս ինձ երբեք երես չեն տվել: Կարծում եմ՝ դա մարդու տեսակից է գալիս: Երբեք չեմ սիրել կախվածության մեջ լինել որևէ մեկից, անգամ՝ ամենահարազատ մարդկանցից: Ինքս պետք է իմ գումարն աշխատեմ, ես պարտականություններ ունեմ իմ ծնողների հանդեպ, և այլն… Ես շատ լուրջ եմ մոտենում այդ հարցերին:
– Դուք ավելի շուտ ընկերնե՞ր եք, թե՞ մայր և աղջիկ:
– Շատ մտերիմ ընկերուհիներ ենք: Ես իմ ամենա-ամենա գաղտնիքը միմիայն իմ մամային եմ հայտնում՝ չնայած, որ ունեմ շատ լավ ու, ամենակարևորը՝ հավատարիմ ընկերներ, որոնք, գիտեմ, որ մինչև կյանքիս վերջ կողքիս են լինելու: Բայց կան հարցեր, որոնց շուրջ ես խոսում եմ միմիայն մայրիկիս հետ: Ապացուցված է, որ ծնողը երբեք որևէ մեկին չի պատմի քո գաղտնիքը և երբեք քո խոսքերը քո իսկ դեմ չի օգտագործի:
– Ինչպիսի՞ն է վերաբերմունքը հայրիկի հանդեպ: Գիտեմ, որ հայրիկին հաճախ ես այցելում:
– Հայրս ինձ համար ավագ ընկեր է: Տղամարդկային, գործնական խորհուրդներն ամենից շատ իրենից եմ հարցնում: Ուղղակի նա մի փոքր հեռու է ապրում:
– Հնարավո՞ր է լինել միակ երեխան ընտանիքում, ում ծնողները պաշտում են, և լինել «երես չառած» երեխա:
– Հնարավոր է: Մայրս մինչ օրս էլ ինձ առավոտյան պաչիկներ է անում, կարող է սուրճ, միրգ բերել անկողին, բայց դա երես տալ չէ, դա սեր է: Ինձ երբեք գումարային հարցերով երես չեն տվել: Չեն ասել, որ՝ գիտե՞ս, ինչ ուզում ես՝ արա, մենք տեր ենք, կարող ես խաղալիքդ կոտրել, մենք քեզ նորը կգնենք… Ինձ սովորեցրել են գնահատել այն, ինչ ունեմ: Դա է պատճառը, որ այն ամենին, ինչին հասել եմ, հասել եմ իմ ուժերով: Դրանից լավ դաստիարակություն չկա. դրանով մարդ ես մեծանում:
– Նշում ես, որ հայրդ բավականին լուրջ է և խիստ: Սակայն, երբ խոսք է բացվում Ձեզ վերաբերող անձնական թեմաներին, հայրիկը կարող է նաև հուզվել խոսքի ընթացքում: Գիտե՞ք արդեն, թե ինչ թեմաներով չպետք է խոսել հայրիկի հետ:
– Պապայի հետ պետք է չխոսեմ իմ հետագա ամուսնության, իմ անձնական կյանքի թեմաների շուրջ: Կամ, երբ հարցնում եմ, թե ե՞րբ կցականար թոռնիկ ունենալ, զգում եմ, որ պապաս մի տեսակ փոխվում է, հուզվում է… Հայրիկիս համար ես միանգամից մեծացա՝ հեռավորության պատճառով նա չզգաց իմ մեծանալը: Երբեմն նա չի պատկերացնում, որ ես 24 տարեկան եմ և կարող եմ ինչ-որ հարցերի շուրջ իր հետ նստել ու հավասար խոսել:
– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն երեխաներին, որոնց հայրն ու մայրն առանձին են ապրում:
– Համարում եմ, որ ընտանիքը շատ կարևոր է մարդու կյանքում: Եթե հնարավորություն կա ընտանիքը պահելու՝ պետք է պահել: Սակայն երբեմն հակասում եմ իմ իսկ ասածներին, որովհետև կան ընտանիքներ, որտեղ ամուսիններն ապրում են առանց սիրո, և այդտեղ տուժում են առաջին հերթին՝ երեխաները:
– Շատ անգամ նրանք պատճառաբանում են, որ շարունակում են «իրար տանջել»՝ հանուն այդ երեխաների մի տանիքի տակ ապրելով:
– Ես դա սխալ եմ համարում: Երեխան տեսնում և զգում է ամեն ինչ: Միգուցե և չարտահայտվի, բայց զգում է ամեն բան: Կարծում եմ, որ ամեն ոք պետք է ունենա իր անձնական երջանկությունը:
– Դուք դա հիմա եք ասում, փոքր ժամակա՞կ էլ այդպես էիք մտածում:
– Այո, և գիտե՞ք՝ ինչու: Ես ունեմ հիանալի մամա, ով ինձ փոքրուց այլ կերպ է դաստիարակել: Ես միշտ տեսել եմ իմ մամայի և պապայի շատ մտերիմ և ընկերական հարաբերությունները, անգամ՝ մինչ օրս: Երբ իմ հայրը գալիս է Հայաստան, նրանք անպայման հանդիպում են, չէ՞ որ նրանք ունեն ընդհանուր երեխա, և կան հարցեր, որոնք նրանց երկուսին էլ վերաբերում են: Ես կարծում եմ, որ եթե կարող են նմանատիպ հարաբերություններ լինել, թող լինի: Դա շատ ավելի անկեղծ տարբերակ է թե՛ երեխայի, և թե՛ ամուսիններից յուրաքանչյուրի համար, քան՝ ապրելը մի տանիքի տակ՝ շարունակ տանջելով միմյանց: Եվ ամենակարևորը, ինչը ես կուզեի, որ յուրաքանչյուր նմանատիպ իրավիճակում հայտնված մարդ հասկանար, այն է, որ չպետք է փորփրել այդ ամենը: Ինքս անձամբ մինչ օրս չգիտեմ, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ես համարում եմ, որ դա եղել է երկուսի որոշումը, և ուրեմն՝ դա է եղել ամենաճիշտ տարբերակը՝ ըստ իրենց:
– Քանի՞ տարեկան եք եղել Դուք այդ ժամանակ:
– Երևի երկու:
– Այսինքն՝ Դուք երևի թե այդքա՞ն էլ չեք զգացել բաժանման ցավը, որքան ցավոտ կարող էր տանել դա մի փոքր ավելի մեծ տարիքի երեխան:
– Փոքրուց ես շատ էմոցիոնալ երեխա եմ եղել: Շատ բաներ, որ կարելի էր ավելի մեծ տարիքում հասկանալ, ես շատ ավելի վաղ տարիքում եմ հասկացել: Պրակտիկորեն, հարաբերությունների մեջ դա ինձ օգուտ է տալիս, սակայն կան հարցեր, որոնք ես կուզեի չհասկանալ: Բայց, ցավոք սրտի թե ի ուրախություն ինձ, ես բավականին շուտ եմ հասունացել: Ամեն դեպքում դա ինձ չի խանգարում:
– Ասում են, որ աղջիկներին հատուկ է կրկնել մայրիկների և՛սխալները, և՛ դրական քայլերը: Մայրիկի արած քայլերից ո՞րը Դուք չեք կրկնի:
– Մայրիկիս արած և ոչ մի քայլ ինձ համար սխալ չէ: Մայրս ինձ համար իդեալական մայր է և կին: Ես շատ եմ ուզում նմանվել մորս՝ և՛ որպես կին, և՛ որպես մայր:
– Ամեն անգամ Ձեզ նայելիս՝ տպավորություն է, թե ուր որ է լաց կլինեք: Դուք տխրելու պատճառներ ունե՞ք:
– Պատճառներ չունեմ: Ուղղակի ինձ փոքրուց միշտ ասում են՝ ժպտա-ժպտա… Բայց, երբ նույնիսկ ժպտում եմ, դարձյալ ասում են, որ միևնույն է՝ աչքերս թախծոտ են: Իմ աչքերի արտահայտությունն է այդպիսին: Առհասարակ լացկան կամ տզզիկ դեմք չեմ: Ես շատ կենսուրախ, հումորով, կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ մարդ եմ իմ տեսակով:
– Ասում եք, որ «տզզիկ» չեք, սակայն «Աննա» սերիալից հետո շարունակ շոշափվում էր Ձեր լացկան լինելու թեման: Հարցազրույցներից մեկում պատմում էիք, թե ինչպես եք 6 տարեկանում՝ քասթինգի ժամանակ, հեկեկալով լացել:
– Այնպես եմ լացել, որ երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ: Իսկ երբ հարցրել են, թե՝ ինչպե՞ս է դա Ձեզ մոտ ստացվում, ասել եմ, որ պատկերացրել էի, թե մամաս մահացել է:
– Լացկան չլինելով հանդերձ՝ ինչպե՞ս է Ձեզ մոտ այդքան վարպետորեն դա ստացվում ֆիլմերում:
– Եթե դերասան-դերասանուհի ես, դա քո աշխատանքն է՝ կատարել ռեժիսորի կողմից դրված խնդիրը: Եվ դա ինձ մոտ, առանց ինչ-որ բան հիշելու կամ պատկերացնելու, ստացվում է:
– Դուք սկսեցիք նկարահանվել՝ Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ: Սակայն գաղտնիք չէ, որ դասախոսներն առանձնապես չեն խրախուսում դա: Շատ անգամ այդ ուսանողներին չեն թողնում քննության, «կտրում» են քննություններից…
– Ես երկրորդ կուրսում էի սովորում, երբ առաջին անգամ ստացա «Զգուշացեք փողից» 8 սերիանոց ֆիլմաշարում նկարահանման հրավեր: Այդ ժամանակ խիստ դրված էր ինստիտուտում, որ չպետք է նկարահանվել, չէր կարելի, ու վերջ… Բայց դա իմ որոշումն էր, և ես չեմ փոշմանում իմ որոշման համար: Ցանկացած գործում ամենակարևորը պրակտիկան է: Կարևորագույն որոշումներն իմ կյանքում ես եմ կայացնում: Նկարահանման որոշումը ևս բացառություն չէր:
– Նկարահանման փորձ ձեռք բերելու ցանկությո՞ւնն էր պատճառը, թե՞, որ հատկապես այդ տարիքում մեծ է ճանաչում ձեռք բերելու ձգտումը:
– Տարիքը կապ չունի այս պարագայում: Եթե դու անում ես ինչ-որ գործ, դու ուզում ես ճանաչվել, գնահատվել: Ես երբեք չեմ ասել, թե՝ գիտեք, ինձ համար կարևորն ամբողջ օրն աշխատելն է և ճանաչված չլինելը: Յուրաքանչյուր դերասան անում է այդ ամենը ճանաչման համար: Ոչ մի դերասան կամ դերասանուհի չի սիրում չգնահատված և չճանաչված լինել: Իհարկե, կան դերասաններ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են, բայց իրենց դա ճանաչում չի բերել: Եթե նրանց դա դուր է գալիս, ապա ինձ՝ ոչ: Առաջին հերթին՝ ճանաչում, երկրորդ՝ փորձ:
– Ի՞նչ եք կարծում՝ տարիքային տարբերությունը խանգարո՞ւմ է սիրո մեջ:
– Կարծում եմ, որ կինն ավելի շուտ է հասունանում, քան տղամարդը: Կարող են կինն ու տղամարդը լինել 20 տարեկան, սակայն իրականում կնոջ մտածելակերպը համապատասխանի 25 տարեկան մարդու մտածելակերպին, իսկ տղամարդունը՝ ոչ:
– Ժամանակին Ձեր և Ձեր նախկին ընտրյալ Մոսոյի մասին չէին խոսում միայն ծույլերը: Դուք ևս կարծես թե չէիք խուսափում և չէիք թաքցնում Ձեր զգացմունքները: Նման էիք այն մարդուն, ով երջանիկ է այնքան, որ ուզում է կիսվել իր երջանկությամբ: Ի՞նչ եք կարծում, պե՞տք էր արդյոք այդքան շատ տեղեկություն տալ անձնականի մասին, թույլ տալ, որ բոլորն իմանան Ձեր հարաբերությունների վերաբերյալ:
– Բացարձակ պետք չէր: Դա միանշանակ սխալ էր: Հիմա այդպես հաստատ չեմ անի: Ես այն մարդն եմ, ով սխալների վրա սովորում է: Կան մարդիկ, որոնք չեն սովորում և շարունակ նույն սխալներն են կրկնում: Ես սովորում եմ: Եվ ես չեմ վախենում ասել, որ սխալվել եմ: Չեմ վախենում ասել՝ կներես, եթե ես եմ մեղավորը: Այդպես է ճիշտ:
– Տեսակով երազկո՞տ եք:
– Բացարձակ՝ ոչ: Չեմ երազում:
– Իսկ ի՞նչը կամ ո՞վ է Ձեր մեջ այս տարիքում «սպանել» երազելու զուտ մարդկային հատկությունը, հաճույքը:
– Ոչ ոք և ոչինչ: Պարզապես իմ տեսակով ոչ թե երազկոտ եմ, այլ նպատակասլաց: Սիրում եմ ամեն ինչին նայել ռեալ, որովհետև երազելը միանշանակ շատ հավես է, սակայն կարելի է երազանքը դարձնել նպատակ և անել կոնկրետ քայլեր՝ այդ նպատակներն իրագործելու համար: