Արմեն Ռուստամյան. «Մենք անուն ենք այնպես, որ նրանք մաս-մաս զիջեն»
Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը
– Պարոն Ռուստամյան, Դաշնակցության և Հանրապետական կուսակցության հարաբերությունների ջերմացման մասին շատ է խոսվում, և չեն դադարում պնդումները, որ կոալիցիա կստեղծվի: Այդ մասին ԱԺ այլ խմբակցությունների պատգամավորներն էլ են ակնարկում: Հնարավո՞ր է` կոալիցիա կազմեք ՀՀԿ-ի հետ:
– Ես, ճիշտն ասած, զարմանում եմ, որ այդ հարցը չի դադարում դուրս գալ օրակարգից, երբ այդ հարցին պատասխանում եմ անընդհատ: Երևի հարցը տրվում է պարզապես հնչեցնելու համար, իսկ պատասխանը չի լսվում:
– Այս ընթացքում Դաշնակցության դիրքորոշումը, բռնած ուղին, սահմանադրական բարեփոխումներին աջակցությունը և այլն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ իսկապես ՀՀԿ-ն վայելում է Դաշնակցության աջակցությունը:
– Ամեն ինչ ասում է այն մասին, որ Դաշնակցությունը նոր չի բռնել այդ ուղին, 25 տարի է` բռնել է, բայց մարդիկ պարզապես չեն ուզում տեսնել: Սա է զարմանալին: Այն ժամանակ Հանրապետականը որտե՞ղ էր, ի՞նչ դիրքում էր, բացարձակ կապ չի ունեցել մեր դիրքորոշումների հետ: Կապ չի ունեցել նաև մեր դիրքորոշումների հետ, թե Դաշնակցությունը որ դիրքում է եղել, քաղաքական դաշտում որ տեղում է եղել: Այս ամենը մարդիկ չեն ուզում տեսնել: Երևի պետք է շահարկել այս հարցը, որպեսզի բուն նյութը չշոշափվի, թե ինչու է Դաշնակցությունն ուզում Սահմանադրությունը փոխել: Սա չեն ուզում տեսնել, ուզում են կապել ինչ-որ հատվածական շահերի հետ, որ կոալիցիա մտնելու խնդիր ունի Դաշնակցությունը: Է, որ այդպես լիներ, չէր էլ դուրս գա, չէ՞, կոալիցիայից: Սա չեն ուզում իրար կողքի դնել, որ չստանան այն տպավորությունը, որ Դաշնակցությունը հետևողական կուսակցություն է: Դա ձեռք չի տալիս շատերին:
– Այսինքն, միանշանակ բացառո՞ւմ եք կոալիցիան:
– Ես հստակ եմ ասել, 7 կետերի հետ է կապված մեր պայմանավորվածությունը բոլոր քաղաքական ուժերի հետ, որ դաշտում էլ լինեն:
– ՀՅԴ Ընդհանուր ժողովից հետո Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի անդամները դիմում էին գրել կուսակցությունից դուրս գալու մասին և հայտարարել էին, որ իր առաքելությունից շեղվել է Դաշնակցությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Նման բան գոյություն չունի: Դաշնակցությունն իր առաքելությունը որոշում է միասնական քննարկումների արդյունքում: Ընդհանուր ժողով է տեղի ունեցել, որի արդյունքները նույնպես շատերին ջղագրգիռ վիճակի մեջ են գցել, որովհետև մինչ այդ էլ կանխատեսում էին ՀՅԴ փլուզում, պառակտում, վերացում, բայց նման բան չեղավ, հիմա էլ ջղաձիգ ցնցումների մեջ են ընկել:
– Այժմ ՀՅԴ առաքելությունը ո՞րն է:
– Ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ժողովրդավարական միջավայր կձևավորվի, անձերը չեն որոշի, համակարգը կթելադրի բոլորին ճիշտ ուղղությամբ ընթանալ, և դրա համար մենք այս 7 կետերն ենք առաջ քաշել, որով հստակ սահմանվում է մեր պատկերացրած ժողովրդավարությունը, քաղաքական համակարգը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և, որ շատ ավելի կարևոր է, ազգային ուղեգծի ամրապնդումը:
– 7 կետերի շուրջ քննարկումների հետ կապված ի՞նչ իրավիճակ է:
– 2012-ից սկսված այդ քննարկումները շարունակվում են, և բոլոր նրանք, ովքեր այդ 7 կետերի հետ համաձայնություն են ձեռք բերել այս կամ այն չափով, այդ կամ այն չափով էլ Դաշնակցությունը համագործակցել է: Նույնը եղել է քառյակի մեջ, նույնը եղել է քառյակից դուրս: Մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Պարզապես իրենց մոտեցումներն են փոխվել: Դա հարցրեք իրենց` ինչո՞ւ քաղաքական ուժը կարող է երկար ժամանակ պաշտպանել խորհրդարանական համակարգի անցնելու մոտեցումը, բայց ինչ-ինչ կոնյունկտուրայից, իրավիճակից ելնելով` կարող է այդ իրողությունը շրջանցել, տարբեր բացատրություններ բերել, բայց իրականում շեղվել այդ հետևողական գծից: Դա թող իրենք բացատրեն:
– Դուք բացառո՞ւմ եք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում` իշխող ռեժիմը հնարավորություն չի ունենա վերարտադրվելու:
– Այո, եթե այն փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, իրականացվեն այն խորությամբ, որ մենք առաջարկել ենք, որովհետև եղել է հայեցակարգ, որի հետ կապված` 10 կետից բաղկացած Դաշնակցության առաջարկներն են եղել և գնահատականը հայեցակարգի: Եթե դա տեղի ունենա, մենք կունենանք բոլորովին այլ իշխանություն, որտեղ ով էլ լինի, չի կարող այդ իշխանությունը յուրացնել, որը հիմնական պատճառն է եղել, որ այսօրվա վիճակում ենք: Պատճառների պատճառն է եղել, որ իշխանությունն ու պետությունը նույնացան, հետո իշխող կուսակցությունը պետության հետ նույնացավ: Մնացածն օտարվեցին: Ինչպե՞ս է դա կատարվել` շատ պարզ, մեխանիզմ ենք առաջարկել, որ այս նախագահական համակարգը փոխվի, հրաժարվենք այդ համակարգից, որովհետև ով էլ գալիս է այդ նախագահական աթոռին նստում է, նույնն է դառնում:
Սա է ցույց տվել անցած ճանապարհը: Եթե այդպես չլիներ, 3 նախագահ ենք ունեցել, 3-ից այդքան ամեն մեկից յուրովի դժգոհ չէր լինի ժողովուրդը: Սա չի փոխել ընթացքը: Խոսում են վերարտադրման մասին, բայց այդ վերարտադրման երևույթը պահպանվում է, որովհետև դա համակարգային բնույթ ունի: Եվ քանի համակարգը նպաստում է, որ այդ վերարտադրումը տեղի ունենա, իսկ ամեն ինչ արվել է, որ համակարգը դառնա այդ վերարտադրման հիմքը, չենք կարող դրանից ազատվել: Ով էլ գա 4-րդը դառնա, խնդիր ենք ունենալու: Ուրեմն սուտ են, կեղծ են այն բոլոր հայտարարությունները, թե իբր Դաշնակցությունն է վերարտադրությանը նպաստում:
Ճիշտ հակառակը` բոլոր նրանք են նպաստում, ովքեր չեն հասկացել, որ այդ 3-ը փոխվելուց հետո, քանի որ համակարգը պահպանվել է, վերարտադրման գործընթացն անշեղորեն շարունակվել է և ավելի ամրապնդվել է: Որովհետև ով գալիս նստում է այդ աթոռին, ուզում է այդ լիազորություններն օգտագործել, չի հրաժարվում այդ գերլիզորություններից: Եվ երբ այդպիսի վիճակ է, մարդու տեսակից է կախված, մարդը հակված է օգտագործել դա ի շահ իրեն և իր շրջապատի, ինչն էլ մինչև հիմա տեղի է ունեցել Հայաստանում:
Այս վիճակից ենք մենք ուզում դուրս գալ: Եվ այդ փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, իսկապես կբերեն այնպիսի հավասարակշռման, որ ընդդիմություն-իշխանություն կդառնան միասնական քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասերը: Ընդդիմությունը կվերահսկի` ունենալով հստակ լծակներ: Սա է նաև 7 կետերից մեկը, որն իրար հետ մեկ ամբողջության մեջ պետք է նայել, որ հասկանան, որ այն մարդը, որն այդ համակարգում կգտնվի իշխանության մեջ, երբեք չի կարող այդ զսպումների և հակակշռումների մեխանիզմից խուսափել: Նա ստիպված է լինելու իր ախորժակը սահմանափակել: Սա ենք ուզում անել և սա ասում էինք, երբ դեռ կոալիցիայի մեջ էինք:
Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից կային այս խնդիրները: Եվ մենք այս պահանջները դրել ենք: Եվ այն ժամանակ, չեմ ուզում անունը տամ, բայց ամենակարկառուն իշխանական դեմքերից մեկն ասում էր՝ բա այսքանը որ տանք ընդդիմությանը, էլ ինչո՞ւ ենք գալիս իշխանության: Այո, դա է հարցը, որ փոխվում է իշխանության գալու մոտիվացիան, որովհետև շատ պարզ բան է այսօր կատարվում` այս համակարգն ապահովում է մի երևույթ, որ ընտրությունների ժամանակ հաղթածը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ:
Իսկ պարտվողը կարող է պարտվել` 49% ձայն ստանալով, բայց այդ 49%-ը պետք է կարողանա իր ազդեցությունը պահպանել իշխանությունների մեջ նաև ընտրությունների արանքում, ոչ թե սպասի` հաջորդ ընտրություններին ի՞նչ կլինի: Ու դրա համար գնացել է կյանքի ու մահու պայքար: Ով իշխանության մեջ է եղել, ուզեցել է ամեն ինչ անի, որ անգամ կյանքի գնով իշխանությունը պահպանի, որովհետև վախեցել է մյուսից, որը կգա: Իսկ մյուսը որ գալիս է, ասում են` հրեշին սպանողը դառնում է հրեշ:
Այս իրավիճակից ենք ուզում մեր ժողովրդին դուրս բերել և ասում ենք ոչ թե մեր քմահաճույքից բխած բաներ, այլ միջազգային փորձն ուսումնասիրած: Եվրամիության 27 երկրներից 19-ը խորհրդարանական են, հո պատահական չի՞: Մենք ուզում ենք, որ ժամանակակից խորհրդարանական համակարգ ստեղծվի, որ որոշումները կայացվեն կոլեգիալ, ոչ թե մեկը որոշի, այն էլ թաքուն` գիշերները, որ մարդ չիմանա, թե ոնց մեր ճակատագիրը մի հոգի որոշեց: Այս հարցի շուրջ չեն ուզում վիճել, դրա համար հարցը տեղափոխում են զգացական դաշտ: Պիտակավորելը հեշտ է, չէ՞:
– Եթե իշխանությունը սարսափում է, որ կփոխվի, ապա ինչո՞ւ է Սահմանադրություն փոխում: Ձեր քննարկումների ընթացքում ի՞նչ տպավորություն եք ստացել, ինչի՞ց ելնելով են գնում դրան:
– Որովհետև ուրիշ այլընտրանք չունեն: Սա փրկօղակ է նաև իրենց համար:
– Կարող են շարունակել նույն ձևով:
– Նույն ձևով շարունակելը կործանում է և՛ երկիրը, և՛ իրենց: Այդ նավը պարզապես կարող է կործանվել՝ բոլորս էլ մեջը լինելով: Սա է մեր մտահոգությունը: Հետո ուշ է լինելու մեղավոր փնտրելը: Մենք 9 դար պետականություն ենք կորցրել: Հիմա եկեք վեր հանենք, թե ով էր մեղավոր, որ այդ պետականությունը կորցրինք: Արդյունքն այն է, որ հայտնվել ենք այս կոտրած տաշտակի առաջ: Իշխանությունը գնում է զիջման` տեսնելով, որ ստիպված ինչ-որ բան պետք է զիջի, ինչ-որ բան իրենց համար էլ պահպանեն: Սա է տրամաբանությունը, որ ամբողջը չկորցնելու համար մասը զիջում են: Եվ այդ տրամաբանությունն աշխատում է բոլոր դեպքերում: Հիմա մենք անում ենք այնպես, որ նրանք մաս-մաս զիջեն: Մյուսներն ասում են` ամբողջությամբ, ամեն ինչ, կամ ոչինչ: Այդ մաքսիմալիզմը բերում է առճակատման, արյունահեղության: Սա ենք մենք ասել քառյակի մեր գործընկերներին: Դրանից առաջացավ 2 հստակ մոտեցում, որ բախվեցին իրար քառյակում:
Առաջինը մերն էր, որ ասում էինք` ամբողջական իշխանափոխություն, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, ոչ թե վարչախմբի հեռացում, այլ նաև արմատական բարեփոխումներ համակարգային, որ նոր եկածը չկրկնի նախորդի սխալները, չդառնա հրեշ: Երկրորդն ասում էր` անհապաղ իշխանափոխություն: Այդ ասողներն ասում էին` ոչ մի զոհ չի լինելու, ինձնից բացի թող ոչ մի զոհ չպահանջվի, բայց պահանջվեց 10 զոհ: Էն մեկն ասում էր` կինքնահրկիզվեմ, իմ դիակի վրայով: Չտեսանք դա: Նորից պետք չէ ժողովրդին խաբել: Եթե մենք նորից տանում ենք այդ ճանապարհով, զոհվելու են հասարակ մարդիկ, առաջնորդները չգիտեմ որտեղ են լինելու: Ունքը սարքելու տեղը աչքը չհանելու համար սա է միակ ճանապարհը: Որքան շուտ գան բոլորն այս եզրակացության, այնքան այս փոփոխությունները խորքային կդառնան ու մեծ արդյունք կտան:
Առիթ է, պետք է կանգնեն, ավելի համակարգային փոփոխություններ պահանջեն, ոչ թե, որ մենք մենակ ենք հայտնվել, իշխանության հետ բանակցում ենք փոփոխությունների համար, էդ ընթացքում բոլորը հայհոյում, քարկոծում են Դաշնակցությանը: Առաջին նախագահից սկսած` Դաշնակցությանը պորտֆելներ են առաջարկել, բայց եթե քաղաքական ուղեգիծն ազգային բնույթ չունի և խորքային փոփոխությունները չի երաշխավորում, այնտեղ լինելն ինքնանպատակ է լինում: Մենք այդպիսի իշխանության մեջ երբեք մաս չենք կազմել և չենք կազմի: Սա պետք է միանշանակ իմանան, որովհետև Դաշնակցությունը` լավ, վատ, իրական միակ կուսակցություններից է Հայաստանում, որ գաղափարական է, քաղաքական է: