ՆԱՏՕ-ն դատապարտելու է Աբխազիայում ու Հարավային Օսիայում Ռուսաստանի «սողոսկող բռնակցման» քայլերը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները դատապարտելու են Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև համաձայնագիրը, որն ուղղված է «սողոսկող բռնակցման» հետագա խորացմանը:
Այդ մասին փետրվարի 5-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի նախօրեին հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում: Հայտնի է, որ հանդիպման շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է. «Նախարարները դատապարտելու են այն քայլը, որը Ռուսաստանն արել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի սողոսկող բռնակցման ուղղությամբ և Մոսկվայի ու Աբխազիայի միջև այսպես կոչված համաձայնագիրը: Օրինակ, Աբխազիայի զինված ուժերը ունեն Մոսկվայի հրամանատարությունը:
Մենք ակնկալում ենք, որ համանման համաձայնագիր, անգամ ավելի վատթար ձևով, ստորագրվելու է Հարավային Օսիայի հետ: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին, և դաշնակիցները դատապարտում են այդ քայլերը»: