Պորոշենկոն մինսկյան հանդիպման ժամանակ սպառնացել է Պուտինին. Financial Times
Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է հրապարակել Ուկրաինայում սպանված կամ գերեվարված ռուս զինվորների հարյուրավոր մետաղանիշերը:
Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները: Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պուտինը հերքել է Ուկրաինայի տարածքում ռուս զինծառայողների գտնվելը, իսկ Պորոշենկոն փորձել է նրան համոզել հրադադարի հարցում:
Պուտինը Պորոշենկոյին վստահեցրել է, որ իր տրամադրության տակ կա 1.2 միլիոն զինվոր, որոնք կարող են երկու օրում գրավել Կիևն ու ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների ցանկացած մայրաքաղաք: Արևմտյան դիվանագետներից մեկը թերթին հայտնել է, որ Պորոշենկոն մտավախություն է ունեցել, որ խաղաղության կամ հաղթանակի բացակայության դեպքում կարող է երկու օրում զրկվել զբաղեցրած պաշտոնից:
Դրա համար էլ Պորոշենկոն զանգահարել է Պուտինին ու հայտարարել է, որ եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները, ապա Կիևը համացանցում կտեղադրի ռուս զինվորների բանակային մետաղանիշերը, ինչպես նաև կապ կհաստատի նրանց մայրերի ու կանանց հետ՝ պատմելու համար տեղի ունեցածի մասին: Ավելի ուշ Պրոշենկոն այս պատմությունը պատմել է արևմտյան մի շարք պաշտոնյաների, թեև ռուսական կողմը չի հաստատում այն: