«Հրեշներին չենք կարող սպանել, պետք է սովորենք նրանց կառավարել»
2014-ին Ռուսաստանում կինեմատոգրաֆիական իրադարձություն համարվեց ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը, Կաննի փառատոնում ցուցադրվելուց և մի շարք հեղինակավոր մրցանակներ ստանալուց բացի, ստացել է նաև «Ոսկե գլոբուս»: Մեծ աղմուկ բարձրացրած ֆիլմն ընդգրկվել է նաև «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի ցանկում:
Հետաքրքիր է, որ անցյալ տարվա գարնանը նկարահանված և ցուցադրված ֆիլմը Հայաստանում և Ռուսաստանում հետաքրքրության արժանացավ միայն այն բանից հետո, երբ ընդգրկվեց «Օսկարում»: Ֆիլմի վարձույթը Ռուսաստանում կմեկնարկի փետրվարի 5-ին: Հայ հասարակության համար ֆիլմն առայժմ հասանելի է առցանց տարբերակով: «168 ժամը» ֆիլմի և երիտասարդ ու ինքնատիպ ռեժիսոր Զվյագինցևի մասին զրուցել է ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» կինոընկերության հիմնադիր-ղեկավար, մի շարք ֆիլմերի հեղինակ Հովհաննես Գալստյանի հետ։
– Այս օրերին հայ կինոսեր հասարակության շրջանում քննարկվում է Զվյագինցևի «Լևիաթան» ֆիմը: Տեղյակ եմ, որ ֆիլմը Կաննի փառատոնում առաջին դիտողներից եք եղել. ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը, և մի առիթով ասել եք, թե Զվյագինցևը Ձեզ համար ֆավորիտ է, ինչո՞ւ:
– Ֆիլմը նայել եմ Կաննում, մեծ էկրանին, հեղինակի մտահղացմանը հնարավորինս մոտ պատկերով և ձայնաշարով: Այնտեղ հավաքվում է գրագետ, բայց ցինիկ լսարան, «փոփկորն» չեն ծամում, բայց 10-րդ րոպեից սկսած՝ կարող են դուրս գալ դահլիճից՝ «Shit-shit!!!» գռմռալով: Դահլիճի միայն 20%-ն էին ռուսներ, ինչը նշանակում է, որ հեղինակը հետաքրքիր է միջազգային մասնագիտական լսարանին:
Առաջին տպավորությունն այն էր, որ սա Զվյագինցևի ամենալավ ֆիլմը չէ, բայց ամենահամարձակն է ու, անկասկած, մեծ իրադարձություն է ռուսական կինոյում: Իմ կարծիքով, ռուս-խորհրդային կինոն չափազանց կարծրատիպային է: Հիմնականում իլյուստրացված գրականություն է կամ ժապավենի վրա տեղափոխված թատերական գործողություն: Ես էլ եմ ձևավորվել այդ կինեմատոգրաֆի ազդեցության ներքո, բայց դա կեղծ կինո է, որից պետք է ազատվել:
Կինեմատոգրաֆն ունի սեփական արտահայտչամիջոցները, որոնց շնորհիվ կարողացել է վեր բարձրանալ տարրական զվարճալիք լինելու իր սկզբնական առաքելությունից ու կանգնել ավանդական արվեստների կողքին` նույն շարքում: Այն ռեժիսորները, ում ստեղծագործական ուղին այդ արտահայտչամիջոցների փնտրտուքն ու դրանց հայտնաբերումն է` իմ ֆավորիտներն են: Անդրեյ Զվյագինցևը նրանց մեջ է:
Ուրախ եմ, որ «Լևիաթանը» հասավ Հայաստան: Ռուսաստան էլ կարծես նոր է սկսում հասնել: Սա ավելորդ անգամ ապացուցում է ամերիկացիների գերակա դերը կինոարտադրության ու զանգվածային գիտակցության մեջ. որովհետև Զվյագինցևը նկարել է իր 4-րդ ֆիլմը, մտել է Կաննի մեծ մրցույթ, ստացել է «Լավագույն սցենար» մրցանակը, շրջել աշխարհով մեկ, հավաքել մեկ տասնյակ մրցանակներ՝ զրո արձագանք:
Ապա մտել է Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հավակնորդների ցանկ, ստացել «Ոսկե գլոբուս», ու ահա՝ «wooow!», նայենք, երևի մի բան կա: Մենք` ոչ ամերիկացիներս, էլ չասած՝ հետխորհրդային տարածքում բնակվողներս, հերթական անգամ ապացուցում ենք, որ մեծ կինոյում անկարող ենք ձևավորել սեփական արժեհամակարգային կանոններ, հեղինակություններ, կարծիք ձևավորող կենտրոններ: Եթե զանգվածային հանդիսատեսի համար ամերիկյան կինոակադեմիան վերին ատյանի ճշմարտություն է՝ խնդրեմ: Ինձ համար Զվյագինցևը ֆավորիտ էր ռուսական կինոյում իր առաջին` «Վերադարձ» ֆիլմը նայելուց հետո:
– Նրա ընտրած թեմաներն ինքնատիպ են. թեմաների պակաս չունեցող ռուսական ժամանակակից կինոյում ինչպե՞ս է նրան հաջողվում լինել ինքնատիպ, այսպես ասած՝ որտեղի՞ց է «բռնում»:
– Այնքան էլ համաձայն չեմ, որ ռուսական կամ հետխորհրդային կինոյում ինքնատիպ թեմաների բազմազանություն է: Այս տարածքի ֆիլմերը, ճնշող մեծամասնությամբ, կա՛մ մեծ կինոյում կուլտային դարձած վարպետների առանձին ֆիլմերի ոճային կրկնօրինակումներ են, կա՛մ սեփական տարածքի (երկրի) համայնքի կենցաղային առանձնահատկությունների մակերեսային ընդհանրացումներ: Բացի դրանից, այս դպրոցի հեղինակները տառապում են «հեղինակային» հավակնություններով, ինչը հաճախ մասնագիտական անգրագիտությունը թաքցնելու չստացված փորձ է, ոչ ավելին:
Զվյագինցևի ֆիլմերն առանձնանում են մասնագիտական գրագիտությամբ: Պատմությունների դրամատուրգիական կառուցվածքը, ժանրի ընկալումը, վայրի, ժամանակի, հերոսների հավաստիությունը, պաթոսից զերծ ռեժիսուրան ու մինիմալիզմը. այս ամենն իրար հետ նրան հանում են ռուսական ավանդական կինոյի կլիշեների ճահճից և դասում եվրոպական ժամանակակից կինոյի լավագույն վարպետների շարքին: Գրագիտություն և մինիմալիզմ. սա այն է, ինչով Զվյագինցևի ֆիլմերը գրավում են ինձ: «Լևիաթանի» դեպքում սրան ավելացել է քաղաքացիական արիությունը, սեփական երկրի ու ժողովրդի առօրյայի համար պատասխանատվություն ստանձնելու՝ արվեստագետի համարձակությունը: Սա միայն ավելացնում է Անդրեյի արժանիքները ու որևէ կերպ չի վնասում նրա էսթետիկային:
– Որտեղի՞ց է գալիս «Լևիաթանի» սյուժեն. դիտարկումներ են հնչում, որ եթե ֆիլմի սյուժեն ռուսական կյանքից տեղափոխենք մեր իրականություն, ոչինչ չի փոխվի:
– Սյուժեն վերցված է Միացյալ Նահանգների Կոլորադո քաղաքում տեղի ունեցած մի ողբերգությունից: 2004-ին ցեմենտի գործարան կառուցելու նպատակով սեփականատերերը քաղաքային իշխանություններից տարածք են ձեռք բերում, որտեղ, ի թիվս բազմաթիվ այլ շինությունների, կանգնած է նաև հոգևորական Մարվին Ջոն Հիմեյերի արհեստանոցը: Հոգևորականը հրաժարվում է քաղաքային իշխանության հետ գործարքից: Չի ուզում դուրս գալ իր սեփական տարածքից: Ցեմենտի գործարանը կառուցվում է և հսկայական պատնեշով հոգևորականի արհեստանոցը կտրում է աշխարհից: Հուսահատ հոգևորականը կորցնելով հավատը՝ բուլդոզերով ներխուժում է գործարանի տարածք, քանդում է ադմինիստրատիվ 13 շենքերն ու ինքնասպան լինում: Զվյագինցևը տեղափոխում է պատմությունը ռուսական գավառ, ցեմենտի գործարանը փոխարինում է եկեղեցով:
Դուք նույնպես կարող եք տեղափոխել պատմությունը Երևան ու փոխարինել ցեմենտի գործարանը` բազմահարկ էլիտար շենքով` կփոխվեն դեկորացիաները, կփոխվի այն, ինչը կինոյի լեզվով «սեթինգ» ենք ասում, բայց կոնֆլիկտի էությունը չի փոխվի:
– Սովոր ենք ֆիլմերում դրական հերոսներ փնտրել, ո՞վ է այս ֆիլմում դրական հերոսը, և, առհասարակ, ինչո՞վ են յուրահատուկ «Լևիաթանի» հերոսները, որոնք այդպես գրավում են մեզ:
– Սա բազմաշերտ հարց է: Ես ստիպված եմ բաժանել այն երկու մասի: Նախ՝ ի՞նչ ասել է՝ դրական հերոս, ապա՝ ինչպիսի՞ն պետք է լինի հերոսը, որ գրավի մեզ:
Տեսականորեն, եթե միայն խոսքը չի գնում հեքիաթների կամ ավանդապատումների մասին, մեծ, դասական արվեստում չեք գտնի բացառապես դրական կամ բացառապես բացասական հերոս: Մեծ հերոսները, որոնք մեզ հիացնում են, որոնց մենք կրում ենք մեր մեջ, միշտ բազմաշերտ են: Բազմաչափ:
Նրանց ուժը հակասության մեջ է: Նրանք օժտված են՝ ինչպես՝ դրական, այնպես էլ՝ բացասական կողմերով, ու դժվար է հասկանալ՝ ո՞րն է գերիշխողը: Պատումի կուլմինացիոն դրվագում՝ որոշակի ճակատագրական իրավիճակում նրանց կատարած ընտրությունն է, որ դարձնում է նրանց դրական կամ բացասական հերոս: Այսինքն՝ մեզ գրավում են բազմաշերտ և հակասություններով լի հերոսները, որոնք վճռական պահին հաղթահարում են իրենց ներքին սատանային և առաքինի ընտրություն են անում: Բայց պատահում է և հակառակը: Կան հերոսներ, որոնք ընտրում են, ծառայում են չարին և, այդուհանդերձ, մեր համակրանքին են արժանանում: Պատճառը նույնն է` դրանք բազմաշերտ, կենդանի, հավաստի հերոսներ են:
– Ի՞նչ է ասում ֆիլմը մարդ-իշխանություն, մարդ-եկեղեցի, կին-տղամարդ հարաբերությունների մասին:
– «Լևիաթանն» անհատի և իշխանության բախման մասին է: Ավելի ստույգ` իշխանության կողմից անհատին ոչնչացնելու, կուլ տալու մասին: Ֆիլմի պայմանական իրականության մեջ իշխանությունը գավառական քաղաքապետի և վարդապետի միասնությունն է, որ Զվյագինցևին ներկայանում է Աստվածաշնչյան երկգլխանի հրեշ Լևիաթանի կերպով: Հակառակ կողմում` գավառային քաղաքի բնակիչներն են` կենցաղային նվաստ պայմաններում, հարբեցողության, ծուլության, հոգեկան անտարբերության, հուլության, կեղծիքի ու դավաճանության մեջ խեղդված:
Ֆիլմում չկա որևէ ակնարկ, թե հեղինակի (ըստ այդմ՝ նաև հանդիսատեսի) համակրանքն այդ քաղաքացիների կողմն է: «Всякая власть от Бога»,- ասում է վարդապետը քաղաքապետին՝ բացահայտելով արևելյան և արևմտյան արժեհամակարգերի միջև գոյություն ունեցող անդունդը, մինչդեռ Զվյագինցևը չի էլ քննարկում իշխանության արդարացի լինել-չլինելու խնդիրը: Նրա համար այդ հարցը փակված է: Նա կենտրոնացած է իր պարզ հերոսների վրա:
Նրա ֆիլմի լեզուն անսպասելի գռեհիկ է, գավառային, հասկանալի իր երկրի միլիոնավոր բնակչությանը, և նրա ուղերձը հստակ է՝ դուք չեք կարող դիմագրավել Լևիաթանին, որովհետև նրա արժեհամակարգի մի մասն եք: Զվյագինցևի այս տխուր, գուցե պարտվողական եզրակացությունը, որքան էլ տարօրինակ թվա, նրա ֆիլմը դասում է ազդեցիկ պատումների շարքին, որովհետև ուղղակիորեն բխում է պատումի ներքին տրամաբանությունից: Բայց մենք սխալված կամ միամիտ կլինենք, եթե համարենք, որ այսքանով հեղինակն ավարտում է իր ասելիքը: Ավարտվում է պատմությունը, ֆիլմը, գեղարվեստական ստեղծագործությունը, բայց ընդվզումը, այդ իրականությունը փոխելու, դրա դեմ պայքարելու մարդկային մղումը մնում է հանդիսատեսի մեջ:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ հեղինակի ու հանդիսատեսի անուղղակի երկխոսության դրսևորում: Մեծ ֆիլմերն ապրում են մեր մեջ, ոչ թե էկրանին:
Զվյագինցևի ֆիլմի պայմանական տարածքը զրկված է Աստծուց, հետևաբար՝ բոլոր հարաբերությունները դեֆորմացված են: Երբ Աստծո գերակայությունը փոխարինվում է ներերկրային ինստիտուտներով, մարդուն մի բան է մնում` փրկության ուղին փնտրել սեփական անձի մեջ Աստծուն պահպանելով: Ինքնամաքրման, սեփական Ես-ի կամ մտերիմների չափազանց փոքր շրջանակի մեջ մեկուսանալով, լավ ժամանակների սպասելով, փրկության հույս ունենալ` հրաժարվելով բիրտ ընդվզումից: Այս գաղափարը նոր չէ ռուսական մտավորականության համար:
Եվ հերոսը` Նիկոլայը, կործանվում է այդ մտերիմ շրջանակը կորցնելու, նրա կողմից դավաճանվելու պատճառով: Կինը, որդին, ընկերը. սա այն փոքր շրջանակն է, որը պետք է պահպաներ հերոսին հրեշից, մինչդեռ անում է հակառակը` սկուտեղի վրա, մատաղացու գառան պես հանձնում է նրան Լևիաթանին: Անգամ այս գերսոցիալական ֆիլմում Զվյագինցևը հավատարիմ է մնում նեղ-ներանձնական հարաբերությունների ուսումնասիրման իր հիմնական թեմային: Նրա համար ակնհայտ է, որ անկախ շրջապատող իրականությունից՝ նեղ-ներանձնական միջավայրը վերջին հանգրվանն է: Ու այդ հանգրվանը պետք է պաշտպանել ցանկացած ոտնձգություններից:
– Ֆիլմը սպանո՞ւմ է մեր միջի հրեշին, թե՞ ծնում է նոր հրեշներ, որովհետև հուսահատական ավարտից հետո դժվար է ոտքի կանգնել և սպանել հրեշին:
– Հրեշին սպանելն անհնար է: Դա նույնն է, եթե ասեք՝ թող միշտ արև լինի: Որպես մարդ, որպես հասարակության մասնիկ, որպես արվեստի երկրպագու՝ ես գտնում եմ, որ անտագոնիզմը կյանքի հիմնական շարժիչ ուժն է: Թե՛ մեր ներսի, թե՛ արտաքին երևակայական հրեշներին չենք կարող սպանել, պետք է սովորենք կառավարել նրանց, հակակշիռներ ձևավորել:
Պետք չէ անտեսել այն իրողությունը, որ ֆիլմը նկարահանված է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության և Կինոյի պետական ֆոնդի աջակցությամբ: Սա կարևոր իրողություն է: Խոսակցություն կա, որ ՌԴ մշակույթի նախարարը հայտարարել է, թե այսպիսի ֆիլմերն ու նրանց հեղինակներն այլևս չեն ֆինանսավորվի պետության կողմից, նույնիսկ անուններ է նշել: Ես դա լուրջ չեմ համարում: Մենք գիտենք, որ պետական պաշտոնյաները երբեմն ասում են այն, ինչ «պետք է», ոչ թե այն, ինչ մտածում են:
Վստահ եմ, որ Զվյագինցևը շարունակելու է նկարել Ռուսաստանում, որովհետև մեծ երկրները շատ լավ են հասկանում մեծ արվեստագետների անհրաժեշտությունը, որքան էլ որ դա անձնապես տհաճ լինի այս կամ այն անհատին:
– Ֆիլմի միջազգային ճանաչումն ինչպե՞ս եք գնահատում:
– Բնական և օրինաչափ: Անկախ այն կրքերից, որ առաջացնում է «Լևիաթանը» մեզ` հետխորհրդային տարածքում բնակվող, ըստ այդմ՝ անաստվածությանը և բռնատիրությանը մոտիկից ծանոթ հանրության մոտ, սա ընդամենը գրագետ, գեղարվեստական ակնհայտ արժանիքներով օժտված կինեմատոգրաֆիական ստեղծագործություն է, որը զգացմունքային ազդեցություն է ունենում սովորական մարդկանց, այդ թվում` մասնագետների վրա, աշխարհի տարբեր ծայրերում: Մարդիկ ծափահարում են, երբ էկրանին ընթացող պատմությունն անտարբեր չի թողնում նրանց, իսկ մասնագետները մրցանակներ են տալիս: Դա խաղի անխուսափելի կանոններից է: Այն նույն կանոններից, ըստ որոնց՝ երկրի ներսում պետք է խանդոտ վերաբերվեն իրենց հայրենակցի միջազգային բացահայտ հաջողություններին: