Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը կտրուկ կերպով ամրապնդվել է, որն Ադրբեջանին մղում է սադրանքների, բայց ոչ պատերազմի. Ստանիսլավ Տարասով
168.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության Արևելյան խմբագրության ղեկավար, սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
– Պարոն Տարասով, հունվարի 2-ից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, ինչը ենթադրում էր, որ պետք է ավելի ամրապնդեր ՀՀ անվտանգությունը: Սակայն հակառակի ականատեսն ենք դառնում: Ինչո՞վ եք Դուք բացատրում ադրբեջանական ագրեսիան:
– Կան մի շարք գործոններ: Ադրբեջանի ողջ դիվանագիտության հույսն այն էր, որ Հայաստանը՝ ԵՄ-ի հետ ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և հայտնվելով եվրոպական իրավասության դաշտում, դուրս կգա ռուսական ազդեցությունից, որն իբրև թե նրանց թույլ կտա կարգավորել ԼՂ հակամարտությունը: Դրա համար Ադրբեջանը Բելառուսի և Ղազախստանի միջոցով ցանկանում էր խափանել ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը: Այստեղ Ադրբեջանի հույսերը չարդարացան: Սա առաջին գործոնն էր: Մյուս գործոնը, որը ջղաձգել է Ադրբեջանին, վերաբերում է Հարավային հոսքին: Ադրբեջանը չէր սպասում, որ Ռուսաստանն իր գազային ներուժը կուղղորդի դեպի Թուրքիա: Սա չափազանց անբարենպաստ որոշում էր Ադրբեջանի տեսանկյունից, քանի որ Ադրբեջանն Արևմուտքից և Ռուսաստանից այլ սպասելիքներ ուներ:
Անկասկած իր դերակատարությունն է ունեցել նաև ուկրաինական ճգնաժամը: Ադրբեջանը վախենում է, որ հակամարտություններն այսուհետ կսկսեն կարգավորվել Մինսկյան համաձայնագրի սցենարով, իսկ դա ենթադրում է՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցություն բանակցություններին, Ուկրաինայի պարագայում խոսքը Դոնեցկի և Լուգանսկի մասին էր: Եթե սա եվրոպական համայնքի համար դառնա նախադեպ, ապա Մերձդնեստրի ու ԼՂ հակամարտության կողմ կդառնա նաև Լեռնային Ղարաբաղը: Իսկ ներկայիս Մադրիդյան սկյզբունքները, ի դեպ, եթե օբյեկտիվ դատենք, բանակցությունների մի որոշակի փուլում ենթադրում են Ստեփանակերտի ներգրավում, իսկ Ստեփանակերտի ներգրավումը նշանակում է, որ կողմերը ճանաչում են Ստեփանակերտի անկախ սուբյեկտի կարգավիճակը, ու դա արդեն հակամարտության կարգավորում է: Կարգավիճակն ինքնըստինքյան կհստականա:
Իսկ փաստն այն է, որ Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը, նա սպասում էր, որ Ռուսաստանը վերջնականապես կպարտվի Արևմուտքին, սպասեց մի շարք զարգացումների, որոնք պետք է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ ստեղծեին: Այնինչ տեղի ունեցավ հակառակը: Ադրբեջանը լարվածությամբ ցույց է տալիս իր ջղաձգվածությունը:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը կտրուկ կերպով ամրապնդվել է, Ադրբեջանը սահմանային մանիպուլյացիաների է դիմում ջղաձգված, իսկ դրանք լռեցվելու են: Այս իմաստով՝ էական է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դերը, և պատահական չէր օրերս Գյումրիում կատարվածը: Ինձ համար մի շարք մութ կետեր կան կատարվածի առնչությամբ: Կան շատ հակասություններ: Պատահական չէ, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, պաշտոնյաները չափազանց գրագետ են մոտենում իրավիճակին:
– Արևմտյան վերլուծաբանները պնդում են, որ Ադրբեջանին ձեռնտու է այժմ սկսել պատերազմ` օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակից, Արևմուտքում Ռուսաստանի զբաղվածությունից՝ հատկապես, երբ աննախադեպ լարվածության պարագայում՝ ռուսական կողմը չի միջամտում:
– Ես կարծում եմ, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների Ադրբեջանը չի գնա, պատրաստ չէ դրան, կպարտվի պատերազմում, և դա շատ լավ է հասկանում: Թուրքիան ևս Ադրբեջանին չի աջակցի: Իսկ Իրանն Ալիևին կնվիրի Երևանին:
– Ամեն դեպքում իրավիճակը սահմանին և շփման գծում շատ ավելի լարված է, քան նախկինում: Եթե բռնկվի պատերազմ, ապա Ռուսաստանը հակամարտության ո՞ր փուլում կմիջամտի և կկատարի՞ իր դաշնակցային պարտավորությունները, ՀԱՊԿ-ն, ռուսական ռազմաբազան ե՞րբ կանցնեն իրենց պարտավորությունների կատարմանը: Հայաստանում շատերն արդեն վստահ են, որ չարժե հույս դնել Ռուսաստանի դաշնակցային վերաբերմունքի և անվտանգության երաշխիքների վրա:
– Ի՞նչ եք ասում: Չէ՞ որ Հայաստանը գործընկեր է: Եթե սկսվեն ռազմական բախումներ, ապա ՀԱՊԿ-ն կլինի տեղում: Բորդյուժան էլ վերջերս բազմաթիվ անգամներ եղավ սահմանին, վերահսկվում է իրավիճակը: Յուրաքանչյուր գրագետ մարդու համար պարզ է ու հասկանալի՝ եթե պատերազմ ծագի և, բացի հայ-ադրբեջանական սահմանից, շփման գծում ևս լինեն բախումներ, ապա ինչպես՝ սահմանը, այնպես էլ՝ շփման գիծը ռազմաբազային ևս կվերաբերի, և ռազմաբազան կմիջամտի:
ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը, բնականաբար, իր մասնակցությունն է ունենալու: Ես չեմ կարող ոչինչ ասել Ղազախստանի և Բելառուսի մասին, սակայն Ռուսաստանը միանշանակորեն կմիջամտի: Ես կասկած չունեմ: Փորձ է արվում կողմերին ներշնչել, որ նրանք իրար համար հուսալի գործընկերներ չեն: Ռուսաստանը դառնում է գլոբալ խաղացող, իսկ Հայաստանի դերը՝ որպես գործընկեր և դաշնակից, մեծանում է, ռուսական հետաքրքրությունների պաշտպանության համար Մերձավոր Արևելքում ձեռք է բերում հատուկ նշանակություն:
– Եթե Հայաստանի դերը մեծանում է, ապա ինչո՞ւ ռուսական կողմը չի գնում զիջումների Գյումրիի ողբերգության մեջ մեղադրվող զինծառայողին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը կատարելու հարցում: Չէ՞ որ սա Հայաստանում ավելի խորը հակառուսական տրամադրություններ է բարձրացնում Գյումրիի ողբերգությունից հետո: Չե՞ք կարծում, որ ռուսական կողմը որոշակի զիջումների պետք է դիմի, եթե Հայաստանի դաշնակցային նվիրվածությունն արժեքավոր է:
– Ռուսաստանում երեք միլիոնից ավելի հայ է ապրում, նրանք արդեն ՌԴ քաղաքացիներ են, ամեն օր ինչ-որ միջադեպ ու հանցագործություն է կատարվում Ռուսաստանում, լինում են նաև հանցագործություններում ներգրավված հայեր: Այո, վատ մարդ է եղել զինծառայողը, բայց ռուսական կողմը հայտարարեց, որ կաշխատի համատեղ քննչական խումբ, շատ չպարզված հանգամանքներ կան երկու կողմերի համար, և դա պետք է հստակեցնել համատեղ: Ինչ-որ ռուս խելագարի հանցագործություն պետք չէ տարածել դաշնակցային հարաբերությունների վրա: Դա հիմարություն կլինի: