«Աղոթքների փոխարեն՝ պետք է անցնենք նաև գործողությունների». Թևան Պողոսյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է՝ հայ-թուրքական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում տիրում է այն վիճակը, ինչ ամեն տարի, պարզապես, ըստ նրա՝ հիմա ակտիվությունն է շատ բարձր:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատգամավորը նշեց, որ իրավիճակը կանխատեսելի է եղել: Նրա խոսքով՝ հասկանալի է, որ 2015 թվականն ունի իր յուրահատուկ կարևորությունը, և, բնականաբար, Ադրբեջանը ինչ-որ չափով պետք է «օգներ» իր գործընկեր Թուրքիային.
«Բացի դրանից, հաշվի առնելով այն բոլոր աշխարհաքաղաքական իրավիճակները, որ տեղի են ունենում (սկսած նավթի գների անկումից և դրա հետ միասին տարածաշրջանի բոլոր լարվածությունները), ինձ թվում է՝ հայկական կողմը պետք է գիտակցեր, որ սահմանում միշտ լինելու է լարված, այս տարի այդպես է լինելու, մենք էլ պետք է, բնականաբար, պատրաստ լինենք և համապատսախան գործողություններ անենք»:
Թ. Պողոսյանը կարծում է՝ մենք պետք է ոգեշնչենք մեր բանակին և զինվորներին, որպեսզի կարողանան ճիշտ մարտական գործողություններ կատարել, լինեն նախահարձակ, նախաձեռնող, սահմանի առաջին գիծը պինդ պահեն և պատժեն թշնամուն միանգամից.
«Բնականաբար, Թուրքիան փորձում է նաև իր վրա ուշադրություն գրավելու համար տարբեր զինվորական վարժություններ անել: Մենք էլ պետք է պատրսատ ու ուշադիր հետևենք: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ իրավիճակի սրման պատճառով ոչ թե պետք է մտավախություններով ապրենք, այլ պետք է պատրաստվենք: Աղոթքների փոխարեն՝ անցնենք նաև գործողությունների»: