«Հանցագործը հանցագործության վայրում թողնելով «այցեքարտ»՝ ցանկանում է շեշտադրել, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը»

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը պետք է քննվի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում: Նրա հետ զրուցել ենք սպանության դեպքի, գործի հետագա ճակատագրի մասին:

– Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանի՞, թե՞ ՌԴ իրավապահ մարմինները պետք է քննեն գործը:

– Հայաստանի Հանրապետությունում. Գյումրի քաղաքում կատարված սպանությունը պետք է քննվի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, քանի որ սպանությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, և անձը ձերբակալվել է ՀՀ տարածքում: Այս գործի քննությունը կարգավորող միջազգային որևէ նորմի կարիք չկա: Մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք կնքված` ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված, որի 4-րդ հոդվածում ասվում է, որ տվյալ տիպի գործերը պետք է քննվեն ՀՀ-ի կողմից:

Սակայն, եթե անգամ չլիներ այդ միջազգային պայմանագիրը՝ սուվերեն պետությունն ի՛նքը պետք է քննի իր տարածքում կատարված հանցագործությունը՝ անկախ հանցագործություն կատարած անձից: Եվ եթե այդ անձը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, նա անհապաղ պետք է հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին: Իրավապահ մարմիններն իրենց հերթին` պետք է կատարեին անհետաձգելի քննչական գործողություններ՝ այդ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Դրանց շարքին է դասվում քննչական փորձարարությունը, երբ անձը տարվում է դեպքի վայր և մատնացույց է անում, թե ինչպես է կատարել այդ հանցագործությունը. սրանով մենք բացառում ենք այլ անձանց մասնակցությունը:

Այնուհետև անձը ներկայացնում է, թե ինչպես է հասել հայ-թուրքական սահմանին, որով բացառում ենք, որ իրեն ինչ-որ մեկն օժանդակել է մինչև այդտեղ հասնելը: Դրանից հետո պետք է նշանակվեր նաև ստացիոնար դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն, այսինքն՝ անձը պետք է տեղափոխվեր ՀՀ տարածքում գտնվող, ՀՀ-ին պատկանող հոգեբուժական հիվանդանոց, որտեղ պետք է անցկացներ որոշակի ժամանակ, որի ընթացքում պետք է պատասխանեին հարցին՝ արդյոք այդ անձը մեղսունա՞կ է, թե՞ անմեղսունակ: Եվ պետք է կատարվեր հոգեբանական փորձաքննություն, որովհետև պետք է տրվեր այս հանցագործության հոգեբանական պատկերը: Ի՞նչ է դա նշանակում:

Մամուլից տեղյակ ենք, որ հանցագործություն կատարելիս անձը թողել է իր որոշակի իրեր: Գոյություն ունի քրեագիտություն՝ криминология, որտեղ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки՝ «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր: Հանցագործության վայրում թողնելով «այցեքարտ»՝ ինքը ցանկանում է շեշտադրել, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը: Սա դասվում է այն հանցագործությունների շարքին, երբ դիտավորյալ կատարվում է որոշակի արարք՝ անպայման իր անձը շեշտադրելու համար:

Հարցի պատասխանը, թե ինչ տիպի հանցագործություն է կատարվել, մենք կստանայինք համապատասխան դատահոգեբանական փորձաքննություն կատարելուց հետո: Բայց քանի որ տվյալ անձը չի գտնվում ՀՀ քննիչների տիրապետության տակ, այդ իսկ պատճառով ես չեմ պատկերացնում, թե ինչպես են իրենք ցանկանում կատարել այս քննչական գործողությունները: Չկատարելը, բնական է, կբերի բացասական հետևանքների:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ռուսական կողմն իրավունք ունի՞ քննելու, ապա ես բազմիցս իմ տեսակետը հայտնել եմ՝ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն իրավասու չեն քննել սպանության վերաբերյալ քրեական գործը: Իրենց իրավասությունը սահմանափակվում է միջազգային պայմանագրով. նրանք իրավասու են քննել դասալքության և այլ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերը:

Բայց դրանք կատարելիս՝ Պերմյակովը պետք է գտնվեր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների տիրապետության տակ, իսկ ըստ պայմանագրի՝ քննչական գործողություն կատարելիս Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները պետք է թույլտվություն ստանային մեր իրավասու մարմինների կողմից, որից հետո կատարեին իրենց քննությունը: Ըստ գործող օրենսդրության՝ Պերմյակովի վերաբերյալ քննությունը պետք է կատարվեր Հայաստանի Հանրապետությունում, այդ քննությունը պետք է ավարտվեր, և պատիժը պետք է որոշվեր Հայաստանի դատարանի կողմից:

– Պաշտոնատար անձինք ևս հաստատեցին, որ սպանության դեպքով քրեական գործ է հարուցել նաև ռուսական կողմը: Որքանո՞վ է տրամաբանական, որ նույն արարքի համար անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում երկու պետություն:

– Այստեղ տրամաբանությունը ոչ մի դեր չի խաղում, քանի որ այդ հարցը կարգավորվում է մեր օրենսդրությամբ և միջազգային նորմերով: Սպանության փաստի առթիվ քրեական գործ հարուցել իրավասու էր միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ ՌԴ իրավապահ մարմիններն իրավասություն չունեն: Այսինքն՝ իրենք այդ գործը հարուցելու, քննելու իրավասություն չունեն, քանի որ դա իրենց ընդդատությունը, ենթակայությունը չէ: Խոսքն իրավասության մասին է՝ իրենք իրավասու չեն սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով որևէ քննչական գործողություն կատարել, եթե, իհարկե, մեր քննիչների կողմից սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրենք չստանան որոշակի հանձնարարություններ: Այն էլ՝ այդ հանձնարարություններն էլ պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում, օրինակ, Պրեմյակովի հորը կամ ազգականներին որոշ փաստերի վերաբերյալ հարցաքննելու վերաբերյալ:

– Այսինքն՝ ռուսական կողմը պետք է կարճի՞ սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը:

– Այսօր ստացվել է մի իրավիճակ, երբ ռուսական կողմը ոչ միայն իրավասու չէ քննելու այս գործը, այլև ՌԴ իրավապահ մարմինների կողմից այդ գործով քննություն կատարելիս ձեռք բերված ապացույցները կհամարվեն օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ, որովհետև տվյալ դեպքում իրենք իրավասու չեն գործը քննելու: Իսկ գործը քննել` նշանակում է՝ կատարել որոշակի քննչական գործողություններ և պատշաճ կարգով դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմել:

Իսկ դրա վերաբերյալ կազմված ցանկացած արձանագրություն, որը կկազմվի Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից, կհամարվի անօրինական ապացույց, և ձեռք բերված այդ ապացույցները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Ստացվում է մի իրավիճակ, երբ ՌԴ իրավապահ մարմիններն իրավասու չեն քննել քրեական գործը, քանի որ իրենց ենթակայության տակ չէ, հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, և այդ գործը չի հանձնվել իրենց, իսկ ՀՀ քննչական մարմինները քննություն չեն կարող կատարել, քանի որ մեղադրյալը չի գտնվում իրենց տիրապետման տակ: Փաստացի այս պահին ոչ ոք քննություն չի կատարում այդ գործով:

– ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ հանցագործը պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն չի նշում՝ արդյոք խոսքը ՀՀ դատարանի՞ մասին է…

– Ես ընդհանրապես չեմ ընդունում դատախազի նման ձևակերպումները, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ ՀՀ դատախազը պետք է այնքան պարզ և հասկանալի լեզվով ներկայացներ հասարակական հնչեղություն ունեցող այս գործը, որպեսզի ոչ մեկի մոտ հարց չծագեր:

Մինչդեռ, դատախազի ելույթից ենթադրվում է, որ (քանի որ ինքը չի կարողանում հստակ նշել, որ Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ դատարանի կողմից, կամ՝ քրեական գործը քննվելու, ավարտվելու է ՀՀ իրավապահ մարմինների կողմից) քրեական գործը քննվելու է ՀՀ-ում տեղակայված, զորամասին կից գործող զինվորական դատարանի կողմից, բայց այս փուլում նման խոստում տալը (ես որքան հասկացա, տղայականով ասաց) իրավաբանորեն ճիշտ չէ, քանի որ նախաքննության ընթացքում կարող են բացահայտվել այնպիսի փաստեր, որոնց հետևանքով ընդդատությունը փոփոխվի: Այսինքն՝ այս պահին չի կարելի որոշել, թե որ դատարանը պետք է քննի քրեական գործը, եթե խոսքը վերաբերում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից քննված գործին: Իր ասելով՝ դա դրան է վերաբերում: Պետք է իմանալ, որ այս պահին հնարավոր չէ որոշել ընդդատությունը: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

– Նշեցիք, որ սպանության գործը ՀՀ իրավասության տակ է, իսկ ՌԴ իրավապահ մարմինները կարող են քննել դասալքության հետ կապված գործերը: Այդ դեպքում դրանք պետք է առանձին քննվե՞ն տարբեր երկրների կողմից, և հետագայում՝ ինչպե՞ս պետք է որոշվի պատժի հարցը:

– Դրա օրինական ընթացակարգը նախատեսված է ինչպես` ՌԴ քրեական դատավարության, այնպես էլ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Թե ինչպես կլուծվի դրանից դուրս, ես չեմ կարող պատկերացում կազմել: ՌԴ-ի դեպքում պետք է վերադաս դատախազը քրեական գործը կարճելու որոշում կայացնի, քանի որ գործը հարուցվել է այն փաստի առթիվ, որի վերաբերյալ քննություն կատարելու իրավունք չունեն ՌԴ քրեական օրենսգրքի ներքո, որովհետև արարքը կատարվել է իրենց տարածքից դուրս: Այդ հիմքով պետք է կարճվի, որովհետև, կրկնում եմ՝ անօրինական կարգով է հարուցվել, քանի որ դա ենթակա չէ ՌԴ իրավապահ մարմինների քննությանը: Քրեական գործը պետք է քննվի և ավարտվի ՀՀ-ում այնքան ժամանակ, մինչև այդ անձը գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ իմ իմանալով՝ Գյումրին դեռևս ՀՀ տարածքի մաս է կազմում:

 

Տեսանյութեր

Լրահոս