Պերմյակովի երեք բջջային հեռախոսները. փաստեր ու հակասություններ. yerkir.am
yerkir.am-ը գրում է. Դաժան սպանության դեպքեր մեր երկրում երբեմն-երբեմն գրանցվում են, սակայն հազվադեպ է լինում, երբ միաժամանակ սպանության զոհ են դառնում ընտանիքի մի քանի անդամներ: Նման ոճրագործության սարսափելի դեպք գրանցվել էր տարիներ առաջ ` Կոտայքի մարզի Նոր Գյուղում, երբ մի գիշերում դանակահարել, որոշ ականատեսների խոսքով` մորթել էին եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներին, այդ թվում` երեխայի: Սպանությունը, որի մասին այսօր քչերը գիտեն, կարճ ժամանակ անց բացահայտվեց, ասում են` պատճառը փողն էր: Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած` իր դաժանությամբ նմանը չունեցող ոճրագործության պատճառը մինչ այսօր անհայտ է մնում: Հենց այդ դաժանությունն ու հանգամանքների տարօրինակ դասավորությունն էլ օդում առկախված թողեցին բազմաթիվ հարցեր: Ինչո՞ւ, ինչպե՞ս… Այս հարցերի պատասխանն արդեն մի քանի օր է փորձում է գտնել հանրությունը: Սա այն դեպքերից է, երբ «քննությունը կպարզի» կամ «քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները» հավաստիացումները մարդկանց վստահություն չեն ներշնչում: Ավելին` դեպքի օրն ու դրան հաջորդած ժամանակահատվածում իրավապահ մարմինների ղեկավարների, ինչու չէ, նաև հարևանների իրարամերժ հայտարարություններն ու հավաստիացումները ոչ այնքան լույս են սփռում այս պատմության վրա, որքան խճճում այն:
Այսպես` փաստեր ու հակասություններ…
Դաժան սպանդն իրագործված է
Հունվարի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, տեղեկություն տարածվեց (շտապ բուժօգնության կայանից ոստիկանությանը ահազանգ հասել է 12:30-ին), որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են ընտանիքի վեց անդամների դիերը, իսկ ընտանիքի 6-ամսական երեխան սուր-ծակող գործիքից (հավանաբար` դանակ) ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան` 6:30-ի սահմաններում: Սպանդի մասին առաջին լուրից հետո ընդամենը րոպեներ անց տեղեկություն տարածվեց, որ սպանության մեջ կասկածվողը ռուս զինծառայող է (նա պահակակետը լքել էր հանցագործությունից 6-7 ժամ առաջ): Քննչական կոմիտեն հաստատեց դա` նշելով, որ դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգ, պարկուճներ, փամփուշտներ, ինչպես նաև զինվորական հագուստ, կոշիկ և պայուսակ, որի վրա գրված է` Վ. Պերմյակով:
Չենք տեսել, չենք լսել
Ըստ նախաքննական մարմնի` հանցագործություն կատարած անձը ԱԿ տեսակի ինքնաձիգից (Կալաշնիկովի ինքնաձիգ) է կրակոցներ արձակել` առնվազն 20 կրակոց: Ուշադրություն` ինքնաձիգը խլացուցիչ չի ունեցել, այսինքն` հանցագործությունն անաղմուկ չի կատարվել: Սակայն Ավետիսյանների հարևանները պնդում են, որ կրակոցի ձայներ չեն լսել: Միայն հարևաններից մեկն է խոստովանում, որ պայթյունի ձայն է լսել, սակայն կարծել է, թե երկրաշարժ է: Մեկ ուրիշ հարևանն էլ կարծել է, թե հրավառություն է, եւ սա այն դեպքում, երբ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Մեկն էլ պնդում է, թե ձայներ չի լսել, քանի որ Ավետիսյանների տան եվրապատուհանները ձայնը խլացնում են… Այ քեզ եվրապատուհան: Հարեւանները զրույցների ժամանակ պարզապես ինքնապաշտպանվում էին, առանց լսելու հարցը` հայտնում, որ ոչինչ չեն տեսել և չեն լսել: Ըստ էության` նրանց մոտ համատարած վախի մթնոլորտ էր:
…
Պերմյակովի երեք բջջային հեռախոսները…
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը: «Ծարավ» զինվորը ազատվել է վկաներից, հատկապես` «ամենավտանգավորներից»` 2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից, շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում: Ուշագրավ է, որ Պերմյակովը չէր մոռացել պայուսակը, որի վրա բավական մեծ տառերով գրված է իր անուն-ազգանունը, աչքի, իսկ ավելի ճիշտ լուսանկարչական ապարատի օբյեկտիվի համար հարմար դիրքով դնել: Հավանաբար, որ բոլորի հիշողության մեջ ֆիքսվի այդ կադրը: Առկա փաստերն առայժմ խոսում են այն մասին, որ հանցագործությունը կատարողը (կամ կատարողները) Պերմյակով անձի հետքերը թաքցնելու խնդիր չի ունեցել: Կասկածելի են նրա` միայնակ գործելու հանգամանքը շարունակ շեշտադրելու փորձերը: Մի բան, կարծես, հստակ է` Պերմյակովի արարքի բացահայտմամբ շահագրգռված են թե’ հայկական և թե’ ռուսական կողմերը: Չի բացառվում, որ արարքին բացատրություն վերին օղակներում արդեն գտել են, թե երբ կհրապարակայնացնեն, հստակ չէ: Այս օրերին կատարվող իրադարձություններն ու դրանց վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների արձագանքը փաստում են ժամ առ ժամ հասունացող պայթյունավտանգ իրավիճակի մասին, որից խուսափելու միակ ելքը օդում առկախված մի քանի հարցերի պատասխանները տալն ու այս պատմության վրա լույս սփռելն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: