Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանից կախվածության մեջ է, չի լինի որևէ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում. Աքթար

168.am-ի զրուցակիցն է 2008 թ. «Ներողություն» ակցիայի նախաձեռնող, Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրք մտավորական Չենգիզ Աքթարը:

Պարոն Աքթար, Դուք մշտապես կրկնում եք, որ Թուրքիայի ղեկավարությունն ի վերջո պետք է ընդունի պատմությունն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնինչ անցյալ տարի ապրիլի 24-ի նախօրեին Էրդողանի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ բացի ներողությունը, թուրք իշխանություններից ավելին ակնկալել պետք չէ: Ամեն դեպքում Հայաստանում Թուրքիայից սպասելիքներ կան, ուստի հետաքրքիր է` ի՞նչ կարելի է սպասել Թուրքիայից այս տարի:

 

– Ես կարծում եմ, որ տեղի ունենալիքը սահմանափակվելու է միջոցառումներով: Հայտնի է, որ Թուրքիայում իշխանությունների կողմից կազմակերպվելու են հանդիպումներ, քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ ինչպես՝ գիտական, այնպես էլ՝ հասարակական: Իսկ բովանդակությունը լինելու է հետևյալը` ապացուցել, որ Ցեղասպանություն չի եղել:

Այնուամենայնիվ, ապրիլի 24-ին հավաքույթ է նախատեսվում Դարդանելում` Չանաքքալեում, նշելու համար Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը, առանց, իհարկե, Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակման: Այս երկու իրադարձությունները համարյա թե նույն օրն են տեղի ունեցել, որը շատ հարմար է Ցեղասպանությունը ստվերելու համար: Անկեղծ ասեմ, որ մենք մեր պաշտոնյաներից ոչ մի էական քայլ, նույնիսկ հայտարարություններ, չենք սպասում:

Թուրքիայի իշխանությունները շարունակելու են կրել, հաղթահարել աշխարհում` ոչ միայն Հայաստանում, տեղի ունեցող տարբեր իրադարձությունների ակտիվության հետևանքները՝ առանց Հայաստանին և պատմությանն ընդառաջ որևէ քայլ իրականացնելու: Սա է Թուրքիայի ներկայիս իշխանությունների նպատակը:

– Մենք տեսնում ենք, որ Թուրքիան օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ Եվրոպական միությանը ցույց տալու համար, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը համաձայնություն չտալն աշխարհաքաղաքական սխալ է ԵՄ անդամ-երկրների կողմից: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ այդ ցանկությունը Թուրքիային որոշակի քայլերի մղի Ցեղասպանության հարցում:

– Ես կարծում եմ, որ Թուրքիան այլևս չի ցանկանում միանալ Եվրոպական միությանը: Այո, Թուրքիան ցույց է տալիս, որ Թուրքիային ԵՄ-ին չմիացնելը վնասում է հենց Եվրոպական միությանը, և Թուրքիան այսօր այլևս հետաքրքրված չէ ԵՄ անդամակցության հեռանկարներով: Ուստի քիչ հավանական է, որ ԵՄ անդամակցության հարցում ԵՄ անդամ-երկրների հավանությանն արժանանալու համար քայլերի դիմի Հայկական հարցի առնչությամբ:

Մենք տեսնում ենք, որ Հայ-թուրքական արձանագրությունները մահացած են, և այս առումով ևս ես ոչինչ չեմ ակնկալում: Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ: Եվ քանի որ Թուրքիան չի փոխի իր քաղաքականւթյունն Ադրբեջանի նկատմամբ, ես չեմ ակնկալում որևէ փոփոխություն և՛ հայ-թուրքական արձանագրությունների, և՛ հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության հարցում: Ադրբեջանական գործոնն էական դերակատարություն ունի այս բոլոր հարցերում, և դա կմնա այդպես, քանի դեռ Թուրքիան ունի էներգետիկ ռեսուրսների կարիք: Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևն Անկարայում է, քննարկվում են էներգետիկ հարցերը, Ադրբեջանը ներդրումներ է անում Թուրքիայում, իսկ Թուրքիան մեծ հաճույքով ընդունում է դրանք, գնում ադրբեջանական էներգառեսուրսները, կառուցում Անդրանատոլիական գազատարը: Այս ամենը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի որևէ հույս չի ներշնչում:

– Ալիևի թուրքական այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները ևս: Ի՞նչ եք կարծում` ձեռք կբերվե՞ն արդյոք նոր պայմանավորվածություններ այս հարցում երկու երկրների միջև:

– Ես այդ մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող: Հստակ է մեկ բան` քանի դեռ Թուրքիան գտնվում է Ադրբեջանից կախվածության մեջ, հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց տեղ չի ունենա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս