
Ադրբեջանն ԱՄՆ-ին պատասխանել է մարդու իրավունքների շուրջ իր լսումներով

Ադրբեդջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, որոնք մշտապես հայտարարում են, որ հավատարմ են մյուս երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, կարծես թե, փոխում են իրենց քաղաքականությունը:
Վերջին շրջանում պաշտոնական Բաքվին սկսել է հուզել աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիրը: Ընդ որում՝ դա կրում է ընտրովի բնույթ, քանի որ Բաքուն «համաչափ» պատասխանում է այն երկրներին, որոնք մարդու իրավունքների խախտման համար քննադատում են Ադրբեջանին:
Դրա վկայությունը դարձավ Ադրբեջանի նախագահին կից Պետական աջակցության խորհուրդ ՀԿ-ի կազմակերպած այսօրվա լսումները, որոնք առնչվում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին: Խորհրդի ղեկավար Ազայ Գուլիևը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները թևակոխում են «թեժ փուլ».
«Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետական ինստիտուտների վերջին հայտարարությունները կանխակալ են, հեռու են իրականությունից, չեն ծառայում ռազմավարական գործընկերությանը: Մենք նույնպես որոշել ենք լսումներ կազմակերպել ու գնահատականներ տալ ԱՄՆ-ում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին:
ԱՄՆ-ն իրավունք չունի քննադատել Ադրբեջանին, քանի որ նա ինքն ունի ռասայական ու կրոնական խտրականություն, շարունակում է գործել Գուանտանամոյի բանտը, տեղի են ունենում Ֆերգյուսոնի իրադարձությունները:
ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի ու Պետդեպարտամենտի ղեկավարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերի քննադատական հայտարարությունների հետևում կանգնած է պաշտոնական Վաշինգտոնը»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Վաշինգտոնում լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի շուրջ: