ԱՄՆ-ի հետ գործընկերության բարելավման համար Ադրբեջանը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի անկախ ձայների հանդեպ. Թոմաս Մելիա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 12-ին Վաշինգտոնում լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի շուրջ:
Դրանց մասնակիցներն ընդհանուր կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ը շարունակելու է անկախ ձայներին աջակցելը և միաժամանակ չի կասեցնի այդ երկրի իշխանությունների հետ իր շփումները:
ԱՄՆ պետքարտուղարի՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան հայտարարել է, որ իրենք ցանկանում են կառավարական մակարդակի վրա առավել ակտիվորեն համագործակցել Ադրբեջանի հետ.
«Կարևոր է, որ Ադրբեջանի կառավարությունում մեր գործընկերները հասկանան, թե իրականում ինչում են կայանում մեր շահերը: Մենք Ադրբեջանի համար ցանկանում ենք կայունություն ու բարգավաճում, և մենք կարծում ենք, որ դրա բանալին անկախ ձայներին առավելագույն հարգելու և նրանց այն բանի հնարավորության ընձեռման մեջ է, որը նրանք կատարում են ժամանակակից հասարակությունում»:
Լսումները կազմակերպել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը, դրանք ստացել են «Ադրբեջանում անկախ քվեների ճնշումը» անվանումը: Նրա մասնակիցները կենտրոնացել են Ադրբեջանում հասարակական ակտիվիստների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հալածանքների ու կալանավորումների, արևմտամետ ՀԿ-ների փակման փաստերի վրա:
Թոմաս Մելիան ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի գործընկերության բարելավման համար պաշտոնական Բաքուն պետք է հանդուրժողականություն ցուցաբերի անկախ ձայների հանդեպ. «Կենսական կարևոր է, որ ճանաչվեն երկրի քաղաքացիների իրավունքները՝ կապված իրենց հիմնարար ազատությունների՝ ազատ արտահայտվել ու ազատ հանրահավաքներ անցկացնել, իրագործման հետ»:
Թոմաս Մելիան ընդգծել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբերտ Սեկյուտան Բաքու կժամանի մի քանի շաբաթ անց՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար, և որ դա կլինի կարևոր պահ՝ հետագա համագործակցության համար: