Հայաստանի անվտանգության խոցելիությունն Արևմուտքի թուլությունն է. Կայծ Մինասյան
168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
– Պարոն Մինասյան, Հայաստանի անվտանգությունը, որի համար, ըստ հայ պաշտոնյաների, ՀՀ նախագահը որոշում կայացրեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, հայտնվել է խոցելի վիճակում առավել քան երբևէ: Տարին սկսվեց հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աննախադեպ լարվածությամբ, ապա այն կառույցի ներկայացուցիչը, որը կոչված է ՀՀ ԶՈՒ-ի հետ ապահովելու ՀՀ անվտանգությունը, խախտեց Գյումրիի խաղաղ բնակչության անվտանգությունը` վերացնելով մի ողջ ընտանիք: Ի՞նչ հետևություններ պետք է անել այս իրավիճակից:
– Այնքան սարսափելի ու դժբախտ դեպք է տեղի ունեցել, որ դժվար է այդ մասին խոսելը: Պետք է անել ամեն բան, որպեսզի նման ողբերգություններ այլևս չկրկնվեն: ՀՀ և ՌԴ իշխանությունները պետք է պայմանավորվեն, որպեսզի հստակեցնեն այդ բազայի էությունը, գործելակերպն ու դերակատարությունը, որովհետև շատ զարմանալի է, որ այդ բազան, որը գտնվում է Գյումրիում ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության համար, սպառնում է մեր անվտանգությանը: Սա արդեն իսկ շատ հակասական երևույթ է: Ինքնիշխանության հարց կա այս ամենում: Եթե մարդասպանը դատվի Հայաստանում, ապա կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, բայց վախենում եմ, որ այդպես չի լինի, և մարդասպանը կփոխանցվի Ռուսաստան, և այնտեղի արդարադատությունը կզբաղվի այդ հարցով:
Սա մի քանի երևույթ հարցականի տակ կդնի` Հայաստանի ինքնիշխանությունը, բազայի անվտանգություն ապահովող դերակատարությունն ու մարդասպանին արժանի դատավճռի հարցը: Ես արդեն մի քանի տարի է, ինչ ասում եմ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը չէր երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, տեղի էր ունենալու դրա հակառակը, վտանգի մեջ էր հայտնվելու Հայաստանը: Եվ այսօր մենք կարող ենք փաստել, որ Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է: Կարծում եմ, որ կասկածի ու շփոթմունքների, ճգնաժամի մեջ ենք: Դրանից դուրս գալու համար պետք է Հայաստանի ներքին կյանքը շտկել, ՀՀ կառավարությունը պետք է նորմալ կառավարություն լինի:
10 տարի ի վեր մեկ կուսակցությունը, զբաղեցնելով գլխավոր ուժի տեղը, տիրապետում է բոլոր լծակներին՝ առանց մրցակցայնության, առանց ներքին զիջումների, ավելին՝ մենք ականատեսն ենք այն բանի, որ դա պարտություն է, ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը պարտված քաղաքականություն է: Եվ ուրեմն պետք է միացյալ կառավարություն ստեղծել, որը կազմված կլինի մաքուր անձանցից, պետք է լինի մասնագիտական կառավարություն, իսկ դա կդառնա վստահության հիմք:
Դրան կգումարվի նաև այն, որ բանակը հզոր է: Այդ մթնոլորտն ու իրականությունը պետք է բոլոր պետական ապարատներում տարածել: Եթե հասարակության և վերնախավի միջև վստահություն կա, ապա բոլոր հարցերը լուծվում են: Եթե չկա, ինչպես որ է՛, առաջին սպառնալիքը դա է: Սա ներքին սպառնալիք է, արտաքին վտանգը գիտենք, թե որտեղ է: Պետք է լուծել առաջին հերթին՝ ներքին սպառնալիքի հարցը: ՀՀ իշխանությունները պետք է հաշիվ տան ժողովրդին: Ամենակարևորը՝ պետք չէ վախենալ որևէ պետությունից, դրանով իսկ մենք մեր թուլությունն ենք ի ցույց դնում, մեր բանակը հզոր է, և որևէ մեկը չի կարող սպառնալ Հայաստանի անվտանգությանը՝ ճիշտ ռազմավարության դեպքում:
– Ամեն դեպքում, Հայաստանն անվտանգության ոլորտում չի ստանում Արևմուտքից որևէ աջակցություն, ինչը ևս վստահության լուրջ պատճառ կարող էր դառնալ:
– ՀՀ իշխանությունները պետք է Արևմուտքին բացատրեն, որ ՀՀ թուլությունն Արևմուտքի թուլությունն է: Հայաստանը խաղաղություն է երաշխավորում: Նույնիսկ Ռուսաստանին պետք է բացատրել, որ Հայաստանը խաղաղություն է երաշխավորում: Եթե դա ՀՀ իշխանություններն են վախենում անել, թող հասարակությունն ու Սփյուռքը բացատրի: Անիմաստ է Հայաստանի հետ վարվել՝ որպես վասալ պետության:
– Արևմուտքն ի՞նչ անելիք ունի անվտանգության ոլորտում, եթե հաշվի առնենք, որ ուկրաինական օրինակով պարզ դարձավ, որ «Արևելյան գործընկերության» անդամ պետություններն ունեն անվտանգության խնդիր և չեն կարողանում իրացնել իրենց եվրոպական ընտրությունը հենց դրա բացակայության պատճառով:
– Արևմուտքը կարող է երկու բան անել` իսկապես զարգացնել այդ երկրներին տնտեսապես և, ինչո՞ւ ոչ՝ ավելի համագործակցել մարտական, զինվորական անվտանգության հարցերի շուրջ, որովհետև այդ հարցերը չեն կարող թողնվել միայն Ռուսաստանին, և փորձը ցույց տվեց, որ դա սխալ է: Որքան եվրոպական պետություններն օգնեն տարածաշրջանային երկրներին բոլոր ոլորտներում, այնքան լավ է խաղաղության և անվտանգության տեսանկյունից: Եթե միայն ՌԴ-ն է աջակցում Հայաստանին, դա վտանգ է հայ իրականության համար: Արևմուտքը պետք է պատասխանատվություն ստանձնի:
Մեկ այլ հարց ևս գոյություն ունի: Արևմուտքը ռազմաքաղաքական շահեր ունի տարածաշրջանում: Օրինակ` եթե Իրանի հարցը լուծվի, Արևմուտքը եթե լուծում գտնի այս առնչությամբ, ապա Հարավային Կովկասն ավելի մեծ արժեք ձեռք կբերի, որն էլ նշանակում է, որ Արևմուտքը մեծ նշանակություն կսկսի տալ Կովկասին ու մասնավորապես՝ Հայաստանին: Արևմուտքին այս գոտում խաղաղություն է անհրաժեշտ: Հայաստանն այլևս անհրաժեշտություն չունի փաստել իր ավելի ռուսամետ քաղաքականությունը, այսքանը բավարար է: Պետք է լինի կարմիր գիծ, ի վերջո, ե՞րբ պետք է Ռուսաստանին տրվող զիջումներին ասվի՝ «ոչ»: Մեկ գաղափար պետք է տարածվի ՀՀ հասարակության շրջանում. պետք է պահանջել, որ քաղաքական ուժերն այլևս հաշիվ տան իրենց քայլերի համար: Քաղաքական վերնախավը պետք է օգտագործի իր ամենահզոր ներուժը՝ Սփյուռքի ներուժը: Այն չօգտագործելը նույնն է, ինչ, եթե Ադրբեջանը չօգտագործեր իր էներգետիկ պաշարները կամ Վրաստանը` իր ծովը: