ԵՏՄ անդամակցությունը մեծ շուկա է բացում ծրագրավորողների համար. Հովիկ Մուսայելյան. tert.am
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՏ ոլորտի 2015 թվականի սպասումներին, ասաց, թե քանի որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովել է 20-25 տոկոս աճ, ապա ինքը ենթադրում է, որ այդ աճը շարունակվելու է նաև 2015-ին և նոր ծրագրեր են լինելու:
«Մենք հիմա մի քանի մասնավոր ընկերություններով նոր մտքեր, ծրագրեր ենք գեներացնում, որոնք ենթադրում են կառավարության մասնակցությունը, և նրանց հետ ևս քննարկում ենք այդ ծրագրերը և ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը` ՏՏ ոլորտը զարգացնելու հարցում, Հովիկ Մուսայելյանն ասաց.«ՏՏ ոլորտը տարիների ընթացքում ինքնաբուխ զարգացած ոլորտ է, ինքնաբուխ ստեղծված հզոր խավ է ձևավորվել` հիմնականում դրսի ներդրումների հաշվին»:
Նա նշեց, որ անկախացումից հետո ՏՏ ոլորտի զարգացման առումով Հայաստանը տարբեր փուլեր է անցել: «Կառավարությունը հիմնականում գնացել է իրադարձությունների հետևից, որովհետև այն մասնահանումները, որը կառավարությունը ՏՏ ոլորտին է հատկացրել, դրանք անլուրջ են: Սակայն կառավարությունը գոնե հասկանում է, որ այս ոլորտն է այն լոկոմոտիվը, որն ամբողջ տնտեսությունը պետք է առաջ տանի և փորձում է ոչ պոպուլյար մոտեցումներով, նախաձեռնություններով, բազմաթիվ նոր ընկերություններին հարկային արտոնություններ տալով` աջակցել ոլորտին»,- ասաց նա:
Ըստ նրա` խնդիրը ներդրումները չեն և պետք չէ, որ կառավարությունը ներդրումներ անի, քանի որ մասնավոր ընկերություններն ունակ են` նորմալ համագործակցության շրջանակներ ունենալու դեպքում, ներդրումներ անել:
«Կառավարության խնդիրն այն է, որ առաջին հերթին չխանգարի, երկրորդ` ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի օտարերկրյա ներդրումները խրախուսվեն և երրորդ` ազատ և մրցակցային դաշտ ստեղծվի Հայաստանում: Դրա համար մոտեցումներ ու կամք է պետք»,- ասաց նա և նշեց, որ ներդրումները մեզ մոտ գնալով ավելանում են, որովհետև գնալով ավելանում են ընկերությունների թվաքանակը:
Անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության ազդեցությանը ՏՏ ոլորտի վրա` Հովիկ Մուսայելյանն ասաց, որ երբ խոսում ենք տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների առավելությունների մասին, պետք է կոնկրետ շեշտադրումներ անել, թե այդ ոլորտի որ ենթաճյուղի մասին է խոսքը:
«Ինչ վերաբերում է միկրոսխեմաների նախագծման ասպարեզին, ապա աշխարհի երեք ամենախոշոր ընկերություններից երկուսը Հայաստանում են: Մյուս ԵՏՄ անդամ երկրներում իրենք այդպիսի զարգացումներ չունեն: Իրենց նշանակետը Հայաստանն է եղել, և ենթադրում եմ, որ իրենք բավական գոհ են իրենց բիզնեսից»,-ասաց նա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: