Մարջան Ավետիսյան . «Եթե ես երջանիկ եմ՝ իմ դեմքից դա ակնհայտ երևում է»
«Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» սերիալը կարճ ժամանակահատվածում սիրելի է դարձել է հեռուստադիտողների կողմից: Սերիալի հերոսներից տիկին Թամարայի դերակատար՝ դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ զրույցում պարզվեց, որ վերջինիս մարմնավորած հերոսի նախատիպն իրականում նույնպես գոյություն ունի:
– Դերասաններից և դերասանուհիներից շատերը նախքան սերիալներում նկարահանվելու առաջարկ ստանալն ինչ պիտակներով ասես՝ չէին կոչում իրենց այն կոլեգաներին, ովքեր արդեն նկարահանվում էին սերիալներում: Սակայն կարճ ժամանակում նրանց այդ «վեհ» կեցվածքը կտրուկ փոխվում է, երբ հասնում է սերիալում նկարահանվելու իրենց հերթը: Ինչպիսի՞ն էր Ձեր անցումային փուլը՝ թատրոնից սերիալ:
– Երբեք վատ չեմ վերաբերվել սերիալներին: Փնովող դերասաններին ես տեսել և լսել եմ՝ վաստակավորներից սկսած, ժողովրդականներով վերջացրած: Նրանք, փնովելով հանդերձ, շատ կարճ ժամանակ հետո ևս հայտնվում էին սերիալում:
– Եվ ի՞նչ դեմքով են նրանք այնտեղ հայտնվում:
– Այն դեմքով` ասես երբևէ չեն փնովել սերիալի դերասանին: Ես չեմ էլ փորձել հիշեցնել նրանց իրենց հնչեցրած կարծիքները: Կարևորը, որ իրենք իրենց լավ են զգում նաև սերիալներում նկարահանվելիս:
– Երևի մեր սերնդի դերասաններին պարզապես առավել հեշտ է եղել ադապտացվելը, համակերպվելն այսօրվա սերիալային իրականությանը, քան այն սերնդին, ովքեր ականատես են եղել ժամանակին արված գեղարվեստական ֆիլմերին:
– Միգուցե: Սակայն բնական էր, որ սկզբնական շրջանում սերիալները պետք է ունենային թերություններ, քանի որ նոր էր: Թատրոնի դերասանի համար շատ կարևոր է, որ կարողանա ինքն իրեն կողքից տեսնել: Հիմա հազվադեպ են նկարահանվում գեղարվեստական ֆիլմեր: Տեսախցիկն ու հեռուստատեությունն այդ հնարավորությունը տալիս են դերասանին:
– Կանայք չեն սիրում նշել իրենց տարիքը: Սակայն, Թատերական ինստիտուտն ավարտելուն պես, Ձեզ սկսեցին առաջարկել Ձեր տարիքից առնվազն 10 տարի մեծ կանանց դերեր: Դա Ձեզ չէ՞ր վիրավորում:
– Ճիշտն ասած՝ այդ մասին սկզբում չէի մտածում, հիմա էլ առանձնապես չեմ հուզվում այն մտքից, որ ինձ շարունակ իմ տարիքից բավականին մեծ տարիքով կանանց դերեր են առաջարկում խաղալ: Երբեմն, իհարկե, ընկճվում եմ՝ գաղտնի, մենակ… Կարծում եմ՝ դա իմ դիմագծերից, շարժուձևից, կենսակերպից է… Իրականում չգիտեմ, թե ինչից է, բայց ինձ այդպես են տեսնում ռեժիսորները: Անգամ թատրոնում՝ ուսանելու տարիներին, իմ դիպլոմային աշխատանքը եղել է մի կերպար, ով 60 թե 70 տարեկան կին էր:
– Տարիքով երևալը Ձեզ համար ապրելակե՞րպ է դարձել, թե՞ տղամարդկանցից պաշտպանվելու տարբերակ:
– Հավատացեք, ես ավելի ուրախ և թեթև մարդ եմ իրականում: Պարզապես ինձ այդպիսին տեսնում են: Երբեմն, երբ երեկույթների ժամանակ ուրախանում, պարում եմ, ինչպես կաներ յուրաքանչյուր երիտասարդ իմ տարիքում, զգում եմ, թե ինչ տարօրինակ հայացքներով են ինձ նայում մարդիկ:
– Երևի զարմանում են, թե ինչպե՞ս ընթացքում լաց չեք լինում՝ ինչպես Ձեր հերոսուհիները՝ սերիալներում…
– Երևի մտածում են, թե խելագարվել եմ:
– Կան դերասաններ, որոնք բեմում առանձնապես աչքի չեն ընկնում, սակայն տեսախցիկի առջև այլակերպվում են: Ասում են, որ դա տեսախցիկի առջև պատահաբար ի հայտ եկած տաղանդի արդյունք չէ, այլ «տեսախցիկի սիրո»: Հետևելով Ձեզ էկրանից, ի՞նչ եք կարծում՝ տեսախցիկը սիրո՞ւմ է Ձեզ:
– Եթե դիտարկեմ արտաքին տվյալներս փոխանցելու տեսանկյունից, ապա չեմ կարծում, թե տեսախցիկն ինձ սիրում է: Այնպես չէ, որ ես ինձ հայելու մեջ տեսնում եմ շատ ավելի լավը, քան տեսախցիկն է տեսնում: Սակայն տեսախցիկը խոշորացույց է և շատ վտանգավոր երևույթ: Այն, ինչ կցանկանայիր կյանքում թաքցնել, տեսախցիկն ամեն ինչ ֆիքսում և փոխանցում է էկրան: Այն, ինչ հնարավոր է կոծկել բեմական գրիմի շերտի տակ, անհնար է դառնում անել տեսախցիկի առջև: Սակայն, եթե դիտարկենք կերպարային ընկալման տեսանկյունից, կարծում եմ, որ տեսախցիկն ինձ մի քիչ սիրում է: Թող սա մեծամտություն չհնչի, սակայն ես այդ կարծիքին եմ եկել իմ կերպարների հանդեպ հեռուստադիտողների ունեցած արձագանքից:
– Երկար տարիներ նկարահանվում եք սերիալներում: Ֆինանսական առումով ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այդ աշխատանքի շնորհիվ:
– Յուրաքանչյուր նախագծում աշխատելու պայմանագիր ստորագրելուց առաջ, երբեք առաջնահերթ չի եղել գումարը, իսկ եթե նախագիծը շատ լավն է, ապա գումարն ընդհանրապես կարևոր չէ: Չնայած, երբեմն մտածում եմ, որ սխալ մոտեցում եմ ցուցաբերում: Առաջին հարցը, որ ինձ մոտ առաջանում է սցենարը կարդալիս՝ կարո՞ղ եմ արդյոք կատարել այդ դերը, որքանո՞վ է այն իմը: Շատ եմ կարևորում անձնակազմը, ում հետ պետք է աշխատեմ: Կյանքում գուցե անփույթ երևամ, բայց ես ահավոր բծախնդիր մարդ եմ աշխատանքի մեջ: Այն աստիճան, որ ինձ «նկատողություն» են անում՝ ասելով. «Հերի՛ք է, սո՛ւս: Էլ հարց չտաս…»:
– Կարծում եմ՝ դա Ձեզ մոտ բնավորության գիծ է: Այն չի կարող աշխատանքի վայրում լինել, աշխատանքից դուրս՝ ոչ: Միգուցե պատճառն այն է, որ Դուք արդեն երկար տարիներ մենա՞կ եք ապրում Երևանում և սովոր եք ամեն ինչ ինքնուրույն անել, կառավարել:
– Դա ևս թողել է իր հետքը: Երբ երկար տարիներ ամեն քայլիդ պատասխանատուն միայն և միայն դու ես, ակամայից բնավորության որոշակի գիծ է ձևավորվում:
– Երբ արձակուրդներին մեկնում եք ծնողների տուն, Ձեզ չի՞ նյարդայնացնում այն գերհոգնածությունը, Ձեզ շարունակ փոքրի պես վերաբերվելու՝ մայրիկի անհագ ցանկությունը:
– Ես միշտ էլ մայրիկիս բալիկն եմ լինելու, քանի տարեկան էլ որ լինեմ: «Գուլպաներ հագիր, բոբիկ ման մի արի» արտահայտությունը ես լսել եմ մանկությունից և լսում եմ մինչ օրս: Եվ դեռ ուզում եմ շատ երկար լսել: Ավելին, հիմա ինձ այդ ամենը սկսել է հաճույք պատճառել, քանի որ կարիքն ունեմ այդ հոգատարության: Շատ եմ կարոտում: Ունեմ նաև եղբայր, ով փոքր է ինձանից, և այդ առումով՝ խեղդվում է հոգատարության մեջ:
– Հարցազրույցներից մեկի ժամանակ մասնագիտությամբ ոչ լրագրող և ոչ էլ հեռուստահաղորդավարուհի մեկը Ձեզ գրեթե բաց տեքստով մեղադրեց, թե՝ ի՞նչ իրավունքով եք ստանձնել նաև հաղորդավարի գործը: Դուք բավականին դիվանագիտորեն դուրս եկաք այդ իրավիճակից: Թերևս ակնհայտ էր, որ կարող էիք տվյալ հաղորդավարուհուն իր իսկ հարցն ուղղել:
– Պարզապես ինձ համար ակնհայտ էր, որ նրանք միտումնավոր կերպով եթերում ձգտում էին կոնֆլիկտի, և ես ուղղակիորեն զրկեցի նրանց այդ հնարավորությունից: Ես կոնֆլիկտային մարդ չեմ:
– Իսկ առհասարակ Ձեզ հե՞շտ է նեղացնել:
– Շատ հեշտ: Ես կարող եմ նեղանալ միայն հայացքից անգամ, նույնիսկ ժամանակ չտալով ինձ՝ հասկանալու, որ այդ հայացքն ինձ չէր ուղղված:
Ահավոր զգայուն եմ, և այս կյանքում ոչինչ հենց այնպես իմ կողքով չի անցնում:
– Դուք զբաղվում եք Ձեր սիրելի գործով: Ունեք հաջողություններ այդ բնագավառում: Կարո՞ղ է արդյոք կնոջ համար դեր խաղալը, գովեստի խոսքեր և հանդիսատեսի ծափեր ստանալը լինել կյանքի նպատակ:
– Մի քանի օր առաջ ես մտածում էի, որ միգուցե կարիերիստ եմ, որ չեմ մտածում անձնականիս մասին: Իհարկե, ունենում եմ մենության զգացում և՝ շատ հաճախ:
– Եվ ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ խաբում:
– Հիմնականում՝ աշխատանքով: Տանը՝ կենցաղային մանր-մունր գործերով… Կարողանում եմ ինձ զբաղեցնել:
– Ձեզ համար կարևո՞ր է կնիքն անձնագրում՝ սիրելի տղամարդու հետ նույն տանիքի տակ համատեղ ապրելու համար:
– Երևի թե՝ ոչ: Կարևոր չէ:
– Իսկ ի՞նչն է Ձեզ խանգարում ունենալ անձնական կյանք, եթե ոչ՝ հանրային կարծիքը:
– Ես չեմ զլանում ասելու՝ իմ սիրտը զբաղվա՞ծ է, թե՞ոչ: Ինձ համար միևնույն է, թե ինչ կխոսեն: Եթե ես երջանիկ եմ՝ իմ դեմքից դա ակնհայտ երևում է: Դժվար թե գտնվի իմ տարիքի մի կին, ով կասի, թե չի մտածում անձնական կյանքի մասին: Երևի տարիքիցս է, որ դարձել եմ չափազանց բծախնդիր:
– Դուք անձամբ նշեցիք Ձեր տարիքի գործոնը: Սակայն, եթե ասեք, թե մինչ օրս չի եղել մեկը, ում հետ կցանկանայիք կապել Ձեր կյանքը, դժվար թե հավատամ:
– Իհա՛րկե եղել են այդպիսիք: Սակայն մասնագիտությունս մշտապես խոչընդոտ է հանդիսացել այդ հարցում: Ինձ շարունակ ընտրության առջև են դնում:
– Իսկ ապրել մեկի հետ, ով հետագա ողջ կյանքի ընթացքում «կքայքայի» Ձեզ՝ Դուք չեք պատրաստվում:
– Իհա՛րկե ոչ: Սխալ է անձնական կյանքը սկսել ինքնախաբեությամբ: Դա ոչ մի լավ բանի չի բերի: Ինչ ընտրություն էլ որ անում է մարդ, պետք է անկեղծ լինի ինքն իր հանդեպ՝ առաջին հերթին:
– Խոսենք «Ֆուլ Հաուսում» Ձեր մարմնավորած կերպարի մասին:
– Տիկին Թամարան, այսինքն՝ ես՝ «Ֆուլ Հաուսում», որևէ առնչություն ինձ հետ, բնականաբար, չունի: Սակայն պետք է ասեմ, որ ես նրա բնօրինակին շատ լավ եմ ճանաչում: Չեմ ուզում մանրամասնել, քանի որ կարող է տվյալ մարդը վիրավորվի: Ասեմ միայն, որ նրա նախատիպը կա իրականում: Մեծ հաճույքով եմ գնում նկարահանումների, անգամ չեմ հոգնում: Դա նաև նրանից է, որ մեր թիմն է շատ լավը:
– Ձեզ մոտ զուտ կանացի խանդ չի՞ առաջանում, թե ինչո՞ւ սերիալի մյուս դերասանուհիներն ուսանողուհիների դեր են կատարում, իսկ Դուք՝ ակնոցավոր, «տանը մնացած» տարիքով կնոջ: Իրականում Ձեր երեքի միջև տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
– Իմ յուրաքանչյուր դերին ես մոտենում եմ՝ միայն որպես կերպարի: Երբեք չեմ անձնավորում: Դրանք կերպարներ են, որոնք ինձ են վստահվել: Այլ բան է, որ հեռուստադիտողն այլ կերպ է ընկալում: Մի անգամ, երբ սերիալներից մեկում ոչ այդքան լավ կերպարի էի մարմնավորում, փողոցով անցնելիս՝ մի կին ինձ կանգնեցրեց, մի լավ հայհոյեց, նախատեց և շարունակեց իր ճանապարհը: Դա արդեն նրանից է, որ քեզ այլևս քո դերից դուրս չեն պատկերացնում:
– Հիշո՞ւմ եք, թե ինչպես ավարտվեց հեքիաթը, երբ պարզվեց, որ Ձմեռ պապն իրականում ընտանիքի անդամ է:
– Շատ լավ եմ հիշում, երբ այդ հրաշք աշխարհը փուլ եկավ մի ակնթարթում: Բայց զարմանալի է, որ այդքան մանրամասն եմ հիշում, քանի որ շատ փոքր էի: Մայրս սխալ թույլ տվեց՝ մի փոքր շուտ եկավ ննջասենյակ՝ կարծելով, թե քնած ենք ես ու եղբայրս: Ես էլ գիտեի, թե նա եկել է ստուգելու պարզապես՝ քնա՞ծ ենք, թե՞ ոչ: Եվ ձևացրեցի, թե քնել եմ՝ աչքերս ամուր փակելով: Մայրս ձեռքը մտցրեց դոշակի տակ, ինչ-որ բան ճռճռաց, և նա հեռացավ: Նրա սենյակից դուրս գալուն պես ավարտվեց նաև հեքիաթը, քանի որ ներքնակի տակ ես գտա նվերն ու ամբողջ գիշեր լաց եղա:
Բայց առավոտյան ոչինչ չասացի՝ ո՛չ մայրիկիս, ո՛չ էլ եղբորս՝ թողնելով, որ մի քանի տարի էլ հավատա հեքիաթին, որն ինձ համար ավարտվել էր այդ գիշեր: Իրականում այդքան էլ չեմ սիրում Նոր տարվա տոնը: Երբ նայում եմ մարդկանց տխուր և հոգսով դաջված դեմքերին, ակամայից հարց է առաջանում՝ ո՞ւմ համար են այս տոները: Ինձ առավել հոգեհարազատ են եկեղեցական տոները: Ամեն դեպքում՝ միշտ հավատում եմ հրաշքների: