2014 թվականի ամենաաղմկահարույց դատավարություններն ու քրեական գործերը. Մաս-2
Սկիզբը՝ այստեղ
2014թ. աչքի ընկավ մի շարք աղմկահարույց դատավարություններով ու քրեական գործերով:
Յուրիկ Վարդանյանի որդու գործը
2014թ. սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վրաստանում ՀՀ դեսպան, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը վճռել էր նաև Դավիթ Վարդանյանի նկատմամբ նշանակել արտահիվանդանոցային հարկադիր բուժում թմրամոլությունից: Ամբաստանյալը մեղավոր էր ճանաչվել մաքսանենգության և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեջ: Դավիթ Վարդանյանն անազատության մեջ էր 2013 թ. հոկտեմբերի 13-ից, սակայն օրերս նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:
Վարդան Պետրոսյանի գործը
2014թ. սկսվեց, սակայն չավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործը: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող՝ առնվազն 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից՝ ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Ավտովթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ և էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ, էմմա, Արթուր Մարտիրոսի Հակոբյանների առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս գործով դատական նիստերը գրեթե միշտ անցնում են լարված մթնոլորտում:
Հարություն Սարգսյանի գործը
2014թ. մարտի 12-ին Հարություն Սարգսյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց՝ Կարեն Եսայանի սպանության, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ սպանության պատճառը խանդն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն այդ նպատակով 2012թ. փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: 2012թ. մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը 2012թ. ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով՝ Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին»: Ինքը՝ Հարություն Սարգսյանը, սակայն, պնդում է, որ կատարվածի հետ որևէ կապ չունի, Մանյա Ղուկասյանին նույնիսկ չի ճանաչել: «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը Գյումրիի կրիմինալ աշխարհի զոհն է: Իմ որդին Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին՝ Կարեն Եսայանին, չի սպանել: Սա այն հատուկ դեպքն էր, որ ՀՀ արդարադատությունը կարող էր ցույց տալ, որ երկրում արդարություն կա: Իմ տղան քաղաքական ինտրիգների զոհ է, Գյումրու կրիմինալ աշխարհի զոհն է: Իմ տղայի ձեռքերն արյունոտ չեն, հանցագործը դրսում է և ման է գալիս, նրանք անպատժելի են՝ Վարդանը, Լիսկան, ո՞վ չգիտի, ով ենք մենք, ընդամենը՝ մրջյուն: Մարդասպանությունը մեր սֆերայից դուրս է. մեր պապերը, քեռիները մեզ արվեստ, արհեստ են սովորեցրել, իսկ նրանք լույս աշխարհ են գալիս՝ որպես կրիմինալի ներկայացուցիչներ՝ ավտոմատներով»,- հայտարարել է Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը:
Առաջին ատյանի դատարանի վճռով՝ Հ. Սարգսյանը դատապարտվել է 15 տարի ժամկետով ազատազրկման՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Գործն այժմ ՀՀ Վճռաբեկ դատարանում է:
Վոլոդյա Ավետիսյանի գործը
2014թ. հուլիսի 17-ին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման: Նրան «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել»:
Վերաքննիչ դատարանը մերժեց նրա պաշտպանի բողոքը, այժմ քրեական գործը վճռաբեկ դատարանում է:
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործը
Այս տարվա մայիսին դատարան ուղարկվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործը: Այժմ գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. միակ մեղադրյալն այս գործով Արտակ Բուդաղյանն է, ում եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, դեպքի օրը սպանվել էր: Քրեական գործում այժմ որպես տուժող ներգրավված է Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Արտակ Բուդաղյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:
Ինչպես հայտնի է, այս գործի նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել նաև Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև այժմ նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանին: Նրանց նկատմամբ, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ, ըստ նախաքննական մարմնի, հիմնավորվել էր, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»: Այժմ այս որոշումները վիճարկվում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Քննիչների դեմ հարուցված գործերը
2014թ. մեծ աղմուկ բարձրացրեցին նաև Քննչական կոմիտեի քննիչների դեմ հարուցված քրեական գործերը: Մասնավորապես գործ հարուցվեց Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի դեմ, Հատուկ քննչական ծառայությունը մեկ անգամ կարճեց այդ գործը, Դատախազությունը վերացրեց կարճման որոշումը, սակայն որոշ ժամանակ անց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ քրեական գործը կրկին կարճվեց: Շատերը կարծիք հայտնեցին, որ Քննչական կոմիտեի քննիչների դեմ հարուցված քրեական գործերը պայմանավորված են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ինչպես նաև Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հակասություններով: Հատուկ քննչական ծառայությունն օրերս հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ ծառայությունում գործ է քննվում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վերաբերյալ: