«2015-ին ԵՏՄ-ն հակասությունների պատճառով կմասնատվի, և, բարեբախտաբար, Հայաստանը կմնա այդ միության շրջանակներից դուրս». Անուշ Սեդրակյան

«Ինչպես արդեն տեսանք 2014 թվականի ընթացքում՝ իսկական գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացը պետք է անպայման ամրապնդվի տնտեսական ռեալ գործընթացով, որը կկարողանա այդ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին տնտեսական հենք լինել»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա՝ եթե պետությունը, որը հավակնում է գերտերություն լինելու, չունի կայուն տնտեսական հիմք, չունի տնտեսական հենարան, հետևանքը լինում է այն, ինչ որ եղավ ներկայիս արտարժույթի շուկայում.

«Դոլար-դրամ, ռուբլի-դոլար հարաբերակցությունը հարվածեց Ռուսաստանի տնտեսությանը և անմիջապես արձագանքեց Հայաստանի արժութային շուկայում»:

Ա. Սեդրակյանի խոսքով՝ 2014 թիվը կարելի է համարել քաղաքական բացահայտումների տարի՝ ոչ միայն գլոբալ աշխարհաքաղաքական դաշտում, այլև ներքին, տեղական դաշտում.

«Որովհետև ակնհայտ երևաց, թե մարդիկ ինչ գաղափարներ են կրում, ինչ գաղափարների են դավանում, և այդ գաղափարների մեջ ովքեր են իրական համակարգափոխիչ ընդդիմադիրները և ովքեր են առաջարկում ուղղակի քաղաքական գործընթացի իմիտացիա: Ես 2014-ը կորակեի՝ իբրև իմիտացիոն գործընթացներ բացահայտող տարի:

Այս տարին էլ դրանով հետաքրքիր էր և նշանակալից»:
Ա.Սեդրակյանը կարծում է՝ եթե սկսվել է իմիտացիաների բացահայտումը, ապա 2015-ին այդ գործընթացը վերջնականապես կամբողջանա. «Կոնկրետ այն երկրների համար, որտեղ պետականաշինությունն ուշացել է, ժամանակն է, որ պետության կառուցումը արագացված տեմպերով սկսի զարգանալ»:

Մեր հարցին՝ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակի՞ն նկատի ունեք՝ ասելով, որ բացահայտվեցին նաև մարդիկ, ովքեր առաջարկում են քաղաքական գործընթացի իմիտացիա, Ա. Սեդրակյանը պատասխանեց, որ ոչ միայն եռյակին նկատի ունի. «Բազմաթիվ ուժեր և վերլուծաբաններ փորձում էին մեզ ամեն կերպ ապացուցել, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) Հայաստանի ապագան է, փորձում էին մեզ ապացուցել, որ իշխանությունների վերարտադրությունը կամ իշխանությունների կցորդների վերարտադրությունը Հայաստանի ապագան է, բայց ցանկացած նորմալ պետության ապագան լիբերալ տնտեսությունն է, որից նաև բխում է ժողովրդավարական քաղաքականությունը: Դա քաղաքական այբուբենն է եվրոպական ուղու համար, իսկ մենք գտնվում են ոչ ասիական, այլ եվրոպական ռեգիոնում: Ես մի քիչ նախանձ եմ ապրում, երբ ուկրաինացիները համարում են, որ Ուկրաինան եվրոպական քաղաքակրթության շարունակությունն է, իսկ արդյոք Հայաստանը եվրոպական քաղաքակրթության շարունակությունը չէ՞. եթե եվրոպական քաղաքակրթության հիմքում քրիստոնեությունն է, ապա մենք առաջինն ենք, որ քրիստոնեությունն ընդունել ենք՝ որպես պետական կրոն, ուրեմն՝ հենց մենք էլ եվրոպական քաղաքակրթության մասնիկ ենք»:
Արդյոք Ա. Սեդրակյանը հավանակա՞ն է համարում 2015-ին Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալը: Նա պատասխանեց, որ կարծում է՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը Հայաստանի համար անշրջելի է մի պարզ պատճառով, որ Հայաստանը չունի ոչ քաղաքական կամք և ոչ տնտեսական ռեսուրս՝ ինքնուրույն քաղաքականություն տանելու.

«Բայց ԵՏՄ-ի բոլոր մյուս անդամները վերանայելու են իրենց դիրքը ԵՏՄ-ի մեջ, և ավտոմատ կերպով Հայաստանն էլ կկարողանա օգտվել այդ հնարավորությունից: Այսինքն՝ ԵՏՄ-ն հակասությունների պատճառով կմասնատվի, և, բարեբախտաբար, Հայաստանը կմնա այդ միության շրջանակներից դուրս»:

Հարցին՝ հայ ժողովրդին ի՞նչ կմաղթեք Նոր տարվա կապակցությամբ, Ա.Սեդրակյանն այսպես պատասխանեց.

«Ես չեմ ուզում ոչ մի բան մաղթել ո՛չ ազգին, ո՛չ էլ ժողովրդին: Այս անգամ ես ուզում եմ Հայաստանի ազատ և ինքնիշխան Հանրապետությանը մաղթել ինքնաբավ, տնտեսապես զարգացող արդար պետություն կառուցելու հնարավորություն, որովհետև միայն այդ դեպքում է երջանիկ ժողովուրդը, ազգը և անհատը, երբ դու ունես պետություն, որը քո թիկունքում է, որը պաշտպանում է քո շահերը»:

Իսկ բոլոր մարդկանց Ա. Սեդրակյանը մաղթում է՝ «Սիրեցե՛ք զմիմեանս»:

Տեսանյութեր

Լրահոս