Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչում. azatutyun.am
azatutyun.am-ը գրում է. Երկու գիշեր է կրակոցներ են հնչում սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զոհեր ու տուժածներ չկան:
«Հակառակորդը խախտում է, մենք էլ երբեմն պատասխանում ենք, երբեմն չենք պատասխանում։ Դժվար է ասել, շատերն են սա կապում տոների հետ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս պահին չեմ կարող որևէ բան ասել»,- փոխանցեց Հովհաննիսյանը։
Այգեպարում տները ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են, մանկապարտեզն ու դպրոցը՝ 700 մետր: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ սահմանային լարվածությունը ստիպել է մոռանալ ամանորյա տրամադրությունը:
«Երեկ իրիկուն էլ է եղել, էսօր գիշեր էլ, հուսով ենք, որ ցերեկը չի լինի։ Խոշոր տրամաչափի գնդացիրից են կրակում՝ ДШК-ից, շատ ուժեղ է դրա պայթյունը, ձայնը։ Հիմա երեխաներն էլ, բնակիչներն էլ իրենց տներից դուրս չեն գալիս, տան բակերում են, ճանապարհներին մարդիկ չկան։ Կարելի է ասել, նախատոնական տրամադրություն չունենք, ոնց որ մեզ մոտ Նոր տարին չի գալիս»,- ասաց գյուղապետը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: