«Ընդդիմության հիմնական խնդիրը ներկայիս կառավարության փոփոխություն թույլ չտալն է». Ստյոպա Սաֆարյան
«Ներքին քաղաքական կյանքի ակտիվացման ռիսկերը պահպանված են: ԵՏՄ-ին անդամակցելու առումով՝ ընդդիմության քայլերը հաշվարկված էին: Պատահական չէր, որ երկու նախկին նախագահները հարկ համարեցին անդրադառնալ դրան, և տեսանելի էր, որ նրանց թե՛ հարցազրույց տալու ժամանակը, թե՛ քաղաքական ուժերի ակտիվացման շրջանը բավականին հաշվարկված էին. նաև նրանց ուղերձը՝ եթե մենք լինենք, Հայաստանը հավատարիմ կին կլինի Ռուսաստանի համար և այլևս ձախ գնալու խնդիր չի ունենա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ ընդդիմության համար տարեվերջը հիասթափեցնող էր, որովհետև Ռուսաստանը «գետանցի պահերին ամենևին չի փոխի ձիերին», եթե չասենք, որ փոխելու խնդիր չի էլ դրել.
«Հետևաբար՝ ընդդիմությունը հիասթափվեց, երբ Ռուսաստանը հավուր պատշաճի չգնահատեց յուր ծառայությունները, հատկապես, երբ Հայաստանը շատ անաղմուկ մուտք գործեց ԵՏՄ, և դրա արդյունքում՝ Տեր- Պետրոսյանի ասած՝ մի քանի տասնյակ ջղաձգվողներ եղան»:
Ս. Սաֆարյանը նկատեց, որ տարեվերջը միանգամայն բավարար էր ցանկացած քաղաքական ուժի համար՝ ձեռնարկել բողոքի շատ լուրջ գործողություններ, եթե, իհարկե, նա ցանկանար և ունենար վստահության պաշար հասարակության մոտ.
«Բայց քանի որ Հայաստանի ընդդիմությունն ինքն իրեն դրել է միանգամայն այլ դաշտում, հիմնականում՝ ռուսական, բնականաբար, չէին կարող դեմ դուրս գալ և առաջնորդել բողոքի գործողություններ: Այս իրավիճակում, ընդդիմության հիմնական խնդիրը, որն իրենք հավանաբար կհերքեն, ներկայիս կառավարության փոփոխություն թույլ չտալն է:
Այսինքն՝ այն իրավիճակը, որը գնալով ավելի է վատթարանալու, թերևս, ավելի կբարդացնի իրավիճակը և ավելի կթուլացնելի կառավարության դիրքերը, բայց, հաշվի առնելով կառավարության և ոչ իշխանության կուսակցությունների կապը, կարելի է ենթադրել, որ այդ ակտիվությունն առավելապես միտված կլինի նրան, որպեսզի թույլ չտրվի կառավարության փոփոխություն: Այսինքն՝ ԲՀԿ-ի թիվ մեկ առաքելությունը լինելու է՝ ավելի շատ թույլ չտալ կառավարության փոփոխություն, քան որևէ այլ արտահերթ կամ արտաժամկետ գործողությունների համակարգում: Իսկ քանի որ ինքն է եռյակում թելադրողը և չունի շուտափույթ իշխանափոխության հրամայական, հետևաբար՝ կարճաժամկետ կտրվածքով նրա խնդիրներից մեկը դա է լինելու»:
Լրագրողների հարցին, թե հնարավոր չէ՞ հակառակը, որ օգտվեն իշխանության թուլացումից ու իշխանափոխություն անեն, նա պատասխանեց.
«Դասական առումով՝ Հայաստանում իշխանությունը միշտ թույլ է, բայց դա չի նշանակում, թե այդ թույլ իշխանությունը վերցնելը բավականին հեշտ է: Հետևաբար՝ չեմ կարծում, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը կդնեն այդպիսի խնդիր:
Հիմնական խնդիրն այս իրավիճակի պահպանումն է մինչև 2017թ.: Թերևս, ԲՀԿ-ն ուղղակի կարող է հաշվարկել, որ եթե մինչև 2017թ. պահպանվի այս վիճակը, ապա այս կառավարության առկայությունը և իշխանության շարունակական թուլացումը կարող են օգնել իրեն 2017-ին ավելի հեշտ հաղթել ընտրություններում իշխող կուսակցությանը: Այս առումով՝ կառավարության անփոփոխելիությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, չափազանց ցանկալի է մնում ԲՀԿ-ի համար: Ես կարծում եմ՝ այս կառավարությունը միջանկյալ կառավարություն է»: