«2015թ.-ին ևս կունենանք բավականին մեծ ռիսկեր՝ լարվածության առումով». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով 2014թ., ասաց, որ տարին ՀՀ-ի համար ռիսկաշատ և բավականին վտանգավոր անորոշությունների տարի էր.

«Դրանք բնորոշ էին ոչ միայն 2014-ին, այլ նաև 2015-ը մասամբ կբնութագրեն: Այս տարվա ընթացքում բավականին մոտ կանգնեցինք պատերազմին, և դրա շունչը զգացվեց, իսկ ներկայիս ժամանակաշրջանում հենց այնպես պատերազմներ չեն լինում: Դա նշանակում է՝ մի շարք պարամետրերով ուղղակի հայտնվել էինք անորոշությունների մեջ»:
Ըստ փորձագետի՝ առաջինը միջազգային հարաբերությունների անորոշությունն է Հայաստանի համար.

«Որքան էլ 2013-ի սեպտեմբերի 3-ին հայտարարվել էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին, և դրանից քիչ անց հաստատվել ճանապարհային քարտեզը, այնուամենայնիվ, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, այսպես ասած, դադար էր տրված:

Մյուս կողմից՝ 2014-ի առաջին կիսամյակի ընթացքում այդպես էլ չէին հստակեցվում Հայաստանի անդամակցության ժամկետները: Թերևս, սա մի գործոն էր, որն Ադրբեջանին ստիպում էր շտապել Ղարաբաղի հետ կապված իր արկածախնդրությունը կյանքի կոչելու համար, նաև Ռուսաստանին էր ձեռնտու, որ Հայաստանի հարաբերություններն այդպես առկախված մնան, որովհետև այդպիսի անորոշությունը նաև թույլ չէր տալիս Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների որոշակիացում»:

Իսկ երկրորդ անորոշությունը, ըստ նրա՝ կապված է Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ. «2014թ. առաջին կեսում Հայաստանի նախկին կառավարությունը փորձ էր անում արագացնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, բայց քանի որ դա այնքան էլ կախված չէր Հայաստանի իշխանությունների ցանկությունից, հետևաբար, խոստացված ռուսական ներդրումները չհոսեցին Հայաստանի տնտեսական շուկա:

Հայաստանի ներքաղաքական կյանքում կարևոր իրադարձություն դարձավ ապրիլի 3-ին տեղի ունեցած իշխանափոխությունը: Այն ուներ ներքին բաղադրիչ, որն իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունների ճշգրտմամբ էր պայմանավորված, բայց, այնուամենայնիվ, կարծես թե նախորդ կառավարությունը սպառել էր իր բոլոր հնարավորությունները, այդ թվում և՝ արտաքին հարաբերություններում, հետևաբար՝ ոչինչ չէր մնում անել, քան ավելի վաղ փոխել կառավարությունը, քան ընդդիմությունը կարող էր դա շահարկման առարկա դարձնել:

Որքան էլ տարեվերջին՝ հոկտեմբերի 10-ին, ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և նաև այն այժմ վավերացման վերջին փուլում է գտնվում, այդուհանդերձ, անորոշությունները Հայաստանի համար ոչ թե՝ վերացել, այլ տեղափոխվել են 2015թ., որովհետև տարվա երկրորդ կեսում էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը և նաև տարածաշրջանում կատարվողը թույլ են տալիս ասել, որ մենք 2015թ. ևս կունենանք բավականին մեծ ռիսկեր՝ լարվածության առումով» :

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ 2015թ. դեռևս ականատես կլինենք Ադրբեջանի կողմից նոր փորձերի՝ ապակայունացնելու այս վիճակը, հատկապես, եթե դրա հետ միաժամանակ՝ միջազգային հանրությունը փորձի նաև ակտիվացնել բանակցային գործընթացը. «Ադրբեջանի դիտանկյունից՝ Ղարաբաղն ու Հայաստանը հիմա առանձին հարթություններում են գտնվում, ինչը նրա կողմից հերթական սխալ հաշվարկների հիմք է ծառայում»:

 

Տեսանյութեր

Լրահոս