«2015 թվականին նախ պետք է կարողանանք ձերբազատվել եռյակի գոյությունից». Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է՝ այս վարչախմբի պարագայում տարվա ձեռքբերումների մասին խոսելն անիմաստ է, իսկ կորուստները բավականին շատ են:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, փաստորեն, շարունակվում է «քրեակրիմինալ օլիգարխիայի» իշխանությունը: Ըստ նրա՝ դա ավելի է խորացել, նոր որակներ դրական առումով չկան, բացի այն «թատերական ներկայացումից», որ մշտական ներկայացվում է՝ «կեղծիքով և ստով շաղախված»:
Պ.Մակեյանը կարծում է՝ Հայաստանում ընտրական համակարգը լրիվ ոչնչացված է, իսկ 2014 թվականին նախաձեռնվել է նաև վարչախմբի վերարտադրման գործընթացը, որն իրականացվում է 2 ուղղությամբ. «Նախ, եթե հնարավոր է՝ Սահմանադրությունը փոխելով, և երկրորդը՝ իրենց մարդուն անցկացնել նախագահ, որի ջատագովը Ռոբերտ Քոչարյանն է: Հիմա այդ պայքարում ո՞վ կհաղթի, ժամանակը ցույց կտա»:
Ըստ մեր զրուցակցի՝ ամենավտանգավորը, որ 2014 թվականին մենք ունեցանք, այս վարչախմբի կողմից ընդդիմադիր դաշտի լիակատար՝ 90%-ով վերահսկողությունն է. «Նախկինում եթե Գեղամյանով, Արթուր Բաղդասարյանով՝ մասամբ վերահսկում էին, հիմա իրենք ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակին վերահսկելով` հասել են 90 % վերահսկողության, որը կարող է մեծ հարված լինել մեր պետականությանը»:
Պ. Մակեյանի խոսքով՝ 2015 թվականից սպասելիք բարդ է ունենալ, բայց պետք է հավատքով մտնել 2015 թվական. «Առաջին հերթին՝ պետք է կարողանանք ձերբազատվել եռյակի գոյությունից, որովհետև եռյակն այս վարչախմբի գոյության հիմնական անվտանգության գործոնն է, որից հետո, բնականաբար, փորձենք պրոտեստ անել, լուծել վարչախմբի հարցը: Քանի դեռ վարչախումբը գոյություն ունի, առավել ևս հիմա՝ եռյակի պարագայում, մենք լուրջ սպասելիքներ, դժբախտաբար, չենք կարող ունենալ»:
Հարցին՝ 2015 թվականին իշխանափոխություն հնարավոր համարո՞ւմ եք, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց.
«Իշխանափոխության մի սցենար Քոչարյան-Սարգսյան սցենարն է, որ եթե տեսնեն՝ դրսից Ղարաբաղի հարցում լուրջ ճնշումներ, զարգացումներ լինեն, այդ դեպքում կարող է իրենք իշխանափոխություն անեն՝ բերելով Գագիկ Ծառուկյանին կամ իրենց այլ մարդու, որը, կարծում եմ, մեր պետականության ողնաշարը կկոտրի: Իսկ իրական իշխանափոխություն, որը պետք է պահանջի հասարակությունը և անկախ քաղաքական ուժերը, քաղաքական դեմքերը, հավանական է, բայց հավանականության տոկոսը փոքր է, քանի դեռ ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակը գոյություն ունի»:
Պ. Մակեյանը նկատեց, որ հայ ժողովուրդը համբերության անսահման հնարավորություն ունի. «Ես կուզենայի՝ այդ համբերության սահմանը մինիմալի հասնի, որ կարողանա իր իրավունքներին տեր կանգնի և այս գործող ռեժիմի զսպաշապիկը դառնա և նաև քաղաքական իրական ընդդիմությանը պարտադրի երկրում օրինական իշխանության վերականգնման գործընթաց»: