Բաժիններ՝

Ֆինանսների նախարարության պարզաբանումը՝ մամուլի հրապարակման վերաբերյալ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ilur.am կայքի հրապարակման վերաբերյալ

Ilur.am ինտերնետային կայքը դեկտեմբերի 24-ին «Հարկայինը սահմանամերձ Ճամբարակում կամայական գումարներ է պահանջում» վերնագրով նյութ է հրապարակել, որի առնչությամբ տեղեկացնում ենք, որ հոդվածում բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: Այսպես, Սևանի ՏՀՏ-ում հաշվառված անհատ ձեռնարկատեր Սողոմոն Երիցյանը իրականացնում է ոչ թե մթերային ապրանքների առևտուր, ինչպես նշված է հոդվածում, այլ Ճամբարակ քաղաքում գործող ամենամեծ առևտրային տարածքում (մոտ 400 ք.մ)` Լեոյի 4 հասցեում իրականացնում է կահույքի, կենցաղային տեխնիկայի, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների, հուշանվերների և ավտոպահեստամասերի մանրածախ առևտուր, ինչպես նաև Ճամբարակի Պարույր Սևակ փողոցում իրականացնում է դեղորայքի առևտուր: Վերոնշյալ գործունեությունների իրականացման համար անհատ ձեռնարկատերը ունի իր անունով հաշվառված 6 հսկիչ-դրամարկղային մեքենա։ 2014թ. 3 եռամսյակների համար հարկ վճարողը հայտարարագրել է ընդամենը 17,5 մլն դրամ շրջանառություն և ընդամենը 3 վարձու աշխատող, որոնցից յուրաքանչյուրի համար հայտարարագրել է նվազագույն ամսական աշխատավարձ՝ 73000 դրամ: Հավելենք նաև, որ անհատ ձեռնարկատերը չի կարող համարվել շահութահարկ վճարող‚ ինչպես նշված է հոդվածում:

Հիմք ընդունելով վերը նշված ցուցանիշները‚ անհատ ձեռնարկատերը հայտնվել է բարձր ռիսկային հարկ վճարողների ցանկում‚ որի մոտ 04.08.2014թ. արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, որից հետո հարկ վճարողին առաջարկվել է հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները: 2014թ.-ի 3-րդ եռամսյակում ԱՁ-ն ունեցել է հարկային բեռի նվազում:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ, ԱՁ Սողոմոն Երիցյանի մոտ 23.12.2014թ.-ից իրականացվում է ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն (չափագրում), որի նպատակն է եղել պարզել անհատ ձեռրակատիրոջ կողմից հայտարարագրվող իրացման շրջանառության իրական ծավալները և փաստացի իրացման գները: Նշենք‚ որ տվյալ ուսումնասիրության արդյունքում հարկ վճարողին լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվում։

Ինչ վերաբերում է Սևանի ՏՀՏ պետ Ե. Աբելյանին, ապա նա այդ օրերին չի եղել Ճամբարակ քաղաքում և Սողոմոն Երիցյանի հետ երբևիցե հանդիպում չի ունեցել:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս