Բաժիններ՝

Երևանում կայացել է հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը

Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:

Աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ վրացական կողմի համանախագահը` Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նիստից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին: Նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները:

Նիստի շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Աշխատանքային խմբի երկրորդ նիստին հայկական կողմից մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարությունների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Զարգացման հայկական գործակալության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարություններից, “Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր” ԲԸ, “Վրացական երկաթգիծ” ԲԸ և այլ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համանախագահները ճեպազրույց են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

– Հիմնականում այս աշխատանքային խմբի իմաստն այն է, որ գտնենք համագործակցության նոր ուղիներ, եղած ավանդական ուղիներին ավելացնենք նորերը` հիմնականում ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Հայաստանն օգտվի նրանից, որ Վրաստանը Եվրամիության հետ ունի Խորը և համապարփակ ազատ առևտրի ռեժիմ, իսկ վրացական կողմը օգտվի այն առավելություններից, որ Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է Կարեն Ճշմարիտյանը:

– Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ ունենք առևտրաշրջանառության աճի դրական միտումներ, և պետք է ձգտենք համատեղել ԵՄ-ի հետ մեր ասոցացումը և հայկական կողմի որոշումը` անդամակցել ԵՏՄ-ին, – ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Երկու նախարարները փաստել են, որ լուրջ խոչընդոտներ չկան հետագա տնտեսական համագործակցության զարգացման համար:

Հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վարչապետների միջև 2012թ. հունվարի 17-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը կայացել է 2014թ.-ի մարտի 21-ին` Թբիլիսիում:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 04.06.1996 թ.-ին և ուժի մեջ մտել 18.01.1999 թ.-ին:
Մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածը Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում Վրաստանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 22.2 հազ. ԱՄՆ դոլար, ուղղակի ներդրումները եղել են 22.2 հազ. ԱՄՆ դոլար:
Հայաստանի Հանրապետությունում 01.01.2014թ.-ի դրությամբ գրանցված է վրացական կապիտալի մասնակցությամբ 195 ձեռնարկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս