ՀԱԿ-ն առիթ չունի բոյկոտելու Ծառուկյանի խորհրդաժողովը
Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ 2015թ. հունվարի 20-ին ԲՀԿ նախագահի անձնական նախաձեռնությամբ խորհրդաժողով է հրավիրվելու, որի ընթացքում «Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը»:
Արդեն տեղեկություններ կան, որ խորհրդաժողովը կազմակերպվելու է Ծառուկյանի կողմից մի քանի օր առաջ բացված «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում՝ այդպիսով ընդգծելով իր ուժն ու կարողությունը: Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել միայնակ խորհրդաժողով անցկացնել, այն դեպքում, երբ գործում է ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունը:
Արդյոք միայնակ նման խորհրդաժողով հրավիրելով՝ Ծառուկյանը չի՞ փորձում լուծարել արդեն մեկ տարի գործող եռյակի ֆորմատը և ցույց տալ, որ իր համար այլևս ՀԱԿ-ի և, ենթադրենք, «Ազգային անվտանգություն» կուսակցության միջև տարբերություն չկա: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
– ՎՍԴՀԿ վարչության մի քանի անդամների հետ հանդիպել էիք ԲՀԿ նախագահի հետ, այդ հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է համաժողով հրավիրելու հարցը:
– Համաժողովի հրավիրման մասին իմացել եմ երեկվա մամուլի հրապարակումներից և մանրամասներին տեղյակ չեմ՝ հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվելու, ովքե՞ր են ներկա գտնվելու, ի՞նչ ֆորմատով է այն անցկացվելու: Բայց որքան հասկացա հայտարարությունից, համաժողովին մասնակցելու են այն քաղաքական ուժերը, որոնք համագործակցում են ԲՀԿ-ի հետ, այդ թվում և՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
– Ձեր խոսքից երևում է, որ խորհրդաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չեք ստացել:
– Ոչ, պաշտոնական հրավեր չի եղել, եթե այդպիսի հրավեր մեր կուսակցությանը լինի, ապա որպես ՎՍԴՀԿ ատենապետ՝ անպայման կընդունեմ հրավերը, որովհետև մենք ԲՀԿ-ի հետ համագործակցության հռչակագիր ենք ստորագրել, իսկ նման խորհրդաժողովների կազմակերպումը մտնում է համագործակցության ֆորմատի մեջ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Գագիկ Ծառուկյանը միայնակ է նման համաժողով կազմակերպում, այն դեպքում, երբ կա եռյակ, և կա եռյակի կողմից նախաձեռնված Համաժողովրդական շարժում:
– Ես տեղյակ չեմ, թե արդյոք խորհրդաժողով հրավիրելու հարցը քննարկվե՞լ է եռյակում կամ եռյակի լիդերների հետ, բայց կարծում եմ, որ եռյակի լիդերներից յուրաքանչյուրը կարող է նման խորհրդաժողով կամ այլ քաղաքական միջոցառում կազմակերպել: Չեմ կարծում, որ եթե վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը նման խորհրդաժողով հրավիրի, պետք է հարց հնչի, թե ինչո՞ւ է նա միայնակ նման քայլի գնում: Ուզում եմ ասել, որ եռյակից դուրս ևս յուրաքանչյուր կուսակցություն ազատ է ինքնուրույն քայլեր ձեռնարկել, և Ծառուկյանն այդ հարցում առաջինը չէ:
– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ միայնակ նման խորհրդաժողով հրավիրելով՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է Համաժողովրդական շարժման մեջ իր լիդերությունը, և ՀԱԿ-ն այդ նկատառումներից ելնելով՝ կարող է բոյկոտել խորհրդաժողովը:
– Նորից ասեմ, որ խորհրդարանական եռյակում բոլորը հավասար են, չնայած յուրաքանչյուրի ունեցած քաղաքական կշիռների տարբերությանը: Կարծում եմ, որ ՀԱԿ-ում տեղյակ են նման խորհրդաժողովի կազմակերպմանը, և նրանք՝ որպես ԲՀԿ-ի հետ համագործակցող կուսակցություն, առիթ չունեն դիմելու բոյկոտի: Ես մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ հրավերի պարագայում մենք անպայման կընդունենք այն:
– 2014թ. անընդհատ խոսվեց իշխանափոխության մասին, սակայն դրանք մնացին խոստումներ: Ի՞նչ եք կարծում, 2015թ. այդ խոստումներն իրականանալու ի՞նչ հնարավորություն ունեն:
– Մեր բոլոր ծրագրերը և քայլերն ուղղված են իշխանափոխությանը, և ավելի քան վստահ եմ, որ քաղաքական և հասարակական դաշտի ուժերի համախմբումն ի վերջո բերելու է այդ նպատակի իրականացմանը:
– Խոսքն ընդհանրապես իշխանափոխության մասին չէ, այլ կոնկրետ 2015թ.:
– Ես հույս ունեմ, որ Հայաստանը 2016թ. կհասնի նոր իշխանություններով: