Բաժիններ՝

Պետական միջոցներով կառուցվող օբյեկտները պետք է էներգախնայող լինեն

Հայաստանում պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում այսուհետ պարտադիր կլինի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառումը: Այս պահանջը վերաբերում է կրթության, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտների նախագծման, փորձաքննության և շինարարության աշխատանքների պետական գնումների կազմակերպման գործընթացներին:

ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի գնահատականով՝ շենք-շինություններում էներգախնայողության ներուժը կազմում է 40 %: Ու թեև ոլորտը կարգավորող նորմատիվատեխնիկական գործող փաստաթղթերով սահմանված են շենք-շինություններում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման պահանջները, այնուամենայնիվ, կառուցվող շինություններում դրանք հիմնականում չեն իրականացվում: Եվ ահա գործադիրը որոշել է մի նոր որոշում ընդունել և պետական միջոցներով կառուցվող շինությունների համար պարտադիր դարձնել էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառումը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցն առաջիկա հինգշաբթի՝ դեկտեմբերի 25-ին, կներկայացնի գործընկերներին:

Որոշման նախագծում նշվում է, որ վերջին տարիներին էներգախնայողությանն ուղղված իրականացված փորձնական ծրագրերի արդյունքներով կարելի է փաստել, որ նոր կառուցվող օբյեկտների շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքները նվազել են, իսկ վերակառուցվող, նորոգվող օբյեկտներում  նախահաշվային արժեքների ավելացումը կազմել է ընդամենը 5-10 %, և կատարված հավելյալ ծախսերի հետգնման ժամկետը՝ ըստ հաշվարկների, կազմում է 7-8 տարի` հասցնելով էներգախնայողության ցուցանիշը 45-60 %-ի, դրա հետ մեկտեղ՝  էականորեն նվազել են վերը նշված օբյեկտների շահագործման տարեկան ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս