Նախարարը քաղաքացիներին խորհուրդ տվեց խախտումների դեպքում զանգահարել թեժ գիծ

Հաջորդ տարի հաշմանդամության սահմանման հետ կապված նոր չափորոշիչներ կլինեն: Ինչպես այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այդտեղ բավականին մեծ է սուբյեկտիվիզմը, համակարգը բազմաշերտ է, կա մեկ միասնական մոդել, որը հենվում է կարիքի գնահատման վրա և հաջորդ տարի այդ չափորոշիչների հիման վրա կտրվի հաշմանդամության կարգը:

Ըստ նրա՝ առաջին բուժօգնության աշխատողները մասնակցում են որոշման կայացման պրոցեսին ու պաշտպանում քաղաքացու շահերը, քանի որ բժշկական էպիկրիզները կարևոր են հաշմանդամության կարգ որոշելիս. «Ես կբացառեի մինչև վերջ սուբյեկտիվ մոտեցումները բացառելը»: Նախարարի խոսքով՝ բժիշկ փորձագետների աշխատանքը կարող է ոչ միանշանակ մեկնաբանվել:

Դիտարկմանը, որ «Փարոս» համակարգում գրանցված մնալու համար, հատկապես մարզերում, աշխատակիցները քաղաքացիներից 2 ամսվա գումար են պահում, Ա.Ասատրյանը պատասխանեց, որ նման դեպքերում ճիշտը իրավապահ մարմիններին դիմելն է: Նա նշեց, որ հաճախ նման հարցեր հնչում են, բայց որևէ կոնկրետ օրինակ չի ներկայացվում, որը ճիշտ չէ:

«Քաղաքացին ինքն էլ պետք է պայքարի իր իրավունքների համար: Պետական մարմիններին շատ դժվար է, նման խոսակցություններ լսելով, պայքարել, հսկել, թե որ տեսուչն ինչ է անում,- ասաց նախարարն ու կարևորեց համակարգերի ներդրումը,- Այդ երևույթների վերջնական լուծման համար միանշանակ է, որ պետք է ներդրվեն համակարգեր: Բայց չենք կարող սոցիալական աշխատողի միջամտությունը մինչև վերջ բացառել: Շատ կարևոր է քաղաքացու իրազեկվածության աստիճանը, եթե բավարար իրազեկվածություն ունի, ոչ ոք չի կարող նրան ճնշել: 114 թեժ գծի գործարկումը բավականին խնդիր է լուծել այս առումով: Ես տեղյակ եմ, որ քաղաքացին զանգում է, հետո անջատում է, հետո զանգում ու ասում է՝ շնորհակալություն, հարցնում են ինչու, ասում է՝ միայն ձեր անունը լսելով խնդիրը լուծվել է»:

Նախարարը դիմեց քաղաքացիներին՝ զանգեք 114 թեժ գիծ:

Տեսանյութեր

Լրահոս